ԵԱՀԿ ՄԽ համանախագահները կոչ են անում պահպանել հրադադարը շփման գծում

ԵԱՀԿ ՄԽ համանախագահները կոչ են անում պահպանել հրադադարը շփման գծում

PanARMENIAN.Net - ԵԱՀԿ նախագահությունում Գերմանիայի կառավարության հատուկ ներկայացուցիչ Գերնոթ Էրլերը և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (ՌԴ), Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ) և Պիեռ Անդրիոն (Ֆրանսիա) տարածած հայտարարությունում «վերահաստատել են իրենց հաստատուն հանձնառությունը՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցային կարգավորման հարցում», հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը:

«Խաղաղ կարգավորման գործընթացում առաջընթաց արձանագրելու համար խիստ անհրաժեշտ է, որ կողմերը ձեռնարկեն բոլոր միջոցները՝ բռնություններից խուսափելու համար, մասնավորապես, այնպիսի բռնություններից, որոնք ազդում են շփման գծում և Հայաստան-Ադրբեջան սահմանին ապրող խաղաղ բնակչության վրա: Այս համատեքստում մենք աջակցում ենք ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկի կոչին, ով հորդորել էր կողմերին Նովրուզ Բայրամի և Սուրբ Զատիկի տոներին խստորեն պահպանել հրադադարը: Մենք կոչ ենք անում կողմերին ստեղծել պայմաններ, որպեսզի տարածաշրջանի ժողովուրդները կարողանան նշել այդ տոները խաղաղ պայմաններում»,- ասված է հայտարարությունում:

Համանախագահները, ԵԱՀԿ-ն նախագահող Գերմանիայի հետ կշարունակեն աշխատել կողմերի հետ՝ կարգավորման տարրերի, բռնությունները նվազեցնելու քայլերի և մարդկային շփումները խրախուսող ծրագրերի շուրջ, նաև ասված է հայտարարության մեջ:

Չնայած հակամարտող կողմերի միջև ձեռք բերված՝ իրավիճակը չապակայունացնելու մասին պայմանավորվածություններին, հանգստյան օրերին` մարտի 19-ին և 20-ին, ադրբեջանական կողմի պատճառով իրադրությունը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում եղել է լարված: Հակառակորդը, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 2400 կրակոց: Շփման գծի հարավային, հարավարևելյան և հյուսիսային ուղղություններով ադրբեջանական զինուժը կիրառել է նաև 60 (40 արկ) և 82 (11 արկ) միլիմետրանոց ականանետեր:

Սովորության համաձայն, փորձելով պարտակել իր ապակառուցողական գործողությունները, Ադրբեջանը լարվածության աճի մեջ շտապել է մեղադրել հայկական կողմին:

ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կրկին վերահաստատում է իր հանձնառությունը խստորեն հետևել ձեռք բերված պայմանավորվածություններին՝ միևնույն ժամանակ պատրաստ լինելով կանխել հակառակորդի ցանկացած սադրիչ գործողություն:

Մարտի 19-ին ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը կոչ է արել հակամարտող կողմերին ձեռնպահ մնալ գործողություններից, որոնք կարող են լարվածության աճի հանգեցնել ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում Սբ Զատկին և Նովրուզ բայրամին ընդառաջ:

ԼՂՀ ՊՆ-ն ողջունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի՝ հրադադարի ռեժիմի պահպանման կոչը` միաժամանակ ակնկալելով, որ Ադրբեջանի ՊՆ հայտարարության մեջ գտնել հրադադարը պահպանելու և սադրանքների չգնալու մասին հստակ պատրաստակամության հայտարարություն:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---