Մոտ $150 մլն՝ «Հին Երևան» ծրագրի իրականացմանը

Մոտ $150 մլն՝ «Հին Երևան» ծրագրի իրականացմանը

PanARMENIAN.Net - Շվեյցարահայ բարերար Վարդան Սրմաքեշի ֆինանսավորմամբ «Հին Երևան» ծրագրի իրականացման նպատակով ներդրվելու է մոտ $150 մլն: Այս մասին ասել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը՝ հուլիսի 27-ին շվեյցարահայ գործարար, «Ֆրանկ Մյուլլեր» ընկերության նախագահին ընդունելու ժամանակ:

Սրմաքեշն ընդգծել է, որ ՀՀ կառավարության նախանշած առաջնայնություններն ու գերակայություններն իր համար համոզիչ են: Շվեյցարահայ գործարարի խոսքով՝ պատրաստ է տարբեր ծրագրերի միջոցով նպաստել Հայաստանի ու ԼՂՀ զարգացմանը, նոր աշխատատեղերի ստեղծմանը և տնտեսության ակտիվության ապահովմանը:

Երևանի քաղաքապետարանի առաջարկությամբ Կառավարությունը 2013-ի օգոստոսի 29-ին գերակա հանրային շահ էր ճանաչվել Գլխավոր պողոտայի, Աբովյան, Բուզանդի, Եզնիկ Կողբացու և Արամի փողոցներով պարփակված տարածքը: Ըստ քաղաքապետարանի, դա հնարավորություն կտա ավարտին հասցնելու քաղաքաշինական ծրագիրը, որով մասնավոր ներդրումների հաշվին Երևանի կենտրոնից կվերանա կիսախարխուլ, հիմնականում վթարային բնակելի ֆոնդն ու Գլխավոր պողոտայի` Բուզանդի, Կողբացու և Արամի փողոցներով սահմանափակվող տարածքում հնարավոր կլինի վերականգնել «Հին Երևան» պատմաճարտարապետական միջավայրը:

Աբրահամյանը բարձր է գնահատել Սրմաքեշի ներդրումը Հայաստանի տնտեսության զարգացման գործում և նշել, որ նրա կողմից իրականացվող բոլոր ծրագրերը նպաստում են ՀՀ տնտեսության զարգացմանն ու նոր աշխատատեղերի ստեղծմանը: Վարչապետը կարևորել է նաև գործարարի ներդրումային ծրագրերն Արցախում: Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են Հայաստանում և ԼՂՀ-ում նախատեսվող ներդրումային ծրագրերին առնչվող մի շարք հարցեր:

«Հին Երևան»-ի շինարարական աշխատանքները կսկսվեն 2015-ին:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---