Նալբանդյան. Հակամարտության գոտիների ժողովրդները պետք է ներգրավվեն միջազգային գործակցությանը

Նալբանդյան. Հակամարտության գոտիների ժողովրդները պետք է ներգրավվեն միջազգային գործակցությանը

PanARMENIAN.Net - ՄԱԿ-ի կանոնադրությունն առաջնորդում է անդամ պետություններին` ձեռնարկելու արդյունավետ հավաքական քայլեր` խաղաղությանն ուղղված սպառնալիքները կանխարգելելու նպատակով: Այս մասին ասել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը ՄԱԶԾ 50-ամյակի նախարարական հանդիպմանը:

«Տարիների ընթացքում կանխարգելման հայեցակարգը շարունակում է կարևոր տեղ զբաղեցնել խաղաղության և անվտանգության հաստատման միջազգային հանրության կողմից գործադրվող ջանքերում: Այդուհանդերձ, նոր բռնություններով ուղեկցվող հակամարտություններ են ի հայտ գալիս՝ պատճառ դառնալով մեծ թվով մարդկային կորուստների։ Դա միջազգային հանրությունից պահանջում է առավել մեծ ջանքեր ներդնել՝ կանխարգելման կարողությունները կատարելագործելու համար», - ասել է Նալբանդյանը:

Նա ընդգծել է, որ միջազգային հանրությունը պետք է ճանապարհներ գտնի՝ ապահովելու հակամարտության գոտիներում բնակվող ժողովուրդների ներգրավումը միջազգային գործակցությանը՝ ուղղված կայուն զարգացման նպատակների իրագործմանը: ՄԱԶԾ-ի, ինչպես նաև միջազգային այլ գործակալությունների և կազմակերպությունների գործողությունները չպետք է սահմանափակ լինեն հակամարտության գոտիներում բնակվող ժողովուրդների համար։

Նրա խոսքով՝ կասկածից վեր է, որ ՄԱԿ-ի կանոնադրությունում ամրագրված միջազգային հանձնառությունների լիակատար իրականացումը, հատկապես ինչ վերաբերում է պետությունների միջև բարեկամական հարաբերությունների զարգացմանը՝ հիմնված նաև ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման սկզբունքի վրա, կարող է էականորեն նպաստել կանխարգելման ջանքերին:

Արտգործնախարարը շեշտել է, որ 2030թ.-ին միտված օրակարգում միջազգային հանրությունը վերահաստատել է կայուն զարգացման և խաղաղության, արդյունավետ կառավարման, մարդու իրավունքների և օրենքի գերակայության միջև առկա փոխկապակցվածությունը:

«ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրն՝ աշխարհով մեկ իր ընդարձակ ներկայացվածությամբ, ՄԱԿ համակարգում դիտարկվում է որպես կանխարգելման և վաղ կանխազգուշացման գործառույթի կարևոր դերակատար: Մարդու իրավունքների վատթարացող իրավիճակի կանխազգուշացումը, ազդարարումը և արձագանքումը ՄԱԶԾ-ի դաշտային առաքելությունների առանցքային գործառույթների շարքում են և ուղղված են անկայունության առաջացման ազդակների հայտնաբերմանը», - ասել է Նալբանդյանը:

Նա նկատել է, որ մի շարք ձգձգված կամ սառեցված հակամարտություններ կարող են տասնամյակներ տևել։ Մինչդեռ այդ տարածքներում բնակվող ժողովուրդների ձգտումները՝ հասնելու կայուն զարգացման նպատակներին նույնքան օրինական են, որքան այլոց համար:

«Որոշ տարածքների վերջնական իրավական կարգավիճակի հաստատման ձգձգումը, մասնավորապես, նրանց, որոնք բանակցությունների առարկա են հանդիսանում հակամարտության կարգավորման համաձայնեցված ձևաչափերի շրջանակներում, չպետք է օգտագործվեն որպես պատրվակ՝ ոտնահարելու այդ տարածքներում ապրող ժողովուրդների զարգացման օրինական իրավունքը: Ի վերջո, «Ոչ մեկին չանտեսելու» հանձնառությունը ենթադրում է ոչ թե բացառման պատճառաբանության արդարացում, այլ ներգրավման միջոցների ապահովում», - ասել է Նալբանդյանը:

Նալբանդյանի խոսքով՝ կարևոր է հակամարտությունների հետևանքով առաջացած խոչընդոտները վերափոխել գործընկերության դրական օրակարգ ձևավորելու հնարավորության, այդ թվում՝ հակամարտության կողմերի միջև իրական վստահություն կառուցելու միջոցով: Բոլոր ժողովուրդներն ունեն անվտանգության և զարգացման համընդհանուր ձգտում: Հակամարտության կողմերի միջև ընդհանուր տնտեսական ծրագրերի իրագործումը կարող է հանգեցնել վստահության ամրապնդման ուղղությամբ առաջին քայլերին, ինչն առավել կարևոր է խաղաղության ընդհանուր տեսլականի ձևավորման տեսանկյունից։

ՄԱԶԾ հայաստանյան գրասենյակը հիմնվել է 1993-ի և այդ ժամանակից դարձել է ՀՀ Կառավարության և այլ շահագրգիռ կողմերի ռազմավարական և կարևոր գործընկեր` աջակցելով մարդկային զարգացման մակարդակը բարելավելու և քաղաքացիներին բարեկեցիկ կյանքով ապահովելու նրանց ջանքերին:

Մինչ այսօր ՄԱԶԾ ծրագրերի ընդհանուր ծավալը կազմել է ավելի քան 105 միլիոն դոլար, ներառյալ՝ ինչպես ՄԱԶԾ հիմնական ռեսուրսները, այնպես էլ կառավարության և դոնորների ներդրումները: 2004-2014 թթ. ՀՀ Կառավարության ներդրումը կազմել է 39 միլիոն դոլար:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---