ՀԱՊԿ-ը հայտարարում է միասնականության անհրաժեշտության մասին՝ ահաբեկչության դեմ պայքարում

ՀԱՊԿ-ը հայտարարում է միասնականության անհրաժեշտության մասին՝ ահաբեկչության դեմ պայքարում

PanARMENIAN.Net - Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Գլխավոր քարտուղար Նիկոյալ Բորդյուժան հանդես է եկել հայտարարությամբ՝ կապված նոյեմբերի 13-ի երեկոյան Փարիզում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունների հետ:

Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում նոյեմբերի 13-ի երեկոյան 7 ահաբեկչական հարձակում է իրականացվել։ Ըստ վերջին տվյալների, «Բատակլան» թատրոնում, «Ստադ դե Ֆրանս» ստադիոնի մոտակայքում ու Փարիզի ևս 5 այլ կետում միաժամանակյա հարձակումների ընթացքում զոհվել է 127 մարդ։ Ֆրանսիայի մայրաքաղաքի երկնքում ուղղաթիռներ են պտտվում, երկրում նախագահի հրամանով ատրակարգ դրություն է հայտարարված:

Վաղ առավոտից Երևանում Ֆրանսիայի դեսպանատան մոտ մարդիկ ծաղիկներ են դնում` հարգելով Փարիզում տեղի ունեցած ահաբեկչությունների զոհերի հիշատակը:

«Փարիզում տեղի ունեցած Ֆրանսիայի պատմության մեջ բացառիկ այս ահաբեկչական գործողությունները կրկին անգամ վերահաստատում են համերաշխության և միասնականության, ամբողջ միջազգային հանրության ջանքերի մեկտեղման անհրաժեշտությունը՝ պայքարելու միջազգային ահաբեկչության դեմ»,- ասված է Բորդյուժայի տարածած հայտարարության մեջ, Ռիա Նովոստիին հղումով գրում է Panorama.am-ը:

Նշվում է, որ ՀԱՊԿ Գլխավոր քարտուղարը ցավակցություն է հայտնել Ֆրանսիայի նախագահին և ֆրանսիացի ժողովրդին:

«Կտրականապես դատապարտելով ահաբեկչության ցանկացած դրսևորում, մենք կարծում ենք, որ իրականացված անմարդկային ահաբեկչական գործողությունները և դրանց հաջորդած ու մամուլում հրապարակված այն տեղեկությունները, որ դրանց համար պատասխանատվությունը ստանձնել է այսպես կոչված Իսլամական պետությունը, ամենայն հավանականության մեկ նպատակ են հետապնդում. ցույց տալ ամբողջ աշխարհին, որ այդ ահաբեկչական խմբավորումը շարունակում է իր գոյությունը՝ չնայած այն հանգամանքին, որ ամբողջովին մերժված է քաղաքակիրթ աշխարհի կողմից և ամեն օր ծանր կորուստներ է կրում Սիրայում և Իրաքում», - նշել է Բորդյուժան:

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտարարել է, որ Փարիզում ահաբեկչությունների համար պատասխանատու է «Իսլամական պետությունը»: Մինչդեռ Ֆրանսիայի պատմության մեջ խոշորագույն ահաբեկչական հարձակումից հետո ԻՊ-ն տեսանյութ է հրապարակել Ֆրանսիային հասցեագրված սպառնալիքներով: Գրոհայինները հայտարարել են, որ պատրաստ են շարունակել գրոհները, հայտնում է ՌԲԿ-ն:

«Իսլամական պետությունը» սպառնում է Փարիզից հետո գրավել Հռոմն ու Անդալուսիան, քանդել Սպիտակ տունն ու Բիգ Բենը:

«Խաչակիրներ, եթե դուք երազում եք Մոսուլի, Սինջարի, Ալ Հուլեմի, Ալ Հավիջի մասին…եթե դուք երազում եք Մայադինի, Քարմայի, Թել Աբիադի,…կամ Նիգերիայի մի կտոր ջունգլիների, իսկ Սինայում խրճիթի մասին, ապա մենք, Ալլահի թույլտվությամբ, ցանկանում ենք Փարիզը, և դա մինչ Հռոմն ու Անդալուսիան… Դա այն բանից հետո, երբ մենք կկառավարենք ձեր կյանքը, երբ կքանդենք Սպիտակ տունը, Բիգ Բենն ու Էյֆելյան աշտարակը»,-գրել են ահաբեկիչները:

Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդին՝ այս գիշեր Փարիզում տեղի ունեցած ահաբեկչությունների կապակցությամբ:

«Խորապես ցնցված եմ այս գիշեր Փարիզում տեղի ունեցած՝ իր մասշտաբներով աննախադեպ ահաբեկչությունների լուրից: Խստագույնս դատապարտում եմ այդ զարհուրելի գործողությունները, որոնք բազմաթիվ անմեղ կյանքեր խլեցին: Վերջին տարիներին աշխարհի տարբեր երկրներում այսօրինակ անմարդկային բնույթի բռնությունների աճը լուրջ մտահոգության տեղիք է տալիս: Վստահ եմ, որ քաղաքակիրթ հանրության յուրաքանչյուր անդամ կմիանա բոլորիս պատուհասած այս չարիքի դեմ պայքարին: Մենք չենք կարող թույլ տալ, որ բռնությունը, ծայրահեղականությունը և անհանդուրժողականությունը գերիշխեն: Մենք պարտավոր ենք համատեղ ջանքերով բացահայտել և արմատախիլ անել այն բոլոր գործոնները, որոնք ծայրահեղականության նման սարսափազդու դրսևորումների պատճառ են դառնում: Այս դժվարին պահին Հայաստանը Ֆրանսիայի կողքին է և պատաստ է ամենայն աջակցություն ցուցաբերել:

Խորին ցավակցություն եմ հայտնում Ձեզ, մեծարգո պարոն նախագահ, Ֆրանսիայի բարեկամ ժողովրդին և զոհվածների հարազատներին՝ մաղթելով համբերություն, ուժ ու կորով, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում: Ֆրանսիացի ժողովրդի հետ են մեր աղոթքները, սրտերն ու հոգիները»,- ասված է ՀՀ նախագահի ցավակցական հեռագրում:

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը ցավակցական հեռագիր է հղել Ֆրանսիայի Հանրապետության վարչապետ Մանյուել Վալսին, որում մասնավորապես ասված է.

«Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից խորին ցավակցություն եմ հայտնում Փարիզում տեղի ունեցած ողբերգական դեպքերի առիթով, որոնք բազմաթիվ անմեղ կյանքեր խլեցին: Խստորեն դատապարտում ենք ահաբեկչությունն իր բոլոր դրսևորումներով և վերահաստատում մեր հանձնառությունը՝ հետևողականորեն շարունակելու պայքարը միջազգային ահաբեկչության դեմ: Այժմ առավել քան երբևէ ուժերը համախմբելու և միասնական ջանքերով ահաբեկչությունը վերջնականապես արմատախիլ անելու անհրաժեշտություն կա: Վշտի ու կորստի այս ծանր պահին Հայաստանը և հայ ժողովուրդը Ֆրանսիայի և նրա բարեկամ ժողովրդի կողքին են: Համբերություն եմ մաղթում զոհերի հարազատներին, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում»:

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 14-ին ցավակցական հեռագիր է հղել Ֆրանսուա Օլանդին: Հեռագրում ասված է.

«Արցախում մեծ ցավով և վրդովմունքով ընդունեցինք նախօրեին Փարիզում տեղի ունեցած ահաբեկչությունների լուրը:

Այս հրեշավոր ու անմարդկային գործողություններն ուղղված են ոչ միայն Ձեր երկրի, այլև ամբողջ քաղաքակիրթ աշխարհի դեմ: Արցախը խստորեն դատապարտում է ահաբեկչության ցանկացած դրսևորում և այս ծանր պահին կանգնած է մեր բարեկամ Ֆրանսիայի կողքին: ԼՂՀ ժողովրդի, իշխանությունների և անձամբ իմ անունից խորին ցավակցություն ու զորակցություն եմ հայտնում անմեղ զոհերի ընտանիքներին, նրանց բոլոր հարազատներին ու մերձավորներին, Ֆրանսիայի ողջ ժողովրդին, վիրավորներին մաղթում եմ շուտափույթ ապաքինում»:

Սիրիայի նախագահ Բաշար Ասադը ցավակցել է ֆրանսիացի պատգամավորներին ահաբեկչությունների կապակցությամբ: Նա նշել է, որ նույնը տեղի է ունենում Սիրիայի տարածքում արդեն 5 տարի, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը։

«Ֆրանսիայում երեկ տեղի ունեցավ այն, ինչ Սիրիայում կատարվում է արդեն 5 տարի»,-ասել է Ասադը Սիրիայում գտնվող ֆրանսիացի պատգամավորների հետ հանդիպման ժամանակ:

Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերնոը նոյեմբերի 14-ին COBRA արտակարգ կոմիտեի արտահերթ նիստ կհրավիրի Փարիզում ահաբեկչությունների կապակցությամբ, որին զոհ է գնացել ավելի քան 150 մարդ: «Ես կնախագահեմ հանդիպմանը Փարիզում այս սարսափելի հարձակումների կապակցությամբ COBRA կոմիտեի հանդիպմանը»,-գրել է նա Twitter-ի էջում, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը համակողմանի աջակցություն է առաջարկել Ֆրանսիայի իշխանություններին: «Մենք ամեն ինչ կանենք հետապնդելու համար հանցագործներին և նրանց մեղսակիցներին` համատեղ պայքարելով ահաբեկիչների դեմ: Սա Եվրոպայի ամենասարսափելի գիշերներից մեկն էր»,-ասել է Մերկելը: ԳԴՀ ԱԳ նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը հայտարարել է, որ Սիրիայի վերաբերյալ Վիեննայի հանդիպումը կսկսվի Փարիզում տիրող իրավիճակի մասին Ֆրանսիայի ԱԳՆ զեկույցից:

Նոյեմբերի 14-ին Վիեննայում կհավաքվեն հոկտեմբերի վերջում Սիրիայի վերաբերյալ երկխոսության առաջին փուլի մասնակից երկրների ներկայացուցիչները: ՌԴ, ԱՄՆ և ՄԱԿ ներկայացուցիչներից բացի, ակնկալվում է նաև Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Սաուդյան Արաբիայի, Թուրքիայի, Իրանի, ԵՄ, ԱՊԼ և Իսլամական համագործակցության կազմակերպության մասնակցությունը: < /i>

Ավստրիայի ԱԳ նախարար Սեբաստիան Կուրցը հայտարարել է, որ Փարիզում տեղի ունեցած ահաբեկչությունների շարքը կազդի Սիրիայի վերաբերյալ բանակցությունների վրա, սակայն հանդիպումն ամեն դեպքում կկայանա:

Կարդացեք նաև՝ ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատան դիմաց քաղաքացիները ծաղիկներ են դնում [ֆոտոռեպորտաժ]

Փարիզում 8 գրոհային է ոչնչացվել. Ֆրանսիան փակում է սահմանները

Փարիզում ահաբեկչության զոհերի թվում ըստ նախնական տվյալների ՀՀ քաղաքացիներ չկան

Air France. Երևան-Փարիզ չվերթն իրականացվելու է

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---