Վենետիկի հանձնաժողովը գոհ է Սահմանադրության նոր նախագծից. Միջազգային չափորոշիչներն առկա են

Վենետիկի հանձնաժողովը գոհ է Սահմանադրության նոր նախագծից. Միջազգային չափորոշիչներն առկա են

PanARMENIAN.Net - Վենետիկի հանձնաժողովը սեպտեմբերի 11-ին հրապարակել է Հայաստանում սահմանադրական փոփոխությունների նախագծի վերաբերյալ երկրորդ միջանկյալ կարծիքը: 16 էջից բաղկացած փաստաթղթում Հանձնաժողովի փորձագետները շարադրել են իրենց փորձաքննության արդյունքները սահմանադրական փոփոխությունների նախագծի 8, 9, 11 և 16-րդ գլուխների վերաբերյալ:

Նշված գլուխները վերաբերում են Դատախազությանը և քննչական մարմիններին, Տեղական ինքնակառավարման մարմիններին, Կենտրոնական ընտրական հանձնաժողովին և Սահմանադրության ընդունմանը, փոփոխմանը և հանրաքվեին: Մյուս գլուխների վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովը կարծիք ներկայացրել էր հուլիիսին:

«Հայաստանի սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովի կողմից կատարված աշխատանքը բարձրորակ է և աջակցության ու ողջույնի է արժանի: Վենետիկի հանձնաժողովի հետ անկեղծ երկխոսության ու բեղմնավոր փոխանակման մթնոլորտը նախկինի պես շարունակվել է և հնարավորություն է ընձեռել Սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովին՝ մշակել մի տեքստ, որն այժմ համապատասխանում է միջազգային չափորոշիչներին», - նշվում է Հանձնաժողովի հրապարակված փաստաթղթում:

Ընդգծվում է նաև, որ առաջին միջանկյալ կարծիքում ներառված էին հիմնական չորս առաջարկություններ, որոնք բոլորն էլ ամբողջությամբ կամ մասնակիորեն հաշվի են առնվել, գրում է Panorama.am-ը:

Այդ առաջարկություններից մեկը վերաբերում էր Ազգային ժողովի թեկնածուին ներկայացվող պահանջներին, մասնավորապես՝ նստակյացության ցենզին: Նախնական տարբերակում նախագծի 47-րդ հոդվածով սահմանվում էր, որ պատգամավորի թեկնածու կարող են վերջին 5 տարում երկրում մշտապես բնակվող և միայն ՀՀ քաղաքացի հանդիսացող անձիք: Ըստ Վենետիկի հանձնաժողովի՝ սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովն այս առաջարկությունը մասամբ ընդունել է՝ մշտական բնակության 5 տարին դարձնելով 4, ինչն ըստ միջազգային փորձագետների «առաջընթաց է»:

Միաժամանակ նշվում է, որ նույն պահանջի երկրորդ բաղադրիչը, այն է՝ երկքաղաքացիների նկատմամբ սահմանվող սահմանափակումը մնացել է անփոփոխ:

Նախորդ կարծիքում Վենետիկի հանձնաժողովն առաջարկել էր վերանայել նաև ԱԺ ընտրությունների երկրորդ փուլի ինստիտուտը սահմանադրությամբ ամրագրելու մոտեցումը: Սեպտեմբերի 11-ի հրապարակված փաստաթղթում Հանձնաժողովը նշում է, որ «89-րդ հոդվածն այլևս չի սահմանում, որ երկրորդ փուլ պետք է անցկացվի, այլ նշում է, որ կարող է անցկացվել»:

Բացի այդ, ըստ հանձնաժողովի նախագծի 201-րդ հոդվածից, որով կարգավորվում են հանրաքվեյով փոփոխության ենթակա հոդվածների ցանկը, նշված՝ 89-րդ հոդվածն հանվել է:

«Այս կապակցությամբ Միջանկյալ կարծիքում եղած առաջարկությունն այսպիսով հաշվի է առնվել, ինչը բարձր գնահատականի է արժանի»,- նշել են Հանձնաժողովի անդամները:

Հուլիսին հրապարակված կարծիքում նրանք առաջարկել էին երկրորդ փուլի կանոնակարգումը չվերապահել սահմանադրությանը, ինչը հնարավորություն կտա այն վերանայելու ավելի ճկուն մեխանիզմ կիրառել: Փաստորեն, ի կատարումն Վենետիկի հանձնաժողովի առաջարկության, փոփոխությունների նախագծի 89-րդ հոդվածից ոչ միայն հանվել է երկրորդ փուլ անցակցնելու պարտադրանքը, այլև որոշվել է հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգային ժողովի կազմը և ընտրության կարգը», հանել հանրաքվեոյվ կարգավորվող ինստիտուտների ցանկից:

Հաջորդ առաջարկությունը, որ վերաբերում էր Ազգային ժողովում նոր խմբակցություններ ստեղծելու արգելքին, ըստ հանձնաժողովի ևս հաշվի է առնվել: Ըստ փաստաթղթի՝ արգելքը վերացվել է, «չնայած որ նոր խմբակցությունների ձևավորման հնարավորությունը սահմանափակ է»: Այդուամենայնիվ այս որոշումը ևս Վենետիկի հանձնաժողովում գնահատել են առաջընթաց:

Հանձնաժողովը դրական է գնահատել նաև Վճռաբեկ դատարանի նախագահի ընտրության հարցում Ազգային ժողովին վերապահված դերը, ինչպես նաև Վճռաբեկ դատարանի դատավորների ընտրության կարգը, ըստ որի՝ դատավորները պաշտոնի են նշանակվում ԱԺ ձայների 3/5-րդով: Նշված կարգը սահմանվում է նախագծի 164-րդ հոդվածով:

Ինչ վերաբերում է Վենետիկի հանձնաժողովի կողմից մյուս գլուխների փորձաքննությանը, ապա փաստաթղթում նշվում է, որ «այս երկրորդ միջանկյալ կարծիքը որոշակի լրացուցիչ առաջարկություններ է ներառում» և հանձնաժողովը հույս է հայտնվում, որ «սահմանադրական փոփխությունների հանձնաժողովը և Ազգային ժողովը դրանք հաշվի կառնեն»:

Ամփոփելով կարծիքը՝ Վենետիկի հանձնաժողովի փորձագետները մեկ անգամ ևս ընդգծել են Հայաստանի քաղաքական բոլոր ուժերի և քաղաքացիական հասարակության հետ բաց և շարունակական երկխոսության կարևորությունը, որպեսզի այս սահմանադրական փոփոխություններն ընդունվեն խորհրդարանի կողմից, իսկ հետո նաև հանրաքվեով, ինչը ևս մեկ կարևոր քայլ կհանդիսանա դեպի ժողովրդավարություն Հայաստանի անցման համար:

Վենետիկի հանձնաժողովը հուլիսի 31-ին հրապարակել է իր նախնական դիտարկումները Հայաստանում սահմանադրության փոփոխությունների նախագծի վերաբերյալ: Հանձնաժողովն իր 29 էջանոց նախնական գնահատականում առաջարկվում էր հանել քվեարկելու և Ազգային ժողովի թեկնածու լինելու մասին սահմանափակումները: Բացի այդ, առաջարկվում էր չեղարկել ամենաշատ ձայները ստացած կուսակցությունների կամ կուսակցությունների դաշինքների միջև ընտրությունների երկրորդ փուլ անցկացնելու մասին դրույթը: Խոսքը Սահմանադրության նախագծի 89/4 հոդվածի մասին է:

ՀՀ նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը օգոստոսի 20-ի ամփոփիչ նիստում հաստատել է Սահմանադրությունում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը՝ կից հիմնավորումներով, և այն ներկայացնել ՀՀ նախագահին: Նախագահը օգոստոսի 21-ին նախագիծը ՀՀ Ազգային ժողով է ուղարկել:

Հրապարակված Սահամանդրության նախագծի 5-րդ գլուխը վերաբերում է Հանրապետության նախագահին: Ըստ դրա, Սահմանադրական փոփոխությունների ընդունման դեպքում նախագահն ընտրվում է 7 տարի ժամկետով (գործող Սահմանադրությամբ 5 տարով է): Նույն անձը նախագահ կարող է ընտրվել միայն մեկ անգամ (ներկայիս երկու անգամվա փոխարեն): Նախագահին ընտրում է ընտրիչների ժողովը, որի կազմում Ազգային ժողովի պատգամավորներ են և նրանց թվին հավասար տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներից: Սահմանադրության 4-րդ գլուխը վերաբերում է Ազգային ժողովին: Ըստ փոփոխված տարբերակի՝ ԱԺ կազմված է լինելու առնվազն 101 պատգամավորից (գործող Սահմանադրությամբ 131 է): Ազգային ժողովում Ընտրական օրենսգրքով սահմանված կարգով տեղեր են հատկացվելու ազգային փոքրամասնություններին: Խորհրդարանն ընտրվում է համամասնական ընտրակարգով 5 տարի ժամկետով: (գործող Սահմանադրությամբ ընտրակարգերը երկուսն էին՝ համամասնական ու մեծամասնական): Ազգային ժողովի ընտրություններին մասնակցող կուսակցությունները և կուսակցությունների դաշինքները պարտավոր են ներկայացնել վարչապետի թեկնածություն և կառավարության ծրագրի հիմնադրույթներ:

Սահմանադրական փոփոխությունները ենթադրում են անցում նախագահականից խորհրդարանական կառավարման:

 Ուշագրավ
Մշակվում է Հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախգիծը
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
---