ՀԷՑ-ն ընդդեմ «Նաիրիտ»-ի. Գործարանը սնանկ ճանաչելու գործով նիստը հետաձգվել է 2 հուլիսի 2015 - 11:52 AMT PanARMENIAN.Net - «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունն ապրիլի 7-ին դիմել է Երևանի Շենգավիթ վարչական դատարան՝ պահանջելով սնանկ ճանաչել «Նաիրիտ գործարան» ՓԲ ընկերությանը, սակայն արդեն մի քանի անգամ շարունակվող դատական նիստերի արդյունքում ոչինչ չի որոշվել: Հուլիսի 1-ին դատարանը որոշել է հետաձգել նիստը մինչև սեպտեմբեր, գրում է Panorama.am-ը: «Նաիրիտ»-ը ՀԷՑ-ին պարտք է 1,2 մլրդ դրամ: «Այժմ բանակցություններ են ընթանում ՀԷՑ-ի հետ և իմ կարծիքով, պետք է որ լավ լինի, մանավանդ, որ կառավարությունը ևս շահագրգռված է, որ գործարանը վերագործարկվի: Ես համոզված եմ, որ թեկուզ 1% շանս լինելու դեպքում կառավարությունն ամեն ինչ կանի, որ գործարանը վերագործարկվի», - ասել է գործարանի իրավաբան Արմեն Աբովյանը: ՀԷՑ-ի կողմից «Նաիրիտ»-ի սնանկացման դեմ սա արդեն երկրորդ հայցն է` նախորդ անգամ գործարանը կատարել է իր պարտավորությունները: Այս դեպքում էլ, «Նաիրիտ»-ում հույս ունեն, որ գործարանը կկատարի իր պարտավորությունը և սնանկ չի ճանաչվի: Համաշխարհային բանկի երևանյան գրասենյակի աշխատակազմը հունիսի 24-ին ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն է ներկայացրել «Նաիրիտ»-ի հետագա շահագործման, տեխնիկական և ֆինանսական կենսունակության վերաբերյալ վերջնական հաշվետվությունը և խորհուրդ տվել լուծարել գործարանը։ Ըստ ՀԲ-ն՝ «Նաիրիտը» շարունակում է վատնել կառավարության ռեսուրսները: ՀԲ-ին դիմել էր ՀՀ կառավարությունը՝ գործարանի կենսունակությունը գնահատելու խնդրանքով: Ուսումնասիրությունն իրականացրել են «Ջեյքոբս Քընսալթենսի» ընկերության փորձագետները, դրանք ամփոփել է Համաշխարհային բանկը: Ըստ հաշվետվության, գործարանի պարտավորությունները գերազանցում են 121 մլրդ ՀՀ դրամը ($250 մլն), որի մեջ է մտնում ԱՊՀ Միջպետական բանկի չմարված, պետական երաշխիքով ապահովված վարկը: Այդ ժամանակահատվածում ընկերությունը որևէ եկամուտ չի ստացել և աշխատավարձերի վճարման ու պահպանության ծախսերի կատարման համար ապավինել է Երևանի ՋԷԿ-ի փոխառություններին: Երևանի ՋԷԿ-ին ընդհանուր պարտքը կազմում է 23 մլրդ ՀՀ դրամ ($48 մլն): Ըստ փորձագետների, եթե այս վիճակին լուծում չտրվի, ապա «Նաիրիտը» կշարունակի ծանր բեռ մնալ էլեկտրաէներգետիկայի պետական ընկերությունների վրա` տարեկան մոտ 2-3 մլրդ ՀՀ դրամի չափով ($4-6 մլն) աշխատավարձերի վճարման և գործարանի պահպանության համար: Հաշվետվությունում նաև նշվում է, որ «Նաիրիտ»-ի մատակարարումների գնահատվող ինքնարժեքը գերազանցում է պոլիքլորոպրենային կաուչուկի (ՊՔԿ) կանխատեսվող շուկայական գինը, ինչը գործարանը դարձնում է ոչ մրցունակ: Ընկերության հետագա շահագործման նպատակահարմարությունը, ֆինանսական ու տեխնիկական համապարփակ փաստարկված գնահատումը ՀՀ կառավարության համար հիմք կհանդիսանան քննարկման, ինչպես նաև որոշում կայացնելու համար: Հունիսի 17-ի նիստում ՀԾԿՀ-ն մասնակի բավարարել էր էլէներգիայի սակագնի բարձրացման վերաբերյալ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության հայտը՝ սակագինն օգոստոսի 1-ից կբարձրանա ոչ թե 17, այլ 6,93 դրամով: ՀԾԿՀ դիմելով՝ ՀԷՑ-ը առաջարկում էր 1 կՎտժ սակագինն ավելացնել մոտ 17 դրամով: «Ոչ թալանին» քաղնախաձեռնության անդամները հունիսի 19-ից նստացույց են անցկացնում Երևանի կենտրոնում Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ: ՀԷՑ-ին են պատկանում 36.000 կմ երկարությամբ ցանցը` երկրի գրեթե ամբողջ ցանցային տնտեսությունը: Այն 2014 թ. 157.3 միլիարդ դրամի շահույթ է ունեցել, իսկ վնասները կազմել են 10.7 միլիարդ դրամ Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | ՄԻՊ աշխատակազմը մայիսի 9-ին արտակարգ ռեժիմով է աշխատելու Նշվել է, որ անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության ծառայողների կողմից անհամաչափ ուժի գործադրումը Ադրբեջանի մեջլիսում մտահոգ են այդ երկրի պաշտոնյաների դեմ ԱՄՆ հնարավոր պատժամիջոցների հեռանկարով Օրուջն ասել է, թե կարելի է «Փաշինյանին հրավիրել Բաքու, բայց փակել մուտքը երկիր պատժամիջոցների կողմնակիցների համար» ԱԳՆ․ ՀՀ-ն չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը Ուշակովն ավելի վաղ ասել էր, որ Հայաստանը պատրաստվում է ձեռնպահ մնալ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից Բագրատ սրբազան․ ԽՍՀՄ ժամանակ էլ ճնշումներ եղան՝ եկեղեցուն ոչինչ չեղավ, բայց Սովետը չկա ու չի էլ լինելու Նա ասել է, որ Ամենայն Հայոց կաթողիկոսն օրհնել է շարժումը ոչ թե՝ առաջնորդել |