Դիվերսիոն ներթափանցման փորձ. Հայկական կողմը կորուստներ չունի

Դիվերսիոն ներթափանցման փորձ. Հայկական կողմը կորուստներ չունի

PanARMENIAN.Net - Օգոստոսի 28-ին ժամը 01.40-ի սահմաններում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի արևելյան ուղղությամբ հակառակորդը ձեռնարկել է հետախուզադիվերսիոն ներթափանցման հերթական փորձ:

ՊԲ առաջապահ ստորաբաժանումները ժամանակին հավաստանշել են ադրբեջանական զինուժի 20-25 հոգուց բաղկացած հատուկ ջոկատայինների առաջխաղացումը և կորուստներ պատճառելով` հետ շպրտել իրենց ելման դիրքերը: Ծավալված մարտերի ընթացքում հայկական կողմը կորուստներ չի ունեցել:

Բացի հետախուզադիվերսիոն գործողությունից, հակառակորդը` օգոստոսի 27-ի լույս 28-ի գիշերը տարբեր տրամաչափի հրաձգային և հրետանային զինատեսակներից հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 110 անգամ, որի ընթացքում արձակել է 2000-ից ավելի կրակոց, այդ թվում` 35 կրակոց` 60, 82 և 120 մմ-ոց ականանետերից: ՊԲ առաջապահ ստորաբաժանումների պատասխան գործողություններից հետո հակառակորդի ակտիվությունը ճնշվել է: Առաջնային գծի ողջ երկարությամբ հայկական ուժերը շարունակում են վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը, հայտնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը:

Օգոստոսի 24-ի լույս 25-ի գիշերը և օրվա ընթացքում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը շարունակել է տարբեր տրամաչափի հրետանային և հրաձգային զենքերից խախտել հրադադարի պահպանման ռեժիմը: Բացի 60, 82 և 120 մմ-ոց ականանետերից (մոտ 110 արկ) ադրբեջանական կողմը արևելյան ուղղությամբ կիրառել է նաև թուրքական արտադրության TP-107 տիպի ռեակտիվ հրթիռահրետանային կայանք:

Հանգստյան օրերին ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրետանային (60, 82 և 120 մմ-ոց ականանետեր) և հրաձգային զինատեսակներից շարունակել է ինտենսիվորեն խախտելհրադադարի պահպանման ռեժիմը: Ադրբեջանական կողմի ակտիվությունը ճնշելու նպատակով ՊԲ առաջապահ ստորաբաժանումները դիմել են պատասխան գործողությունների: Ըստ հավաստի աղբյուրների, տեղի ունեցած փոխհրաձգությունների արդյունքում հակառակորդը տվել է առնվազն 4 զոհ և 15-ից ավելի վիրավորներ, հայտնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը:

Ադրբեջանի ՊՆ-ն հայտարարություն էր տարածել իբր հայկական կողմը 5 զոհ ունի և 8 վիրավոր, իսկ ադրբեջանական կողմը՝ միայն 3 վիրավոր:

ԼՂՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալԴավիթ Բաբայանը հայտնել է, որ տեղի ունեցած փոխհրաձգությունների արդյունքում հայկական կողմը զոհեր չունի՝ ապատեղեկատվություն որակելով ադրբեջանական կողմի հայտարարությունները:

Օգոստոսի 13-ի նիստում պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը՝, ներկայացնելով առկա իրավիճակը, հայտարարեց. «Հայ-ադրբեջանական սահմանին և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը վերահսկելի է, սակայն հակառակորդը փորձում է լարվածություն ստեղծել, չնայած հայկական զինված ուժերը հարևանների մոտ Եվրոպական խաղերի անցկացման ժամանակ ապահովել են հրադադարը՝ դեռ ավելին, ցուցաբերել զսպվածություն»: Նախարարի խոսքով՝ լարվածությունը Եվրոպական խաղերից հետո մեկ բարձրանում, մեկ իջնում է:

«Մեր հարևանները փորձում են քաղաքական կամ տնտեսական դիվիդենտներ քաղել: Հրադադարը խախտվում է նաև հրաձգային զենքերից, ականանետներից: Վերջին օրերին հակառակորդը ձեռնարկել է նաև մի քանի դիվերսիոն հետախուզական փորձ, որոնք մեր կողմից կանխվել են», - ասել է Օհանյանը՝ հավելելով, որ ի պատասխան հայկական կողմի հայտարարությանը, որ պետք է երկխոսության և շփման գծում վստահության մեխանիզմների ձևավորման միջոցով պահպանել հրադադարը, հակառակորդը պատասխանում է լարվածության սրացմամբ:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---