// IP Marketing video - START// IP Marketing video - END

Նախարար. ՌԴ-ից գազի սակագնի նվազեցման նախադրյալներ կան

Նախարար.  ՌԴ-ից գազի սակագնի նվազեցման նախադրյալներ կան

PanARMENIAN.Net - ՀՀ կառավարությունը դիմել է ռուսական կողմին՝ Հայաստանին մատակարարվող գազի գինը նվազեցնելու հարցով: Այս մասին հունվարի 20-ի Կառավարության նիստի ավարտից հետո րագրողներին հայտնել է էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը` հավելելով, որ այս պահին սպասում են ռուսական կողմի պատասխանին և նորություն լինելուն պես հանրությանն այդ մասին կտեղեկացնեն:

«Էներգակիրների գինը մեր տնտեսության համար կարևոր նշանակություն ունի, ոչ միայն գազի, այլ՝ մնացած էներգակիրների, որից կախված է և էլեկտրաէներգիայի գինը: Եվ մեր տնտեսվարողների համար, մանավանդ նրանց, ովքեր գազի և էլեկտրաէներգիայի մեծ սպառողներ են, այդ հնարավորությունը չօգտագործելը կամ չփորձելը սխալ կլիներ», - ասել է նախարարը, մեջբերում է Pastinfo.am-ը:

Թե որքանով ռուսական կողմը կհամաձայնի նվազեցնել գազի գինը, Ճշմարիտյանը դժվարացել է պատասխանել, բայց և վստահեցրել է, որ նվազեցման նախադրյալներ կան:

«Նախադրյալներ կան, հակառակ դեպքում մենք չէինք դիմի Ռուսաստանին», - պարզաբանել է նա:

Լրագրողների հարցին, թե հնարավո՞ր է ՌԴ-ից մերժում ստանալու դեպքում Հայաստանն ընդհանրապես հրաժարվի ռուսական գազից ու Իրանից ավելի էժան գազ գնի, Ճշմարիտյանը պատասխանել է. «Դրանք բանակցությունների թեմաներ են: Երկուսն էլ մեր գործընկեր երկրներն են, մանավանդ գիտեք, որ Իրանից հիմա հանվում են որոշ պատժամիջոցներ և Հայաստանի համար նոր հնարավորություններ են ստեղծվում»:

Հունվարի 18-ին հայ գործարարները վարչապետին առաջարկել են դիմել ՌԴ-ին՝ նվազեցնելու գազի սակագինը:

Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը 2015-ի սեպտեմբերին առաջարկել է ԵՏՄ երկրներին ռազմավարական ապրանքներով առևտրում օգտագործել ռուբլի` մասնավորապես, խոսքը հումքի և վառելիքի մասին է: Աբրահամյանը նաև մանրամասնել է, որ առաջարկն առաջին հերթին վերաբերել է էներգակիրներին, որպեսզի դրանց դիմաց Հայաստանը վճարի ռուբլով. դոլար-դրամ-ռուբլի տատանումներն առաջին հերթին ազդում են ՀՀ բնակչության վրա: «Այդ գործընթացն այդքան արագ չի լուծվելու, բայց կարևոր է այն, որ մենք հարց ենք ընդգրկել օրակարգում և կքննարկենք», - ասել էր վարչապետը:

Սպառողների համար գազը թանկացավ 2013-ի հուլիսից, երբ ռուսական «Գազպրոմը» թանկացրեց Հայաստան առաքվող գազը: Սակայն, նույնիսկ այն բանից հետո, երբ Ռուսաստանի նախագահ Պուտինի 2013-ի դեկտեմբերի սկզբին կայացած այցից հետո Հայաստան առաքվող գազի գինը մեկ խմ-ի համար 270 դոլարից էժանացավ մինչև 180 դոլար, շարքային սպառողներին բաժին հասած մեկ խմ-ի դիմաց 156 դրամ սակագինը չփոխվեց: Ավելի ուշ ՀԾԿՀ-ն երկարացրեց «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի գազամատակարարման արտոնագիրը մինչև 2017-ի հունվարի 1-ը։ Որոշումն ուժի մեջ է մտել 2015-ի հունվարի 1-ին։

Ռուբլու փոխարժեքի նվազումը դոլարի համեմատ 2014-ին հանգեցրեց գազի սակագնի բարձրացման վտանգի: Լուծումը Հայաստանի համար գազի գնի նվազեցումն էր 24 դոլարով` մինչև $165 1000 խմ դիմաց: Սպառողների վրա, սակայն սակագնի նվազումը չի անդրադառձել, նրանք վճարում են նախկին սակագնով` 156 հազար դրամ կամ $321 ընթացիկ փոխարժեքով:

 Ուշագրավ
Մասնավորապես հակակարկտային ցանցերի մասով կառավարությունը փորձում է խրախուսել դրանց կիրառումը
Ընկերությունը մտադիր է առաջիկայում ռուբլով հաշվարկի անցնել ԵՏՄբոլոր երկրների հետ
Առաջարկում են նվազագույն աշխատավարձը 55,000 դրամից դարձնել 65,000 դրամ
Պարտքը մարտի դրությամբ կազմել է 5.488 մլրդ