Քիշնևում խափանել են Ֆաթիհ Աքինի «Սպի» ֆիլմի ցուցադրությունը

Քիշնևում խափանել են Ֆաթիհ Աքինի «Սպի» ֆիլմի ցուցադրությունը

PanARMENIAN.Net - Մոլդովայի հայ համայնքի նախագահ, քաղաքագետ Էռնեստ Վարդանյանը հայտնել է, որ Քիշնևում խափանվել է Հայոց ցեղասպանության մասին պատմող ֆիլմի ցուցադրությունը, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

Մոլդովայում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառումներ են ընթանում: Քիշնևում կազմակերպվել են խորհրդաժողովներ, սգո հանրահավաքներ:

«Հիշատակի միջոցառումների շրջանակում ապրիլի 23-ի երեկոյան Քիշնևի կինոթատրոններից մեկում մենք մտադիր էինք ցուցադրել թուրք ռեժիսոր Ֆաթիհ Աքինի «Սպի» ֆիլմը Հայոց ցեղասպանության թեմայով: Սակայն վերջին պահին ֆիլմի ցուցադրությունը ձախողվեց: Մեզ կտրուկ հայտարարեցին, որ «չեն կարող թույլ տալ ֆիլմի ցուցադրությունը», կարգադրությունը կառավարական շրջանակներից էր եղել»,-ասել է Վարդանյանը:

Նա նշել է, որ ֆիլմի ցուցադրությանը հրավիրվել էին մոլդովացի հայտնի գործիչներ, լրագրողներ, քաղաքական գործիչներ ու քաղաքացիական ակտիվիստներ, տարբեր երկրների դեսպաններ:

«Ակնհայտ է, որ կինոցուցադրության խափանումը դիվանագիտական սկանդալի պատճառ կդառնա Մոլդովայում: Դեսպանները հեռացան վրդովված: Հայաստանի ԱԳՆ-ն արդեն իրազեկվել է այդ մասին»,-ասել է Վարդանյանը: Մոլդովայի հայ համայնքի ղեկավարը հայտնել է, որ ապրիլի 24-ին տեղի կունենա սգո հանրահավաք Քիշնևի հայկական եկեղեցում:

«Սպի» ֆիլմը պատմում է Ցեղասպանությունից մազապուրծ եղած հայազգի Նազարեթ Մանուկյանի մասին: Ցեղասպանությունից տարիներ անց նա պատահաբար իմանում է, որ իր զույգ աղջիկները, հնարավոր է, նույնպես փրկվել են, և սկսում նրանց որոնումները՝ հասնելով մինչև Հյուսիսային Դակոտա: Ֆիլմի տևողությունը 138 րոպե է, այն անգլալեզու է, սցենարի հեղինակներն են ռեժիսորն ու Մարտիկ Մարտինը: Ֆիլմում նկարահանվել են Արսինե Խանջյանը, Սիմոն Աբգարյանը, Ակին Ղազին և այլոք:

Ֆաթիհ Աքինը գերմանաբնակ թուրք ռեժիսոր է, սցենարիստ, պրոդյուսեր և դերասան: Ծնվել է 1973 թ. օգոստոսի 25-ին Համբուրգում: Նրա ծնողներն արտագաղթել են Թուրքիայից: Առաջին ֆիլմը նա ներկայացրել է 1998 թ.՝ «Արագ և անցավ», որի համար արժանացել է Լոկարնոյի փառատոնի «Բրոնզե ընձառյուծ» պարգևին և « Pierrot» մրցանակին Մյունխենում, որպես լավագույն երիտասարդ ռեժիսոր:

Աքինի չորրորդ ֆիլմը լիամետրաժ «Գլխով պատին» ֆիլմն է, որն արժանացել է Բեռլինի կինոփառատոնի «Ոսեկ արջ» մրցանակին:

2005-ին Աքինը եղել է Կաննի կինոփառատոնի ժյուրիի անդամ, 2007-ին մասնակցել է փառատոնին «Դրախտի ծայրին» ֆիլմով և ստացել է մրցանակ լավագույն սցենարի համար: 2009-ի սեպտեմբերին Վենետիկի կինոփառատոնում նա ներկայացրեց «Հոգեբանական խոհանոց» ֆիլմը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---