Յոլյան. ՌԴ, ՀՀ, Վրաստանի և Իրանի էներգետիկայի նախարարները կհանդիպեն Թբիլիսիում

Յոլյան. ՌԴ, ՀՀ, Վրաստանի և Իրանի էներգետիկայի նախարարները կհանդիպեն Թբիլիսիում

PanARMENIAN.Net - Ապրիլի 11-13-ը Հայաստանի, Ռուսաստանի, Վրաստանի և Իրանի էներգետիկայի նախարարների հանդիպում տեղի կունենա Թբիլիսիում: Այս մասին կառավարության նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Լևոն Յոլյանը, հայտնում է Panorama.am-ը:

Գազի գնի շուրջ բանակցությունները շարունակվում են: «Աշխատանքային առողջ մթնոլորտում քննարկումներ են գնում: Երբ մեկն ինչ-որ մի բան է վաճառում, մյուսը գնում է, մեկը շահագրգռված է մաքսիմալ իջեցնել, մյուսը՝ ինչ-որ չափով իր շահերը ներկայացնել: Սա շահերի բախման խնդիր է, որը քննարկվում է»,- ասել է նախարարը:

«Այսօրվա դրությամբ ռուսական կողմի հետ բանակցությունները ընթանում են այն ուղղությամբ, որ Հայաստանը հնարավորություն ունենա սակագներն իջեցնել ոչ թե սահմանին, այլ բնակիչների համար»,- ասել է նա:

Անդրադառնալով Հայաստանի տարածքով իրանական գազը Վրաստան առաքելու հարցին` Յոլյանն ասել է. «2015թ. դեկտեմբերին հանդիպում է եղել, ապրիլի 11-13-ը նախատեսվում է արդեն չորս՝ Հայաստանի, Իրանի, Ռուսաստանի, Վրաստանի նախարարների մակարդակով հանդիպում Վրաստանում, որը վերջնականապես կճշտի: Նորից գնում են բավական ակտիվ աշխատանքներ՝ Հայաստանի տարածքը, էներգետիկան ավելի ակտիվ ներգրավելու համար տարածքային բոլոր խնդիրներում»:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Ռուսաստանը և Իրանը համաձայնության են հասել 1400 ՄՎտ ջերմային էլեկտրակայանի կառուցման վերաբերյալ և բանակցել են Հայաստանի և Ադրբեջանի տարածքով էլցանց անցկացնելու շուրջ:

Հայաստանի, Վրաստանի, Իրանի և Ռուսաստանի միջև դեկտեմբերի 23-ին փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել: Դեկտեմբերի 23-24-ը Երևանում անցկացվել է Հայաստանի, Վրաստանի, Իրանի և Ռուսաստանի էներգետիկայի նախարարությունների համատեղ նիստը՝ նվիրված տարածաշրջանային էներգետիկ գործակցության զարգացման հեռանկարներին:Նախատեսվում է մինչև 2018 թ. Հայաստան-Վրաստան 400 կՎ էլեկտրահաղորդման գիծ կառուցել, ինչպես նաև այլ համատեղ ծրագրեր իրականացնել: Առաջին փուլում էլէներգիայի փոխադարձ հոսքերի հզորությունը կլինի 350 ՄՎտ, իսկ մինչև 2021թ.` կհասնի 700 ՄՎտ: Բացի այդ, մինչր 2018թ. նախատեսվում է շահագործման հանձնել Իրան-Հայաստան էլեկտրահաղորդիչ գիծը, ինչը թույլ կտա Իրանի հետ էլէլներգիայի փոխադարձ հոսքերը հասցնել 1200 ՄՎտ:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---