ՀՀ-ն ապրիլից ազգային նոր ավիափոխադրող կունենա. $49-ով հնարավոր կլինի Եվրոպա մեկնել

ՀՀ-ն ապրիլից ազգային նոր ավիափոխադրող կունենա. $49-ով հնարավոր կլինի Եվրոպա մեկնել

PanARMENIAN.Net - Հայաստանի ավիաշուկայում ապրիլից կհայտնվի նոր ազգային փոխադրող` Armenia ավիաընկերությունը, որն ուղևորներին էժան գներով ավիատոմսեր կառաջարկի:

Armenia ավիաընկերությունը 49 դոլարով չվերթեր կիրականացնի Երևանից Եվրոպա, ԱՊՀ երկրներ, մասամբ` Ասիայի երկրներ։ Այդ մասին հայտնել է ավիաընկերության բաժնետերերից մեկը` Թամազ Գաիաշվիլին։

Նրա խոսքով` այսուհետև Հայաստանից կարելի է մեկնել տարբեր ուղղություններով մատչելի և խելամիտ գներով։

«Նման գնով կարող են թռչել նրանք, ովքեր նախօրոք` մեկ կամ երկու ամիս առաջ, տոմսեր կպատվիրեն»,- նշել է Գաիաշվիլին և ավելացրել, որ հայկական ազգային ավիափոխադրողի առաջին թռիչքը կիրականացվի ապրիլի երկրորդ կեսին, հաղորդում է Sputnik Արմենիան։

Մեկնաբանելով լուրերն այն մասին, որ նոր ավիաընկերության բաժնետերերից մեկը կդառնա Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը, Գաիաշվիլին նշել է, որ դա սուտ է և սադրանք։

Նա հավելել է, որ ոչ ոք, հատկապես Հայաստանի ղեկավարությունը, կապված չէ ընկերության հետ։

Գաիաշվիլին նշել է, որ հայկական իշխանությունները, հակառակը, շահագրգռված են, որ ոտքի կանգնեցնեն հայկական ավիացիան։

Ազգային փոխադրողի գլխավոր տնօրեն Ռոբերտ Հովհաննիսյանը տեղեկացրել է, որ առաջին չվերթը կիրականացվի Boeing 737-700 ինքնաթիռով։ Ավիաընկերության անձնակազմը կազմված կլինի 350 հոգուց, որոնց թվում կլինեն վրացական Airzena ավիաընկերության մի քանի աշխատակիցն, իսկ մնացած կադրերի ընտրությունը կկատարվի տեղի մասնագետներից։

Ռոբերտ Հովհաննիսյանը զբաղեցրել է վրացական Georgian Airways ավիաընկերության տնօրենի պաշտոնակատարի պաշտոնը, իսկ Թամազ Գաիաշվիլին Georgian Airways-ի տնօրենների խորհրդի նախագահն է։

2013-ին Հայաստանի կառավարությունը հաստատել է ավիափոխադրումների ոլորտի փուլային ազատականացման ռազմավարությունը, այն բանից հետո, երբ Հայաստանի ազգային ավիափոխադրող «Արմավիա» ընկերությունը որոշում կայացրեց 2013-ի ապրիլի մեկից թռիչքների դադարեցման և սնանկացման գործընթաց սկսելու մասին։ Տվյալ փաստաթուղթը նախատեսում էր ոլորտում առնվազն երեք հայկական ավիաընկերությունների գործունեություն։

ՀՀ կառավարությունը քաղաքացիական ավիացիայի ոլորտում որդեգրել է «Բաց երկնքի» քաղաքականությունը, որը ենթադրում է ավիաընկերությունների առևտրային գործունեությանը պետության միջամտության նվազեցում:

Կարդացեք նաև՝ «Զվարթնո՞ց», Թբիլիսի՞, թե՞ Քութաիսի. Հայկական երկնքի վրացական այլընտրանքը

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---