Բրյուսելում սկսվել է ՀՀ-ԵՄ առևտրի և ներդրումների հարցերի բանակցությունների առաջին փուլը

Բրյուսելում սկսվել է ՀՀ-ԵՄ առևտրի և ներդրումների հարցերի բանակցությունների առաջին փուլը

PanARMENIAN.Net - Հայաստանի և Եվրոպական Միության միջև հարաբերությունների նոր իրավական հիմք ձևավորելու գործընթացի շրջանակներում փետրվարի 15-ին Բրյուսելում մեկնակել է ՀՀ-ԵՄ նոր շրջանակային համաձայնագրի առևտրի և ներդրումների հարցերի բանակցությունների առաջին փուլը:

Բանակցություններն ընթանում են եվրոպական կողմի հետ նախկինում հստակեցված ոլորտների և ուղղությունների շուրջ, մասնավորապես՝ ապրանքների և ծառայությունների առևտուր, առևտրի պաշտպանական միջոցներ, առևտրի տեխնիկական խոչընդոտներ, սանիտարական և բուսասանիտարական միջոցներ, մտավոր սեփականության իրավունքների պաշտպանություն, մրցակցություն, պետական գնումներ, կայուն զարգացում, թափանցիկություն, ընթացիկ վճարներ և կապիտալի տեղաշարժ, ներդրումային համագործակցություն և դրանց պաշտպանություն, վեճերի կարգավորում և այլն:

Ընդհանուր առմամբ, բանակցությունների առաջին փուլը բավական տարողունակ և ընդգրկուն է, բանակցությունների լիագումար նիստերից բացի նախատեսվում են բանակցային ենթախմբերի 12-ից ավելի հանդիպումներ, որոնց ընթացքում պետք է քննարկվեն համապատասխան ուղղությունների տեքստերի նախագծերը: Կքննարկվեն նաև բանակցային հետագա գործընթացներին, փուլերին, ժամանակացույցին, ինչպես նաև ոլորտային ապագա համագործակցության որոշ խնդիրներին առնչվող հարցեր:

Հայաստանի պատվիրակությունը գլխավորում է ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանը: Եվրոպական պատվիրակությունը ղեկավարում է Եվրոպական Հանձնաժողովի Առևտրի գլխավոր տնօրինության Ռուսաստանի, ԱՊՀ, Ուկրաինայի, Արևմտյան Բալկանների, ԵԱԱԱ (EFTA), ԵՏԳ (EEA) և Թուրքիայի հարցերով բաժանմունքի ղեկավար Պետրոս Սուրմելիսը:

2015 թվականի հոկտեմբերի 13-ին Եվրամիության 28 անդամ պետությունները Լյուքսեմբուրգում մանդատ են տրամադրել Հայաստանի և ԵՄ-ի միջև նոր համաձայնագիր ստորագրելու շուրջ բանակցությունների մեկնարկի համար: Նոր համաձայնագիրը կփոխարինի ներկայումս գործող Հայաստան-ԵՄ Գործընկերության և գործակցության համաձայնագրին:

2013-ի նոյեմբերին Վիլնյուսում՝ ԵՄ և Արևելյան գործընկերության ղեկավարների գագաթաժողովում նախատեսվում էր ՀՀ և ԵՄ միջև Ասոցացման մասին համաձայնագիր ստորագրել, սակայն սեպտեմբերի 3-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ավարտին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց Մաքսային միությանը միանալու և հետագայում ԵվրաԱզԷՍ-ի ձևավորմանը մասնակցելու իր ցանկության մասին: Հայաստանի այս որոշումը քննադատության ենթարկվեց եվրոպական կառույցների ու փորձագիտական շրջանակների կողմից, որոնք հայտարարեցին, որ Հայաստանը գործնականում խզեց բանակցությունները Եվրոպայի հետ, ինչն անհնար դարձրեց ԵՄ հետ Ասոցացման համաձայնագրի նախաստորագրումը:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---