Բորդյուժա. ԼՂ հարցում ՀԱՊԿ դիրքորոշումը չի փոխվել

Բորդյուժա. ԼՂ հարցում ՀԱՊԿ դիրքորոշումը չի փոխվել

PanARMENIAN.Net - ՀԱՊԿ-ը արձագանքել, արձագանքում և արձագանքելու է այն բոլոր դեպքերին, որոնք ազդում են դաշնակիցների անվտանգության վրա: Այս մասին ասել է ՀԱՊԿ Գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան փետրվարի 12-ին կայացած Մոսկվա-Երևան-Աստանա տեսակամուրջի շրջանակում ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ՝ անդրադառնալով ԼՂ հակամարտության շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՀԱՊԿ դիրքորոշմանը:

Նա չի համաձայնել հնչած այն տեսակետի հետ, թե ՀԱՊԿ-ը չի արձագանքում հայ-ադրբեջանական սահմանին և զորքերի շփման գծում պարբերաբար գրանցվող միջադեպերին:

«Վերջին անգամ, երբ ես Հայաստանում էի երկրի անվտանգության խորհրդին եմ փոխանցել այն հայտարարությունների ցանկը, որոնք Կովկասում ստեղծված իրավիճակի վերաբերյալ հնչեցվել են ՀԱՊԿ պետությունների ղեկավարների արտաքին գործերի նախարարների և այլ պատկան մարմինների մակարդակով»,- նշել է Բորդյուժան, մեջբերում է Panorama.am-ը:

Նա ընդգծել է, որ տարիների ընթացքում արցախյան հիմնահարցի շուրջ կազմակերպության դիրքորոշումը որևէ փոփոխություն չի կրել:

«ՀԱՊԿ-ը ներգրավված չէ ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում: Մենք հետևում ենք այս հարցում իրադարձությունների զարգացմանը, որովհետև այն կապված է մեր գլխավոր դաշնակիցներից մեկի՝ Հայաստանի հետ: Դրանով զբաղվում են փոքր-ինչ այլ միջազգային կազմակերպություններ՝ մասնավորապես ԵԱՀԿ Մինսկի խումբը, ուստի չեմ կարծում, որ այս հարցում իմաստ ունի փոխել դիրքորոշումը»,- ասել է ՀԱՊԿ Գլխավոր քարտուղարը:

Բորդյուժայի խոսքով՝ իրեն միշտ զարմացնում է հայաստանցի որոշ լրատվամիջոցների կողմից արծարծվող այն տեսակետը, թե այս հարցում կազմակերպության արձագանքը բավարար չէ:

«Հարկավոր է ծանոթանալ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նախարարների հայտարարություններին, որտեղ պարտադիր անդրադարձ կա Կովկասում տիրող իրավիճակին»,- ասել է ՀԱՊԿ Գլխավոր քարտուղարը:

Նա ընդգծել է, որ բոլորովին վերջերս «Ռոսսիա-24» հեռուստալիքի եթերում ևս մեկ անգամ ընդգծել է այն, որ Լեռնային Ղարաբաղի և հայ-ադրբեջանական զորքերի շփման գոտում լարվածության աճը անթույլատրելի է:

«Ես կարծում եմ, որ այն հայտարարությունները, որոնք արվել են այս տարիների ընթացքում բավարար են և չեմ գտնում, որ այս իրավիճակը որևէ կերպ ազդում է կազմակերպության հեղինակության վրա: ՀԱՊԿ-ը արձագանքել, արձագանքում է և արձագանքելու է այն բոլոր դեպքերին, որոնք ազդում են դաշնակիցների անվտանգության վրա»,- նշել է Բորդյուժան:

Նա շեշտել է, որ ՀԱՊԿ պետությունները կողմնակից են, որ հակամարտությունը լուծվի բացարձակապես խաղաղ ճանապարհով: Կառույցի անդամ բոլոր պետությունները դեմ են լարվածության էսկալացիային՝ այդ թվում ծանր զինտեխնիկայի կիրառմանը:

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը դեկտեմբերի 21-ին ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանում ասել է. «Իհարկե, ցանկացած երկիր ունի իր շահերը, իր առաջնայնությունները, բայց դրանք չպետք է հակադրվեն մեր ընդհանուր շահերին և փոխադարձ պարտավորություններին։ Ամեն անգամ, երբ Ադրբեջանի Զինված ուժերը Հայաստանի Հանրապետության դեմ կիրառում են ավտոմատներ, ականանետեր և հրետանային սարքավորումներ, նրանք կրակում են Աստանայի, Դուշանբեի և Բիշկեկի, Մոսկվայի և Մինսկի ուղղությամբ»։

«Հիշեցնեմ, որ մենք Կանոնադրության մեջ ունենք համապատասխան հոդված։ Եվ եթե մենք ոչ միայն չենք կիրառում այդ հոդվածը, չենք քննարկում ստեղծված իրավիճակը, հարկ չենք համարում վերցնել լսափողը և հետաքրքրվել՝ ինչ է կատարվում դաշնակից Հայաստանում, և դրա հետ մեկտեղ նաև քվեարկում ենք միմյանց շահերի դեմ միջազգային կազմակերպություններում, երրորդ երկրների հետ ընդունում ենք երկկողմ հայտարարություններ, որոնց տեքստն ուղղված է ՀԱՊԿ դաշնակիցների դեմ, ապա մենք պարզապես այդ կրակոցների տակ ենք դնում մեր ամբողջ Կազմակերպությունը, նրա հեղինակությունը, նրա կարևորությունը», - նշել է նախագահը:

Կարդացեք նաև՝ Բորդյուժա. Ղարաբաղյան հակամարտության վերաճումը լայնածավալ բախումների «կպայթեցնի» ամբողջ Կովկասը

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---