ԵՏՄ-ն և Հարավային Կորեան գործակցության հուշագիր են ստորագրել

ԵՏՄ-ն և Հարավային Կորեան գործակցության հուշագիր են ստորագրել

PanARMENIAN.Net - Սեուլում ԵՏՀ առևտրի նախարար Անդրեյ Սլեպնյովը և Կորեայի Հանրապետության առևտրի, արդյունաբերության և էներգետիկայի նախարար Յուն Սան Չժիկը ԵՏՄ և Հարավային Կորեայի միջև Համագործակցության մասին հուշագիր են ստորագրել:

Ստորագրված փաստաթղթի հիման վրա կստեղծվի ԵՏՄ և Կորեայի համագործակցության գործուն մեխանիզմ: «Մենք հատուկ հարթակ ենք ստեղծում առևտրատնտեսական համագործակցության լայն շրջանակի քննարկման համար: Դա և առևտրի զարգացմանն ուղղված միջոցներն են, և կանոնակարգումը, և սակագնային և այլ միջոցները, նորարարական և ներդրումային ակտիվության բարձրացումը»,-ասել է Սլեպնյովը:

Նաև Սլեպնյովի Կորեա այցելության շրջանակում մեկնարկ տրվեց Արտաքին առևտրի համառուսական ակադեմիայի և Միջազգային տնտեսական քաղաքականության կորեական ինստիտուտի համատեղ հետազոտությանը:

Հետազոտության նպատակն է ԵՏՄ և Կորեայի միջև համագործակցության խորացման օպտիմալ բանաձև մշակել:

Ավելի վաղ ՌԴ տնտեսական զարգացման նախարար Ալեքսեյ Ուլյուկաևը հայտարարեց, որ ավելի քան 40 երկիր, այդ թվում Չինաստանը, ցանկություն է հայտնել ԱԱԳ ստեղծել ԵՏՄ հետ: Դա հաստատեց նաև ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը:

«Ընդհանուր առմամբ ԵՏՄ հետ համագործակցության հարցով հետաքրքրվում է արդեն մոտ 40 երկիր, բոլորի հետ բանակցություններ են ընթանում համագործակցության տարբեր հարթակներ ստեղծելու ուղղությամբ` ներառյալ առևտրի տնտեսական գոտիները»,-ասել է Մեդվեդևը Օտարերկրյա ներդրումների խորհրդատվական խորհրդի նիստում: Նա հիշեցրել է, որ ԵՏՄ-ն արդեն համաձայնագիր է կնքել առևտրի ազատ գոտու ստեղծման մասին Վիետնամի հետ: Մեդվեդևը նշել է, որ օտարերկրյա ընկերությունների համար ԵՏՄ-ն հնարավորություն կտա ընդլայնել ներկայությունը 5 պետությունների շուկաներում:

Հայաստանը ԵՏՄ-ին անդամակցելու համաձայնագիրը կնքեց 2014-ի հոկտեմբերի 10-ին և ԵՏՄ լիիրավ անդամ դարձավ 2015-ի հունվարի 2-ին:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---