ԱԺ նախագահը՝ ԵԽԽՎ բանաձևերի մասին. Հեղինակները փորձեցին ստվերել ԵԱՀԿ ՄԽ գործունեությունը

ԱԺ նախագահը՝ ԵԽԽՎ բանաձևերի մասին.  Հեղինակները փորձեցին ստվերել  ԵԱՀԿ ՄԽ գործունեությունը

PanARMENIAN.Net - Փետրվարի 1-ին ՀՀ Ազգային ժողովի հինգերորդ գումարման 9-րդ նստաշրջանի մեկնարկին ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն անդրադարձել է ԵԽԽՎ-ում հակահայկական բանաձևերին:

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը` ԵԽԽՎ-ն հունվարի 26-ին ընդունել է հակահայկական «Ադրբեջանի սահմանամերձ բնակավայրերի բնակիչները կանխամտածված կերպով զրկվում են ջրից» Բոսնիայի ու Հերցեգովինայի ներկայացուցիչ Միլիցա Մարկովիչի բանաձևը: Դեմ է քվեարկել 71 պատգամավոր, կողմ` 98:

Միաժամանակ, ԵԽԽՎ-ն մերժել է Ռոբերտ Ուոլթերի՝ «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի մյուս օկուպացված տարածքներում» բնաձևը: Բանաձևին դեմ է քվեարկել 70 պատգամավոր, կողմ` 66-ը:

«Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովը քննարկել է Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն առնչվող երկու բանաձև, որոնք յուրատեսակ փորձաքար դարձան եվրոպական այդ կառույցի համար: Ըստ էության, իրականությունը խեղաթյուրող, ղարաբաղյան հակամարտության շուրջ խաղաղ բանակցային գործընթացն արգելակող այդ բանաձևերը դրանց հեղինակների կողմից փորձ էին՝ վարկաբեկելու եվրոպական այդ բարձր հարթակը և միտումնավոր կերպով թյուրիմացության մեջ գցելու միջազգային հանրությանը: Դրանք նաև ուղղակի ու անուղղակի փորձ էին ստվերելու, թերագնահատելու ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը և Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորմանը մասնակից դարձնելու մի կառույց, որը նման գործառույթ ու լիազորություն չունի», - ասել է Սահակյանը:

Նա նկատել է՝ մինչդեռ բանաձևերի քննարկմանը նախորդած իրենց հայտարարության մեջ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ևս մեկ անգամ հիշեցրել էին ԵԽԽՎ-ին և միջազգային ու տարածաշրջանային մյուս կազմակերպություններին, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը հիմնախնդրի լուծման ու բանակցությունների միակ ձևաչափն է: Նրանք հորդորել էին չձեռնարկել այնպիսի քայլեր, որոնք կվնասեն ԵԱՀԿ Մինսկի խմբի մանդատին կամ կբարդացնեն շարունակվող բանակցային գործընթացը: Իսկ Եվրամիություն-Հայաստան խորհրդարանական գործակցության հանձնաժողովի հերթական նիստում ընդունված հայտարարության մեջ նշվում էր. «Եվրախորհրդարանն արձանագրել է, որ «լիարժեքորեն աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո ընթացող բանակցային գործընթացին, որը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման միջազգայնորեն ճանաչված միակ ձևաչափն է»:

ԱԺ նախագահի խոսքով՝ այդ բանաձևերի քննարկմանը նախորդած գործողությունները և քննարկումների արդյունքները ցույց տվեցին, որ խորհրդարանական դիվանագիտությունն իսկապես ուժեղ զենք է, որը երբեք չի կորցնում իր կարևորությունը, և որը մենք կարող ենք խելամտորեն օգտագործել:

«Ընդ որում, խոսքը վերաբերում է թե մեր պատվիրակության անդամներին, թե նրանում չընդգրկված մեր գործընկերներին: Այդ կապակցությամբ շնորհակալություն եմ ուզում հայտնել բոլոր պատգամավորներին, ովքեր այս ընթացքում իրենց գործընկերների հետ քննարկումներում, միջազգային տարբեր կառույցներում և ձևաչափերում արժանապատվորեն ներկայացրեցին հիշյալ բանաձևերում արծարծված հարցերի իսկությունն ու ենթատեքստերը, դրանց շարժառիթները, դրդապատճառներն ու հնարավոր հետևանքները», - ասել է Սահակյանը:

Նրա խոսքով՝ ԵԽԽՎ-ում քննարկված հիշյալ երկու բանաձևերը, իրենց ոչ հայանպաստ բովանդակությամբ հանդերձ, գործողությունների առումով որոշակի բարերար ազդեցություն ունեցան՝ ևս մեկ անգամ փաստելով միասին գործելու մեր կարողությունը և համատեղ ջանքերով արդյունքի հասնելու ներուժը:

«Ընդ որում, խոսքը վերաբերում է ոչ միայն խորհրդարանական ուժերին, ի պատիվ որոնց պետք է ասեմ, որ միջկուսակցական հարաբերություններն ու տարբեր հարցերի շուրջ տարբեր տեսակետները, անհամաձայնությունները և նաև վիճաբանությունները չխանգարեցին նրանց համատեղել ջանքերն ընդդեմ հակահայ դրսևորումների, հանուն Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի հանրապետությունների: Իրենց գործողություններն ու հնարավորությունները նույն ուղղությամբ՝ ի շահ Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի ծառայեցրին պետական և ոչ պետական կառույցները, հասարակական ու ոչ կառավարական կազմակերպությունները, կառավարող ու ընդդիմադիր, նրանց գործընկեր ու հակընդդեմ կուսակցությունները, մի խոսքով՝ քաղաքացին ու պետությունը», - նշել է ԱԺ նախագահը:

Նա ընդգծել է, որ անկախ քվեարկության արդյունքներից՝ ԵԽԽՎ թե հիշյալ, թե ընդհանրապես որևէ բանաձև պետք չէ դիտարկել հաղթանակի կամ պարտության տեսանկյունից, մանավանդ որ, ինչպես ասում են՝ պարտությունը որբ է, իսկ հաղթանակը բազում տերեր ունի: Թեպետ կեղծիքը մնում է կեղծիք, անկախ իր ծավալից, այդուհանդերձ, այն, որ բոլորիս ջանքերի արդյունքում եվրոպական կարևորագույն հարթակներից մեկում ձախողվեց այսպես կոչված «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի այլ օկուպացված տարածքներում» մտացածին վերնագրով ու կեղծ բովանդակությամբ զեկույցը, վկայում է, որ ԵԽԽՎ-ում բոլորը չէ, որ իրականությունը տեսան Բաքվի նավթային աշտարակից:

«Առիթից օգտվելով՝ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ԵԽԽՎ բոլոր այն պատգամավորներին, ովքեր ձեռնպահ մնացին այդ կառույցը վարկաբեկող գործողություններից ու մտածելակերպից, այն հակաճշմարտության և շահախնդրության ամբիոնի վերածելուց, գայթակղություն, որին սակայն չկարողացան դիմադրել թե այդ բանաձևերի հեղինակները, թե դրանց կողմ քվեարկած պատգամավորները: Հենց դրա արդյունքն էր այն, որ քննարկված բանաձևերից մեկը, այդուհանդերձ, ընդունվեց: Սակայն կարծում եմ, որ դա չպետք է դարձնել քաղաքական ու քաղաքագիտական էժանագին շահարկումների առարկա, առավել ևս՝ վերածել անմաքուր, անազնիվ խաղերի: Պետք է շարունակենք մեր միասնական գործունեությունն ու գործողությունները առանց ընկրկելու, ոչ թե ետ, այլ առաջ նայելով» - եզրափակել է ԱԺ նախագահը:

Կարդացեք նաև՝ ԵԱՀԿ-ն վերահաստատել է՝ ՄԽ-ն ԼՂ հակամարտող կողմերի երկխոսության միակ ֆորմատն է

Անդրեյ Սորոկին. ԵԽԽՎ-ն փորձում է անտեսել բոլոր սկզբունքները, այդ թվում՝ ԵԱՀԿ-ի

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---