Հայաստանը՝ Շվեդիայի աստղագիտական համաժողովում

Հայաստանը՝ Շվեդիայի աստղագիտական համաժողովում

PanARMENIAN.Net - Շվեդիայի Մարստրանդ քաղաքի Կարլսբերգ ամրոցում հունիսի 1-5-ը տեղի է ունեցել «Բազմաթիվ գույների գալակտիկաներ․ աստղառաջացումը տիեզերական ժամանակի ընթացքում» (Galaxies of Many Colours: Star Formation across Cosmic Time) թեմայով աստղագիտական համաժողովը, որին մասնակցել են ԱՄՆ, Գերմանիայի, Իտալիայի, Իսպանիայի, Իրանի, Կանադայի, Հայաստանի, Ճապոնիայի, Մեծ Բրիտանիայի, Նիդերլանդների, Շվեդիայի, Չիլիի, Տայվանի, Ֆինլանդիայի և Ֆրանսիայի 55 գիտնականներ:

Մասնակիցների թվում են եղել այնպիսի ճանաչված գիտնականներ, ինչպիսիք են Դեյվիդ Սանդերսը, Նիք Սքովիլը, Մաթ Լեներտը, Սյուզան Աալտոն, Ջեյ Գալախերը, Ջին Թերները, Լեսլի Հանթը և այլք։ Կոնֆերանսին լսվել և քննարկվել են բազմաթիվ զեկուցումներ՝ բաժանված մի շարք նստաշրջանների` «Ակտիվ գալակտիկաների սնուցումը և շրջապատի հետ հետադարձ կապը», «Ակտիվ միջուկների և աստղառաջացման կապը», «Միջաստղային միջավայրի հատկությունները առանձին աստղառաջացման տիրույթներում», «Միջաստղային միջավայրի հատկությունները գալակտիկաների սանդղակներում», «Աստղառաջացումը ցածր մետաղականության միջավայրում», «Աստղառաջացումը փոխազդող գալակտիկաներում» և «Աստղառաջացումը դարավոր էվոլյուցիա ապրող գալակտիկաներում»:

Հայաստանից կոնֆերանսին մասնակցել է Բյուրականի աստղադիտարանի առաջատար գիտաշխատող, Հայկական աստղագիտական ընկերության համանախագահ Արեգ Միքայելյանը։ Նա զեկուցում ներկայացրել է «Ենթակարմիր դիտումներից ընտրված Բյուրական-IRAS գալակտիկաների աստղառաջացման տեմպերը» թեմայով։

Կոնֆերանսը հատկապես կարևոր է աստղագիտության մեջ ներկայումս իրականացվող խոշորածավալ նախագծերի և մեծ տվյալների ստացման դարաշրջանում գալակտիկաների էվոլյուցիայի և աստղառաջացման սցենարները վերագնահատելու համատեքստում։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---