Ընտրությունների նախաշեմին Ադրբեջանից արտաքսվել են Amnesty International-ի աշխատակիցները

Ընտրությունների նախաշեմին Ադրբեջանից արտաքսվել են Amnesty International-ի աշխատակիցները

PanARMENIAN.Net - Ադրբեջանում կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախաշեմին խոսքի ազատությունը կայուն և խիստ հարձակման է ենթարկվում: Այս մասին հայտարարել է Amnesty International իրավապաշտպան կազմակերպությունն այն բանից հետո, երբ իր անձնակազմի երկու աշխատակից արտաքսվել է Ադրբեջանից։

Բաքու ժամանելուց հետո ադրբեջանական միգրացիոն ծառայության պաշտոնյաները առգրավել են Amnesty International-ի՝ ծագումով վրացի աշխատակիցների անձնագրերը։ Նրանք մի քանի ժամ անց արտաքսվել են երկրից։ Միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը իշխանություններին նախապես տեղեկացրել էր այցի վերաբերյալ, սակայն որևէ պատասխան չէր ստացել, գրում է Panorama.am-ը:

«Ժողովրդին պարզապես որևէ հնարավորություն չի ընձեռնվում նշանակալի մասնակցություն ունենալ ընտրություններում, քանի դեռ Ադրբեջանում շարունակվում են ճնշումները մարդու իրավունքների ոլորտում և լռեցվում են Ադրբեջանի մի քանի անկախ ձայները,- նշել է Amnesty International-ի՝ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով տնօրեն Ջոն Դալհուզենը:

Նա հավելել է, որ խորհրդարանական ընտրություններից առաջ Ադրբեջանի իշխանությունները մութ գաղտնիքներ են փորձում քողարկել արտաքին աշխարհից և որ իրենց անձնակազմի արտաքսումը միայն համալրում է այն լրագրողների ու իրավապաշտպանների տխուր շարքը, որոնք դարձել են հարձակումների թիրախ, ձերբակալվել են և բանտարկվել զուտ իրենց գործունեության համար։ «Կառավարության դեմ հնչեցված ցանկացած քննադատության և այլախոհության ճնշմանն ուղղված ռեպրեսիվ արշավը անթույլատրելի է», - ասել է Դալհուզենը:

Amnesty International-ը հիշեցնում է, որ այս տարվա հունիսին՝ Եվրոպական խաղերի նախաշեմին նախատեսված այցելությունից մեկ օր առաջ կազմակերպության անձնակազմին արգելվել էր մուտք գործել Ադրբեջան։ Մյուս տարի Բաքուն հյուրընկալելու է Formula 1 մրցաշարը, ինչպես նաև 2020թ Եվրոպական ֆուտբոլային առաջնության չորս խաղեր։

«Անցյալ ամիս ԵԱՀԿ-ն չեղյալ է հայտարարել նոյեմբերի 1-ին կայանալիք ընտրությունները դիտարկելու իր ծրագրերն այն բանից հետո, երբ ադրբեջանական իշխանությունները չափից շատ սահմանափակումներ են կիրառել կազմակերպության առաքելության նկատմամբ։ Դա լինելու է նավթով հարուստ Ադրբեջանի՝ 1991-ին անկախության հռչակումից հետո առաջին ընտրությունը, որը չի դիտարկվելու ԵԱՀԿ կողմից։ Երկրում մարդու իրավունքների իրադրության վատթարացման մասին է վկայում նաև Եվրոպայում մարդու իրավունքների ոլորտում հիմնական մարմնի՝ Եվրոպայի խորհրդի՝ Ադրբեջանում մարդու իրավունքների վերաբերյալ աշխատանքային խմբից դուրս գալու որոշումը։ Խմբի նպատակն էր վերականգնել իշխանությունների և քաղաքացիական հասարակության միջև երկխոսությունը,- նկատում է Amnesty International-ը:

ԵԱՀԿ խորհրդարանական վեղաժողովը դիտորդներ չի ուղարկելու նոյեմբերի 1-ին Ադրբեջանում կայանալիք խորհրդարանական ընտրություններին: Այս որոշումն ընդունել է ԵԱՀԿ ԽՎ նախագահ Իլկա Կաներվան:

Կաներվան նման որոշում է կայացրել, քանի որ Ադրբեջանի իշխանությունների կողմից սահմանված սահմանափակումների պատճառով ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակը (ԺՀՄԻԳ) ընտրություններին նույնպես դիտորդներ չի ուղարկում:

«Ադրբեջանի կառավարությունը սահմանափակումներ է մտցրել մեր ԵԱՀԿ ավանդական գործընկերոջ՝ ԺՀՄԻԳ-ի աշխատանքներում: Որպես արդյունք՝ ԺՀՄԻԳ-ը ստիպված է եղել չեղարկել դիտորդական այցելությունն Ադրբեջան: Ես կարծում եմ՝ ճիշտ կլինի, եթե այս պայմաններում մենք նույնպես չմասնակցենք Ադրբեջանի ընտրություններին», - ասել է նա:

Որոշումը սեպտեմբերի 23-ին հաստատել է ԵԱՀԿ ԽՎ գլխավոր քարտուղար Սպենսեր Օլիվերը:

Եվրախորհրդարանը սեպտեմբերի 10-ի նիստում Ադրբեջանում լրագրողների ու ակտիվիստների հիմնարար ազատությունների ու իրավունքների խախտումները դատապարտող բանաձև է ընդունել: Բանաձևի տեքստում հիշատակվում է մարդու իրավունքների աղետալի վիճակն Ադրբեջանում, նշվում է քաղաքացիական հասարակության, լրատվամիջոցների ներկայացուցիչների նկատմամբ գործադրվող ճնշումների մասին։

Եվրախորհրդարանի փաստաթուղթը կոչ է անում Ադրբեջանի իշխանություններին կատարել Եվրոպայի խորհրդի, ԵԱՀԿ-ի, ՄԱԿ-ի առաջ ստանձնած պարտավորությունները մարդու իրավունքների ոլորտում, կատարել այդ կազմակերպությունների խորհուրդները՝ իրավիճակի բարելավման համար, ավելի ժողովրդավար նախընտրական միջավայր ստեղծել։

Բազմաթիվ միջազգային կառույցների կողմից Ադրբեջանը վերջին տարիներին արժանացել է պարբերաբար կրկնվող քննադատությանը ավելի քան 100 լրագրողի, մարդու իրավունքների պաշտպանների, ընդդիմության անդամների և ժողովրդավարության համար պայքարող երիտասարդ ակտիվիստների վրա հարձակումներ կատարելու, ձերբակալելու, բանտարկելու և կտտանքների ենթարկելու համար:

Կարդացեք նաև՝ Freedom House. Դիտորդների առջև դրված պայմաններն ադրբեջանցիների ձայները գողանալու վտանգի մասին են վկայում

Politico. Բաքվի բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ պետք է պատժամիջոցներ կիրառել

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---