ՆԱՏՕ-ի ներկայացուցիչ. ԼՂ-ում խաղաղապահների տեղակայումը հնարավոր է միայն քաղաքական կարգավորման պարագայում

ՆԱՏՕ-ի ներկայացուցիչ. ԼՂ-ում խաղաղապահների տեղակայումը հնարավոր է  միայն քաղաքական կարգավորման պարագայում

PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ զորքերի տեղակայումը հնարավոր է միայն հակամարտության քաղաքական կարգավորման պարագայում: Այս մասին ասել է Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապաթուրայը՝ նշելով, որ քաղաքական կարգավորման նախադրյալներ այս պահին չկան:

Հարցին, թե ռուս-թուրքական հարաբերությունների սրացման արդյունքում ինչպիսի՞ն է ՆԱՏՕ-ի դիրքորոշումը ԼՂ-ում խաղաղապահների հնարավոր տեղակայման վերաբերյալ՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանը ՀԱՊԿ անդամ է, Ապաթուրայը պատասխանել է. «Վաղաժամ է քննարկել իրադարձությունների նման զարգացման հնարավորությունը, սցենարը: Մենք պետք է ձգտենք հասնել հարցի կարգավորմանը: Ես աջակցում եմ ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերի վերսկսումը, և 2016 թ.-ի արդյունքում ականատես կլինենք Հայաստանի և Ադրբեջանի միջև ավելի արդյունավետ երկխոսության», մեջբերում է Tert.am-ը:

Անդրադառնալով ռուս-թուրքական հարաբերությունների սրացման ֆոնին ՆԱՏՕ-ի հետ գործակցող Հարավային Կովկասի պետությունների ճակատագրին, նա հավաստիացրել է, թե Թուրքիա-Ռուսաստան հարաբերությունները չեն ազդի այս տարածաշրջանի պետությունների հետ իրենց համագործակցության վրա:

«Մենք ընդունում ենք, որ երեք պետությունից ամեն մեկն ընտրել է անվտանգության իր սեփական քաղաքականությունը, որը մենք հարգում ենք: ՆԱՏՕ-ի հետ գործընկերային հարաբերություններ զարգացնելու համար պարտադիր չէ ձգտել անդամակցության: Մեզ հետ գործընկերային հարաբերություններ կարող է ունենալ և՛ ՀԱՊԿ անդամ երկիրը, և՛ Եվրամիության, և՛ այլ միջազգային, տարածաշրջանային կառույցների անդամը: Այս առումով ՆԱՏՕ-ն ունի Հայաստանի և Վրաստանի կամ Վրաստանի և Ադրբեջանի հետ ավելի սերտ գործակցության հիմքեր: Ամեն դեպքում, մեր կողմից տարվող ցանկացած գործակցություն անհատական բնույթի է», - նշել է նա:

Ապաթուրայը նշել է, որ Հայաստանի պարագայում իրենց հիմնական փաստաթուղթը IPAP-ն է (Անհատական գործընկերության գործողությունների ծրագիր), որը շուրջ երկու տարի է, ինչ գործում է:

ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հոկտեմբերի 1-ին ելույթ է ունեցել «ԵԱՀԿ խաղաղությանն ուղղված գործողություններին» նվիրված նախարարական միջոցառմանը՝ հայտարարելով, որ խաղաղապահությունը ԼՂ կարգավորման հիմնարար տարրերից է: Ըստ Նալբանդյանի՝ քաղաքական լուծումները պետք է որոշեն և ուղղորդեն խաղաղապահ գործողությունների ձևաչափը և հնարավոր տեղակայումը: Բազմաթիվ առիթներով Մինսկի խմբի համանախագահների կողմից, այդ թվում` համանախագահ երկրների նախագահների մակարդակով, հայտարարվել է, որ անվտանգության միջազգային երաշխիքները՝ ներառյալ խաղաղապահ գործողությունները, ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման հիմնարար տարրերից են: Դրա նպատակը՝ հակամարտության քաղաքական կարգավորման պարագայում զինված ուժերի բաժանումն է և խաղաղության պահպանումը: ԱԳ նախարարի խոսքով՝ ոչ մի այլ մանդատ կամ բաղադրիչ, ներառյալ` ոստիկանական գործունեություն, այս դեպքում նախատեսված չէ:

Սեպտեմբերի 30-ին Հայաստանի ԶՈւ Գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը հայտարարել է, որ Ղարաբաղյան հակամարտության գոտում խաղաղապահ ուժեր մտցնելու անհրաժեշտություն այս պահին չկա։ «Մենք ինքներս էլ կարող ենք զսպել սադրանքները, որոնց ամեն օր դիմում է Ադրբեջանը», - ասել է նա:

Ավելի վաղ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը խոսել էր Լեռնային Ղարաբաղում խաղաղապահների տեղակայման հնարավորության վերաբերյալ: Նա հայրարարել է, թե ԱՄՆ դիրքորոշումն այն է, որ համանախագահ և հարևան երկրները չպետք է ներգրավվեն միջազգային խաղաղապահ ուժերի կազմում: «Մեր պատկերացմամբ կողմերը համակարծիք են այս հացում, և թեման արդեն իսկ քննարկվել է», - ասել է նա:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---