ԱՄՆ պետդեպի ներկայացուցիչը՝ Հայոց ցեղասպանության վերաբերյալ հարցերի տարափի տակ

ԱՄՆ պետդեպի ներկայացուցիչը՝ Հայոց ցեղասպանության վերաբերյալ հարցերի տարափի տակ

PanARMENIAN.Net - ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակի պաշտոնակատար Մարի Հարֆին հերթական ճեպազրույցի ընթացքում Հայոց ցեղասպանության և նախագահ Բարաք Օբամայի հայտարարության վերաբերյալ բազմաթիվ հարցեր են տվել։

Հարցերին պատասխանելով՝ Հարֆը հիմնականում կրկնել է այն պաշտոնական տեսակետը, որն ԱՄՆ պետդեպն ու Սպիտակ տունը ներկայացրել էին նախորդ շաբաթվա ընթացքում, տեղեկանում ենք Պետդեպի կայքից, հայտնում է Tert.am-ը։

«Նախագահը շատ ուժեղ հայտարարություն արեց՝ խոսելով տեղի ունեցած պատմական դեպքերի մասին։ Համոզված եմ, որ կարդացել եք։ Մենք հասկանում ենք, որ որոշ մարդիկ ցանկանում էին այլ բան լսել։ Բայց մենք համոզված ենք, որ սա է ճիշտ ուղղությունը, և դուք պետք է կարդաք նախագահի հայտարարությունը՝ տեսնելու համար, թե նա որքան լրջորեն է մոտենում պատմական այդ դեպքերին»,- ասել է նա։

Լրագրողները Պետդեպի ներկայացուցչին հիշեցրել են, որ Օբաման 2008 թվականի նախընտրական քարոզարշավի ժամանակ խոստացել էր ճանաչել Ցեղասպանությունը, սակայն այս անգամ ևս նա չի օգտագործել «ցեղասպանություն» եզրույթը։

«Կարծում եք՝ ԱՄՆ ազգային շահերի՞ց է բխում Հայոց ցեղասպանության ժխտումը», «Դուք վախենո՞ւմ եք Թուրքիայից», հարցրել են Հարֆին։ Այդ հարցերին պաշտոնյան խուսափոխական պատասխան է տվել։

ԱՄՆ-ի պետդեպի խոսնակի պաշտոնակատար Մարի Հարֆը լրագրողների հետ ապրիլի 23-ի ճեպազրույցի շրջանակում արդեն անդրադարձել էր Հայոց ցեղասպանության հարցում ԱՄՆ-ի դիրքորոշմանն ու թեմային առնչվող այլ հարցերի:

Հայտնի է, որ նախագահի թեկնածու եղած ժամանակ Բարաք Օբաման խոստացել է, որ ընտրվելու դեպքում կճանաչի 1915թ. Հայոց ցեղասպանությունը: Իր խոստումը կատարելու համար նրան մնացել է 1 տարի, բայց ինչո՞ւ այս տարի` Ցեղասպանության 100-րդ տարելիցին, նա հերթական անգամ դրժեց խոստումը»,- հարց է հղել լրագրողը: Ի պատասխան Հարֆն ասել է. «Մենք վստահ ենք, որ նախորդ տարիների ու այս տարվա մեր դիրքորոշումը ճիշտ է, քանի որ այն ճանաչում է անցյալն ու թույլ տալիս համագործակցել տարածաշրջանային գործընկերների հետ` ապագայում մարդկանց ոչնչացումից խուսափելու համար: Մեր կարծիքով՝ սա անչափ կարևոր է: Նախագահը պարբարաբար հայտնել է իր տեսակետը 1915թ. դեպքերի վերաբերյալ: Մենք գիտենք, որ կան մարդիկ, ովքեր այս տարի այլ բան են ցանկանում լսել»: Այս պատասխանից հետո լրագրողը նկատել է, որ «այս տարի այլ բան լսել ցանկացողներին լռեցնում են նրանք, ովքեր փոփոխության կողմնակից չեն, այսինքն՝ Թուրքիան»:

Լրագրողը փորձել է Հարֆից պարզել, թե արդյոք Օբաման 1915թ. դեպքերն ընդունում է որպես ցեղասպանություն: Սակայն խոսնակն անորոշ, ոչինչ չասող պատասխան է տվել: Երբ լրագրողը փորձել է Պետդեպի ներկայացուցչից ճշտել, թե ինչու ԱՄՆ-ի նախագահը չի իրագործում նախընտրական քարոզարշավի ժամանակ ամերիկահայ համայնքին տված խոստումը, Հարֆը տվել է հերթական անորոշ պատասխանը:

Որպես սենատոր և նախագահի թեկնածու` Բարաք Օբաման ցեղասպանության ճանաչման ջատագովն էր, խոստացել էր, որ նախագահ ընտրվելու դեպքում կճանաչի ցեղասպանությունը և նույնիսկ ասել էր, որ ԱՄՆ-ն «արժանի է այնպիսի առաջնորդի, ով ճշմարտությունը կասի Հայոց ցեղասպանության մասին»: Նախագահ ընտրվելուց հետո նա դրժեց իր խոստումը, որի համար քննադատության ենթարկվեց համայն հայության ու մասնավորապես ԱՄՆ հայ համայնքի կողմից: Իր նախագահության ընթացքում նա ամեն տարի ապրիլի 24-ին հանդես է գալիս ուղերձով և ամեն անգամ դիվանագիտորեն շրջանցում է ցեղասպանություն եզրույթը՝ սահմանափակվելով հայերեն Մեծ եղեռն արտահայտությամբ:

Ավելին՝ 2013-ի մայիսին Օբամայի վարչակազմը դիմել էր գերագուն դատարան՝ խնդրելով չքննել 9-րդ շրջանի բողոքարկիչ դատարանի Կալիֆորնիայի օրենքում կատարված փոփոխությունները չեղյալ հայտարարելու մասին 2012-ի որոշումը, որով նախատեսվում էր երկարացնել հայցերի ներկայացման ժամկետը Ցեղասպանության տարիներին կյանքի ապահովագրության փոխհատուցումների վճարումների վերաբերյալ:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---