National Geographic-ն ուսումնասիրելու է ՀՀ զբոսաշրջության զարգացման հնարավորությունը

National Geographic-ն ուսումնասիրելու է ՀՀ զբոսաշրջության զարգացման հնարավորությունը

PanARMENIAN.Net - «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) բարեգործական հիմնադրամը և National Geographic Partners (NGP) ընկերությունը ստորագրել են փոխըմբռնման հուշագիր՝ Հայաստանի զբոսաշրջության ոլորտի կայուն զարգացման հնարավորությունների նախնական ուսումնասիրություն անցկացնելու վերաբերյալ:

Նախնական ուսումնասիրությունը ներառելու է Հայաստանի մշակութային և բնության գրավչությունների ներուժի զարգացմանն ուղղված խորհրդատվություններ՝ հիմնված կայուն զբոսաշրջության երեք հիմնասյան վրա:

2016-ի ապրիլի վերջին National Geographic Traveler ամսագրի խմբագիր Կոստաս Քրիստը կայցելի Հայաստան՝ National Geographic-ի անունից զբոսաշրջության զարգացման նախնական գնահատումն անցկացնելու համար:

Կոստաս Քրիստը կայուն զբոսաշրջության ոլորտում աշխարհի առաջատար մասնագետներից է: Նա աշխատում է National Geographic-ի զբոսաշրջային խմբի հետ, որտեղ հանդես է գալիս որպես կայուն զբոսաշրջության և National Geographic Unique Lodges of the World ցանցի արտերկրի աուդիտի ղեկավար:

Հայաստան կատարելիք հետազոտական այցի շրջանակում Քրիստը կհանդիպի Հայաստանի կառավարության ներկայացուցիչների, համայնքների առաջնորդների, գործարարների և զբոսաշրջային օպերատորների հետ՝ գնահատելու Հայաստանում կայուն զբոսաշրջության զարգացման այնպիսի հնարավորությունները, որոնք կապահովեն երկրի տնտեսական աճը՝ միաժամանակ երաշխավորելով բնության և հարուստ մշակութային ժառանգության պահպանությունն ու դրանց փոխանցումը գալիք սերունդներին:

Սերտ աշխատելով IDeA հիմնադրամի հետ՝ Քրիստը կայուն զբոսաշրջության սկզբունքների և փորձի համաշխարհային չափանիշների վրա հիմնված խորհրդատվություն կտրամադրի:

«Հայաստանը գեղեցիկ երկիր է, որը կարող է հպարտ լինել իր հարուստ մշակութային ժառանգությամբ: Այդ ժառանգությունը պահպանելը և շրջակա միջավայրի մասին հոգ տանելն առանցքային նշանակություն ունի Հայաստանի կայուն զբոսաշրջության զարգացման ռազմավարության համար՝ հայաստանցիների սոցիալ-տնտեսական բարեկեցությունն ապահովելու տեսանկյունից: Շուտով կսկսեմ աշխատել հեռուն նայող կազմակերպության՝ IDeA հետ՝ Հայաստանն աշխարհին ներկայացնելու համար»,- ասել է National Geographic Traveler ամսագրի խմբագիրը:

«Լավագույն միջազգային փորձի ևչափանիշների կիրառումը նոր տեղական նշաձողեր սահմանելու համար IDeA հիմնադրամի առանցքային սկզբունքներից են, և հիմնվելով այս մոտեցման վրա՝ մենք սկսում ենք աշխատանքը National Geographic Partners ընկերության հետ»,- ասել IDeA հիմնադրամի գլխավոր գործադիր տնօրեն Էդգար Մանուկյանը:

Նրա խոսքով՝ այս գործակցության շնորհիվ բացահայտվելու է Հայաստանն աշխարհին ներկայացնելու լավագույն միջոցները, որոնք կներառվեն IDeA-ի Զբոսաշրջության զարգացման ռազմավարության մեջ:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---