Ռումինիայի նախագահ. Հայերի ողբերգության հիշատակումը պարտադիր է աշխարհի համար

Ռումինիայի նախագահ. Հայերի ողբերգության հիշատակումը պարտադիր է աշխարհի համար

PanARMENIAN.Net - Ապրիլի 24-ին «հայերի պատմական ողբերգության 100-րդ տարելիցի հիշատակման կապակցությամբ» Ռումինիայի նախագահ Կլաուս Յոհաննիսն առաջին անգամ ուղերձ է հղել հայերին:

«Հայ ժողովրդի ողբերգության ճանաչումը կարևոր և անհրաժեշտ ազդակ է ատելությունը, անհանդուրժողականությունը, ռասիզմը և այլատյացությունը արմատախիլ անելու համար,- ասել է նախագահ Կլաուս Յոհաննիսը,-1915թ. ողբերգական իրադարձություներից մեկ դար անց իմ խոնարհ հարգանքն եմ բերում հայ ժողովրդի զոհերին, ովքեր անցյալ դարի սկզբից տասնամյակներով դիմադրել են պատմական աղետներին և դժվար փորձություններին: Հարյուր հազարավոր անմեղ հոգիներ զոհվեցին այդ սարսափելի հանցագործության ժամանակ, որը ստվերում է մարդկությունը և որը մեզ ստիպում է այսօր ճանաչման և հաշտեցման», հայտնում է Tert.am-ը:

Ըստ նախագահի՝ հայ ժողովրդի վերապրած ողբերգության հիշատակումը և իրազեկումը պարտադիր քայլ է աշխարհի համար, որպեսզի դասեր քաղվի անցյալից:

«100 տարի առաջ տեղի ունեցած ողբերգության պատմական ծավալի ճանաչումը կարևոր և անհրաժեշտ ազդակ է՝ ատելությունը, անհանդուրժողականությունը, ռասիզմը և այլատյացությունը արմատախիլ անելու համար: Զոհերի հանդեպ հարգանքը ստիպում է մեզ մեր մտքերն ուղղել բոլոր անհետացածներին և լուռ աղոթել նրանց համար: Թող որ զոհերի հիշատակը հավերժ մնա մեր սրտերում», նշում է նախագահ Յոհաննիսն իր ուղերձում: Նույն օրը, ապրիլի 24-ին, Հայոց ցեղասպանության 100-ամյակի կապակցությամբ հայտարարություն է տարածել նաև Ռումինիայի պատգամավորների պալատի մարդու իրավունքների հանձնաժողովը:

«Ապրիլի 24-ին լրանում է 1915թ. Թուրքիայի արևելքում հայերի դեմ կոտորածի 100-ամյակը, որը պատճառեց 1 մլն 200 հազար մարդկային զոհեր: Մարդկության դեմ այդ հանցագործությունը չպիտի մոռացվի, ինչպես ասում է Ֆրանցիսկոս պապը, որովհետև այն «20-րդ դարի առաջին ցեղասպանությունն է, և նախորդել է նացիստների և Ստալինի կողմից իրագործված այլ ցեղասպանություններին», ասվում է հայտարարության մեջ:

«Պատճառը, որ ամեն տարի պետք է ոգեկոչենք այս արգահատելի արարքը, հենց այն է, որ «Չարի թաքցնումը կամ ժխտումը վերք է, որ շարունակում է արնահոսել, եթե չես վիրակապում», ինչպես հայտարարում է Հռոմի պապը ապրիլի 12-ին:

Թեև Թուրքիան մինչև այժմ չի ճանաչել ցեղասպանությունը, թուրքական կառավարության անդամները Թալեաթ փաշայի գլխավորությամբ այդ ժամանակ գաղտնիորեն գործի են գցել հայերի ոչնչացման ծրագիրը: Ապրիլի 15-ին Եվրոպական Խորհրդարանը եվրոպական բոլոր մեծ կուսակցությունների աջակցությամբ ընդունեց ոգեկոչման վերաբերյալ որոշում, որը կոչ է անում Թուրքիային Հայոց ցեղասպանությունը ճանաչելու միջոցով Հայաստանի հետ հաշտության ուղի բացել: Առաջին անգամ Եվրոպական Խորհրդարանի որոշման միջոցով 1915-1917 թթ. Օսմանյան կայսրության հայերի դեմ տեղի ունեցած ողբերգական իրադարձությունները բնորոշվում են որպես ցեղասպանություն։

Գտնում ենք, որ ինչպես որ Ռումինիայում հիշատակվում է Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում հրեաների և գնչուների հոլոքոստը, եկել է ժամանակը Ռումինիայում նշելու նաև հայերի դեմ ցեղասպանությունը, ներառյալ օրենսդրական նախաձեռնության ձևով ապրիլի 24-ը «Մարդկության դեմ ցեղասպանության հիշողության օր հայտարարելու միջոցով»,-առաջարկում է Ռումինիայի պատգամավորների պալատի մարդու իրավունքների հանձնաժողովը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---