12  25.02.16 - Ազգային պատկերասրահի նոր շենքի մրցույթին մասնակցող նախագծերը

Պատկերասրահի նոր շենքը. Առաջարկներ կան, չափանիշներ՝ ոչ

Պատկերասրահի նոր շենքը. Առաջարկներ կան, չափանիշներ՝ ոչ

PanARMENIAN.Net - Վերջին շրջանում պարբերաբար բարձրացվում է Ազգային պատկերասրահը հրապարակում գտնվող շենքից տեղափոխելու հարցը:

Ազգային պատկերասրահի տնօրեն Արման Ծատուրյանի խոսքով՝ արդեն քսան տարուց ավելի պատկերասրահի ղեկավարությունը բարձրաձայնում է, որ պատկերասրահին նոր շենք է հարկավոր:Միաժամանակ, ըստ տնօրենի, Ազգային պատկերասրահի շենքը քանդելու մասին խոսակցությունները լուրջ չեն։ Նա նշել է, որ նույն շենքում գործում է նաև Հայաստանի պատմության թանգարանը, որը նույնպես տարածքների խնդիր ունի, Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանը. Ազգային պատկերասրահը տեղափոխելու դեպքում, ամենայն հավանակությամբ, շենքը ամբողջությամբ կտրամադրվի հենց այդ թանգարաններին:

Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում ցուցադրվում են Պատկերասրահի նոր շենքի 6 հայեցակարգային նախագիծ՝ Կառավարության ընդունելությունների տան ներկայիս շենքի տարածքում կառուցվելու համար նախատեսված:

Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն, ներկայիս գիտական քարտուղար Աշոտ Գրիգորյանն ընդգծում է, որ դրանք նախագծեր չեն, այլ կոնցեպտուալ առաջարկներ գրաֆիկ տեսքով, որոնք դիտարկվել ու քննարկվել են մասնագիտական խմբի կողմից: Դրա կազմում էին Երևանի գլխավոր ճարտարապետ Տիգրան Բարսեղյանը, Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը, ճարտարապետներ Աշոտ Կանայանը, Ասլան Մխիթարյանը, Հայպետնախագիծ ինստիտուտի նախկին տնօրեն Լևոն Խաչատրյանը:

«Մեր առաջադրանքով տարբեր տարիքի ճարտարապետները, խմբերով և անհատական, ներկայացրել են իրենց պատկերացումները, մոտեցումներն այն խնդրի շուրջ, թե արդյոք առհասարակ հնարավոր է ընդունելությունների տան տարածքում տեղադրել պատկերասրահի համար նախատեսված շենք և ինչպիսին կարող է լինել այդ շենքը: Ճարտարապետները միայն իրենց գաղափարներն են ներկայացրել, մրցույթ դեռևս չի եղել», - PanARMENIAN.Net -ին ասաց Գրիգորյանը:

Հանձնախմբին իրենց հայեցակարգերն են ներկայացրել ճարտարապետների 6 խումբ.

1. Մհեր Չերքեզյան, Սուրեն Առաքելյան, Տիգրան Մարգարյան

2. Վահրամ Մխչյան, Էրիկ Օհանյան,

3. Ալեքսանդր Դանիելյան, Էրիկ Հովհաննիսյան

4. Գարեգին Եղոյան

5. Սարգիս Սարդարյան, Ռուզաննա Մամյան

6. Կարեն Հարությունյան

Նրա խոսքով՝ եղան քննարկումներ, հարց ու պատասխան, հանձնաժողովի անդամները վերջում ներկայացրերին իրենց գնահատականները, սակայն վերջնական, ընդհանուր կարծիքի չեկան: Մասնագետի խոսքով՝ ներկայացված գաղափարներից ոչ մեկը մոտ չէր իրականության պահանջներին: Միաժամանակ նա նկատեց, որ եղել են ռացիոնալ, հետաքրքիր մոտեցումներ, որոնք հաշվի կառնվեն նոր առաջադրանքի դեպքում:

Գրիգորյանը նկատեց, որ անհաջողության պատճարն է հենց դիտարկվող տեղանքը, քանի որ այն բարդ քաղաքաշինական հանգույց է, ինչպես նաև այն հանգամանքը, որ դեռևս պետք է կողմնորոշվել՝ ինչպիսի պատկերասրահ ենք ցանկանում ունենալ:

«Նախ՝ այդ տարածքը հատուկ կոնցեպտ է պահանջում, քանի որ այնտեղ կա Մատենադարան, Կամերային թատրոն, նաև բնակելի շենք, հարց է առաջանում՝ ինչպե՞ս բոլորը համադրել, պետք է ամբողջը համածխմբվի: Երկրորդ հարցը բուն պատկերասրահն է. պետք է որոշել՝ ավանդական, թե նոր լուծումներով պատկերասրահ ենք ուզում, դրանից էլ կախված կլինի դրա ճարտարապետական լուծումները», - պարզաբանեց Գրիգորյանը:

Նրա խոսքով՝ ուսումնասիրելով նախնական առաջարկները, հանձնախումբը հետևություն է արել, որ խնդիրը պետք է լուրջ ուսումնասիրվի, ներկայացված գաղափարների հիման վրա պետք է նոր, հստակ առաջադրանք մշակվի ճարտարապետների համար, նույնիսկ՝ միջազգային մակարդակով: Այսինքն, պետք է հստակեցվեն նախագծի չափանիշները:

Պատկերասրահի նախկին տնօրեն, ՀՀ ժողովրդական նկարիչ Փարավոն Միրզոյանը, ով 13 տարի՝ 2002-2015թթ.-ին, ղեկավարել է պատկերասրահը նույնպես հայտնել է, որ շենքը չի համապատասխանում Ազգային պատկերասրահի չափանիշներին՝ ո՛չ արտաքին տեսքը, ո՛չ էլ սրահները:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---