ԼՂՀ 2016-ի պետբյուջեի հատկացումների 25%-ը կուղղվի սոցիալական հատվածին

ԼՂՀ 2016-ի պետբյուջեի հատկացումների 25%-ը կուղղվի սոցիալական հատվածին

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 2-ին տեղի է ունեցել ԼՂՀ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստը, որը վարում էր խորհրդարանի ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ռուսլան Իսրայելյանը: Օրակարգում «ԼՂՀ 2016 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի պաշտոնական ներկայացման հարցն էր, հայտնում է Ա1+-ը:

Երկրի գլխավոր ֆինանսական փաստաթղթի նախագծով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2016 թ. համախմբված բյուջեն կկազմի. եկամուտների գծով` 86,185..5 մլն դրամ (առանց միջբյուջետային փոխանցումներից ստացվող մուտքերի), ներառյալ` ՀՀ-ից ստացվող միջպետական վարկի գումարը, ծախսերի գծով` 88,946.8 մլն դրամ (առանց միջբյուջետային փոխանցումների), դեֆիցիտը` 2,761.3 մլն դրամ:

ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանը ներկայացրել է գալիք տարում երկրի սոցիալ-տնտեսական քաղաքականության հիմնական ուղղություններն ու շեշտադրումները:

Սոցիալական հատվածին հատկացվող գումարը 2016-ին կկազմի մոտ 22 մլրդ դրամ, ինչը պետբյուջեի հատկացումների 25 տոկոսն է կազմելու:

Այդ մասին «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեի մասին» ԼՂՀ օրենքի նախագծի քննարկման ժամանակ Ազգային ժողովում ասել է ֆինանսների նախարար Սպարտակ Թևոսյանը՝ ըստ ոլորտների, ներկայացրելով որոշ մանրամասներ, հայտնում է Artsakhpress-ը:

«Հայրենական մեծ պատերազմի վետերաններին հատկացվող պարգևավճարի չափը բարձրացնելու կառավարության որոշման համաձայն` պարգևավճարի չափը 35 հազար դրամից հասցվել է 50 հազար դրամի, որը կվճարվի եկող տարվա հունվարի 1-ից սկսած: Կշարունակվի բնակչության սպառած էլեկտրաէներգիայի սուբսիդավորման ծրագիրը, որի համար 2016-ի պետբյուջեում նախատեսված է 2 մլրդ 370 մլն դրամ՝ 5,6 տոկոսով ավելին, քան այս տարի, ինչը պայմանավորված է տարեցտարի սպառման չափերի մեծացմամբ»,- ասել է ֆինանսների նախարարը:

Խոսելով առողջապահության համակարգին տրամադրվող գումարների մասին՝ Ս. Թևոսյանը մասնավորապես ասել է, որ գալիք տարում ոլորտի կտրամադրվի 5 մլրդ 948 մլն դրամ գումար, ինչը 3,5 տոկոսով ավելին է, քան ընթացիկ տարվա հատկացումները:

Կրթության ոլորտին հատկացումներն, ըստ ֆիննախի, եկող տարի կկազմեն 13 մլրդ 940 մլն դրամ գումար, ինչն ընթացիկ տարվա համեմատ ավելին է 3 տոկոսով: Կրթության ոլորտի ծախսերի ավելացումը ֆինանսների նախարարը պայմանավորում է հիմնականում դասարան-կոմպլեկտների քանակի ավելացմամբ և նոր մանկապարտեզների բացման հանգամանքներով:

Սպորտի բնագավառին կհատկացվի 70 մլն դրամ գումար: «Բացի այդ, եկող տարվանից նախատեսվում է ծառայության մեջ և պահեստազորում գտնվող սպաների երեխաների ուսման վարձի փոխհատուցում, որի համար կհատկացվի մոտ 60 մլն դրամ գումար»,- ասել է Թևոսյանը:

Դեկտեմբերի 3-ից մեկնարկող քննարկումները կշարունակվեն խորհրդարանի մշտական հանձնաժողովներում և խմբակցություններում:

Օրինագծի և բյուջետային փաթեթի մյուս փաստաթղթերի վերաբերյալ հանդես գալով համապատասխան հաղորդմամբ՝ ԼՂՀ ֆինանսների նախարար Սպարտակ Թևոսյանը նշել է, որ բյուջեի նախագիծը կազմելիս կառավարությունը հաշվի է առել ինչպես ընթացիկ տարում արձանագրված տնտեսական զարգացման միտումները, այնպես էլ՝ ՀՀ-ի ու օտարերկրյա փորձը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---