Կիլիկիո կաթողիկոսությունը կրկին դիմել է Թուրքիայի ՍԴ` Սիսի կաթողիկոսարանը վերադարձնելու պահանջով

Կիլիկիո կաթողիկոսությունը կրկին դիմել է Թուրքիայի ՍԴ` Սիսի կաթողիկոսարանը վերադարձնելու պահանջով

PanARMENIAN.Net - Մեծի Տան Կիլիկիո կաթողիկոսությունը, որը 2015-ի ապրիլին Սիսի կաթողիկոսարանի վերադարձի պահանջով դիմել էր Թուրքիայի սահմանադրական դատարան, հայցի քննության պահանջով նոր դիմում է ներկայացրել:

Դիմումով թուրքական բարձրագույն դատարանին խնդրում են Կիլիկիո կաթողիկոսության հայցը դիտարկել առաջնահերթությունների շարքում, քանի որ 10 ամիս առաջ ներկայացված հայցը դեռևս քննության չի առնվել:

Երկրորդ դիմումը ներկայացվել է 2 շաբաթ առաջ Կիլիկիո կաթողիկոսարանի փաստաբան Ջեմ Սոֆուօղլուի կողմից, Haberturk.com-ին հղումով գրում է Ermenihaber.am-ը:

Փաստաբան Սոֆուօղլուն ասել է, որ այս հայցը միտված է ընդհամենը գույքի վերադարձին և անցյալի իրադարձությունները քննարկելու նպատակ չունի:

Վերջինս փոխանցել է նաև Մեծի Տան Կիլիկիո կաթողիկոս Արամ 1-ինի ուղերձը, որում մասնավորապես ասվել է.

«Այս թեմայով Թուրքիայի հետ սակարկություն չենք անելու: Չենք ընդունում ոչ վերականգնման, ոչ մեր այցելությունների համար տրամադրելու և ոչ էլ փոխհատուցման մեկ այլ տարբերակ: Միայն ցանկանում ենք, որ հետ վերադարձվի այն գույքերը, որոնք ավելի քան 800 տարի մեզ են պատկանել: Եթե Թուրքիան ցանկանում է մտերմանալ հայ ժողովրդի հետ, ապա սա ամենահարմար պահն է»:

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առթիվ ազգային պահանջատիրության ուղղությամբ գործնական քայլերի հեռանկարով Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոսը կարևորել է Սիսի կաթողիկոսարանի և ազգապատկան ու եկեղեցապատկան այլ կալվածքներ վերադարձը՝ հայերի խախտված իրավունքների վերականգնման համատեքստում: Անցած երկու տարում այս հայցի նախապատրաստական աշխատանքներին մասնակցել է թուրքական և միջազգային դատավարական օրենքների մասնագետներից կազմված հանձնախումբ՝ Արամ Ա կաթողիկոսի գլխավորությամբ:

Ներկայացված հայցը պահանջում է վերականգնել սեփականատիրոջ իրավունքը Սբ Սոֆիայի տաճարի, ինչպես նաև Սիսի կաթողիկոսարանի նկատմամբ, որը 1293-1921թթ. ընթացքում եղել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսարանի նստատեղը: Հայցի բովանդակությունը շատ պարզ է ու պահանջում է վերջնականապես վերադարձնել անշարժ գույքը, վերակառուցել այն` կրոնական նպատակներով օգտագործելու համար:

Թուրքիայի Սահմանադրական դատարանում Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության ներկայացված հայցով հարուցած դատական գործի միակ նպատակը հայ եկեղեցու կալվածքների վերադարձն է, 2015-ի հունիսին հայտարարել է Կիլիկիայի հայոց կաթողիկոս Արամ Ա-ի թուրք փաստաբան Ջեմ Սաֆուօղլուն:

«Թեև դատական հայցով պահանջվել է 100 մլն թուրքական լիրա՝ որպես եկեցեղապատկան գույքի դիմաց փոխհատուցում, դրամական փոխհատուցման պահանջը ընդամենը իրավաբանական անհրաժեշտություն է եղել, որն առաջանում է Թուրքիայի սահմանադրական դատարան դիմում ներկայացնելու կարգից ելնելով: Մեր պահանջը երբեք չի հիմնվել դրամական փոխհատուցման պայմանի վրա: Մեր հայցի միակ նպատակը գույքի վերդարձն է: Եթե այս հարցում դատարանի որոշումը մեր օգտին լինի, դա մեծապես կնպաստի նաև այլ եկեղեցիների և վանական համալիրների գույքի վերադարձին», - ասել է Սաֆուօղլուն:

2015-ի մայիսի 11-ին Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը հայտարարել է, որ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը նույնպես Թուրքիայից կարող է պահանջել Հայոց ցեղասպանության տարիներին եկեղեցուց բռնազավթված սեփականությունը վերադարձնել:

Հայոց կաթողիկոսության նստավայրը 1293–1441-ին եղել է Կիլիկյան Հայաստանի Սիս մայրաքաղաքում: 1292-ին, երբ Եգիպտոսի մամլուքները գրավել են Հռոմկլան, թալանել ու ավերել են Հռոմկլայի կաթողիկոսարանը, գերել Հայոց կաթողիկոս Ստեփանոս Դ Հռոմկլայեցուն և տարել Կահիրե, Գրիգոր Է Անավարզեցին Հայոց կաթողիկոսական ընդհանրական աթոռը տեղափոխել է Սիս և կաթողիկոսանիստ դարձրել քաղաքի հս. ծայրամասում գտնվող նախկին եպիսկոպոսանիստ Սբ Գրիգոր Լուսավորիչ եռախորան եկեղեցին:

Կիլիկիայի Հայկական թագավորության անկումից (1375) հետո 1441-ին Էջմիածնի ազգային-եկեղեցական ժողովի որոշմամբ Կիլիկիայում մեկուսացած և հայ ժողովրդի համար քաղաքական ու հոգևոր-կրոնական երբեմնի կենտրոնի նշանակությունը կորցրած, տնտեսապես քայքայված Մայր աթոռը Սիսից տեղափոխվել է բուն Հայաստան և վերահաստատվել իր նախնական վայրում՝ Վաղարշապատում:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---