ՄԻՊ-ը Ադրբեջանի հարձակումները քաղաքացիականների վրա ներկայացրել է ՄԱԿ-ին ու ԵԽ-ին

ՄԻՊ-ը Ադրբեջանի հարձակումները քաղաքացիականների վրա ներկայացրել է ՄԱԿ-ին ու ԵԽ-ին

PanARMENIAN.Net - ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը ՄԱԿ-ի և Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարների ուշադրությանն է ներկայացրել ադրբեջանական կողմից հայկական քաղաքացիական բնակավայրերի և խաղաղ բնակիչների նկատմամբ տեղի ունեցող հանցավոր ոտնձգությունների, ցուցաբերվող դաժան վերաբերմունքի վերաբերյալ տվյալներ, ինչպես նաև միջազգային մարդասիրական իրավունքի հատուկ պաշտպանության ներքո գտնվող՝ երեխաների և տարեցների նկատմամբ իրականացվող անթույլատրելի հարձակումների վերաբերյալ ուսումնասիրության արդյունքներ:

Մարդու իրավունքների պաշտպանն ընդգծել է, որ Եվրոպայի խորհրդի տարածքում խաղաղ բնակիչների իրավունքների և կյանքի նկատմամբ դաժանության ամենաբարձր աստիճանի հասնող զանգվածային ոտնձգությունները չեն կարող հանդուրժելի լինել: Եվրոպայի խորհրդի տարածքում անընդունելի է ցանկացած նման գործողություն, քանի որ դրանով խախտվում են մարդու իրավունքների եվրոպական բարձր արժեքները և խաթարվում՝ եվրոպական կոնվենցիոն արժեքային համակարգը:

Ներկայացվել են նաև հիմնավորումներ միջազգային մարդասիրական իրավունքի հիմնարար պահանջերի խախտումների մասին:

Համապատասխան հաղորդակցություն է նախաձեռնվել նաև Human Rights Watch, Amnesty International կազմակերպությունների, ԵԱՀԿ-ի, ինչպես նաև օմբուդսմենական միջազգային կազմակերպությունների հետ:

Ապրիլի լույս 2-ի գիշերից ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում շարունակվող մարտերում ՊԲ ստորաբաժանումները, ըստ ԼՂՀ ՊՆ տվյալների, ոչնչացրել են հայկական դիրքերի ուղղությամբ գրոհող թշնամական 2 ուղղաթիռ, ինչպես նաև 6 անօդաչու թռչող սարք (ԱԹՍ), 20 տանկ, 5 զրահամեքենա 1 ՏՕՍ ծանր հրանետային համակարգ: Ադրբեջանն ընդունել է 15 զինծառայողի զոհվելու, ինչպես նաև 1 տանկի ու 1 ուղղաթիռի ոչնչացման փաստը և չի հայտնել ոչ մի վիրավորի մասին՝ այն դեպքում, երբ միայն հայկական կողմի հրապարակած ֆոտո- և տեսանյութերում առկա են մի քանի տասնյակ դիակներ, 1 ուղղաթիռ և 2 ԱԹՍ:

Հայկական կողմից զոհվել է 18 զինծառայող, մոտ 37-ը վիրավոր է: Հայկական կողմը նաև կորցրել է մեկ տանկ: Բացի առաջնագծում ընթացող մարտերից, հակառակորդը հրթիռահրետանային հարվածներ է հասցրել խաղաղ բնակավայրերին: Մարտունիում դպրոցի հրետակոծման հետևանքով զոհվել է 12-ամյա երեխա, 3 տարեց մարդ դաժանաբար սպանվել է Թալիշ գյուղում: Եվս 6 քացաքացիական, որոնցից երկուսը երեխա էին, վիրավորվել են:

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---