Ուզբեկստանում ծայրահեղականության մեջ մեղադրվող հայը կարող է 18 տարով ազատազրկվել

Ուզբեկստանում ծայրահեղականության մեջ մեղադրվող հայը կարող է 18 տարով ազատազրկվել

PanARMENIAN.Net - Ուզբեկստանի Դիզակի շրջանի առաջին ատյանի դատարանում իսլամիստական ծայրահեղականության, Ուզբեկստանի սահմանադրական կարգի տապալման փորձերի և մի շարք այլ ծանր հանցանքների մեջ մեղադրվող Արամայիս Ավագյանի գործով փետրվարի 2-ին մեղադրող կողմը միջնորդել է նրան դատապարտել 18 տարվա ազատազրկման: Այս մասին հայտնել է Ավագյանի մայրը՝ տարիներ առաջ Հայաստանից արտագաղթած Ֆլորա Սաքունցը:

Դիզակում ձկնաբուծարան հիմնադրած, սակայն ավելի ուշ բիզնեսը տեղական իշխանությանը զիջելու պահանջին ընդդիմանալուց հետո 2 անչափահաս երեխա ունեցող Արամայիս Ավագյանն արդեն 4 ամիս է՝ նախնական կալանքի տակ է: Տեղական իշխանությունների ճնշումներից ու սպառնալիքներից հետո Ավագյանի կինը և մայրը շարունակում են բարձրաձայնել ապօրինությունների, դատական գործընթացի վրա ազդելու շարունակական փորձերի մասին:

Արամայիս Ավագյանի մեղադրանքի հիմքում ընկած ցուցմունքների հեղինակը նախորդ դատական նիստերի ժամանակ դատարանին հայտնել էր, որ նախաքննությանն անհրաժեշտ ցուցմունքներ է տվել ծեծի, խոշտանգումների արդյունքում: Ուզբեկական մամուլն ուշադրություն է հրավիրում հանգամանքին, որ դատաքննության ժամանակ այդպես էլ դատարանին չի ներկայացվել որևէ փաստական հիմք, ապացույց, որ 33-ամյա հայ քրիստոնյան առնչություն ունի իսլամիստական ծայրահեղականությանը կամ մյուս մեղադրանքներին, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը: Ավագյանը խոշտանգումներից հետո էլ իրեն մեղավոր չի ճանաչում:

Փետրվարի 2-ին նաև հայտնի է դարձել, որ Հայաստանի Ազգային ժողովի Մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանը դիմել է Ուզբեկստանի Պետաիրավական հանձնաժողովի նախագահին։ «Խնդրում ենք Արամայիս Ավագյանի գործի քննությունը պահել ուշադրության ներքո, որպեսզի, բնականաբար, իրականացվի արդար դատաքննություն և կայացվի արդար դատավճիռ: Հասկանալի է, որ նա չի հանդիսանում ՀՀ քաղաքացի, և այստեղ մեր իրավասությունները խիստ սահմանափակ են, պարզապես գործակցության, փոխգործակցության շրջանակում խնդրանք է ուղղվում իրենց, որպեսզի արդարադատության իրականացումը պահվի ուշադրության կենտրոնում»,- պարզաբանել է Վարդյանյանը։

Ավելի վաղ Ուզբեկստանի օմբուդսմենին էր դիմել Հայաստանի նախկին օմբուդսմեն Կարեն Անդրեասյանը՝ խնդրելով տեղեկացնել Ավագյանի առողջական վիճակի մասին և ձեռնարկել համապատասխան միջոցներ՝ նրա նկատմամբ ապօրինի գործողությունները կանխելու նպատակով:

Ուզբեկական մամուլը վկայակոչում է իսլամիստական ծայրահեղականության և մյուս ծանր մեղադրանքների համար անհրաժեշտ ապացույցների բացակայությունը: Ինչպե՞ս կարող էր այդ մեղադրանքը հաստատված համարելու հարցում որևէ հանգամանքի հետ հաշվի չնստել մեղադրող կողմը: Այս հարցի պատասխանը ներկայացնում է Ժաննա Ալեքսանյանը, ով տարիներ առաջ տևական ժամանակ Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպության ներկայացուցիչն էր Ուզբեկստանում։

«Ամենադաժան, հետամնաց երկրների շարքին է դասվում և այդ առումով խիստ բռնատիրական՝ շատ հայտնի դաժան և անմարդկային վերաբերմունքով, նաև կալանավայրերն են հենց այդպիսին»,- ասել է իրավապաշտպանը։ Ուզբեկստանում տարիներով իրավապաշտպան գործունեություն ծավալելով՝ Ժաննա Ալեքսանյանի եզրակացրել է.

«Այնտեղ ճնշվում է ամեն ինչ: Եթե դու մի քիչ ինքնուրույն և անկախ դարձար, եթե դու ունես ոչ մեծ բիզնես, երբ ուզենան, քո ձեռքից կխլեն և կեղծ մեղադրանքներով քեզ կուղարկեն բանտ՝ երկարատև ժամկետներով: Եվ որևէ կերպ դու պաշտպանված չես, քանի որ Ուզբեկստանը ուղղակի երկրի տարածքից հեռացրել է գրեթե բոլոր միջազգային կազմակերպություններին, այս վերջին տարիներին այնտեղ գրասենյակ չունի նաև Human Rights Watch-ը, և իր քաղաքացիներին պահում է իր բռի մեջ և ինչպես ուզում է՝ վարվում է նրանց հետ»։

Այս իրավիճակում, ըստ իրավապաշտպանի, հատուկ կարևորություն ունի Հայաստանից համապատասխան քայլերի դիմելը: «Մենք պետք է կարողանանք ամեն կերպ փորձել ազդել Ուզբեկստանի իշխանությունների վրա, և լավ կլիներ, որ այստեղից Արտգործնախարարությունը, Սփյուռքի նախարարությունը, Արդարադատության նախարարությունը որևէ ձևով ազդեին այդ գործընթացի վրա», - ասել է նա։

Ուզբեկստանի օմբուդսմեն Ուլուկբեկ Մուհամադիևի ավագ օգնականը փետրվարի 2-ին տեղեկացրել է, որ օմբուդսմենն այժմ սպասում է գլխավոր դատախազության գրավոր պատասխանին՝ կապված Ավագյանի գործով ճնշումների և խոշտանգումների հետ:

Ավագ օգնականը նաև ասել է. «Ըստ Ուզբեկստանի օրենսդրության, մենք ունենք ժամկետ, և այդ ժամկետի սահմաններում մեզ տեղեկություններ են տրամադրում համապատասխան կառույցները: Ինչպես տեղեկացրել էինք ավելի վաղ, իրավիճակը վերահսկողության տակ է, հիմա դեռ ժամանակ կա, և հենց մեզ պատասխան տան գլխավոր դատախազությունից, մենք անմիջապես կտեղեկացնենք հայկական կողմին»։

Ուզբեկստանի մարդու իրավունքների պաշտպանի օգնականը նաև տեղեկացրել է, որ օրենքով սահմանված է մեկամսյա ժամկետ պաշտոնական պատասխանի համար, եթե լրացուցիչ ուսումնասիրության կարիք չկա:

Կարդացեք նաև՝ Ուզբեկստանում ծայրահեղականության մեջ մեղադրվող հայի գործով ճնշումները շարունակվում են

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---