Արցախում վիրավորված երեխաների մոտ նկատվում է դրական դինամիկա

Արցախում վիրավորված երեխաների մոտ նկատվում է դրական դինամիկա

PanARMENIAN.Net - Ստեփանակերտի Հանրապետական բժշկական կենտրոնում բուժում է ստանում 4 քաղաքացիական վիրավոր:

Զավեն Ավանեսյանը, Կամո Աբրահամյանը, Ծովինար Աղաջանյանը գտնվում են վերակենդանացման բաժանմունքում, նրանց վիճակը կայուն ծանր է` դրական դինամիկայով: Գարեգին Աղաջանյանը բուժումը շարունակում է վիրաբուժական բաժանմունքում: Նրա վիճակը կայուն է, ասվում է ԼՂՀ առողջապահության նախարարության հաղորդագրության մեջ:

«Արևիկ» մանկական բուժմիավորումում բուժվող վիրավոր երեխաների վիճակը կայուն ծանր է: Նրանցից Գևորգ Գրիգորյանն ընդհանուր անզգայացմամբ վիրակապվել է, երկրորդային մշակման է ենթարկվել վերքը, շարունակվում է ինտենսիվ բուժումը, առկա է դրական դինամիկա:

Վարդան Անդրեասյանը ապրիլի 5-ին վիրահատվել է. տեղադրվել է արտաքին ֆիքսացիայի ապարատ: Վարդան Անդրեասյանի մոտ ևս դրական դինամիկա է արձանագրվել:

ԼՂՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է նաև, որ հանրապետության բոլոր բժշկական հաստատություններն ապահովված են անհրաժեշտ դեղերով, բժշկական պարագաներով, արյան բավարար պաշարով:

Լիարժեք ռեժիմով են աշխատում բժշկական հաստատությունները և շտապօգնության ծառայությունը:

Ապրիլի լույս 2-ի գիշերը կտրուկ սրվեց իրավիճակը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում Ադրբեջանի նախահարձակ գործողությունների հետևանքով:

Ըստ ԼՂՀ ՊՆ տվյալների 4 օր տևած թեժ մարտերում ոչնչացվել են հայկական դիրքերի ուղղությամբ գրոհող թշնամական 2 ուղղաթիռ, ինչպես նաև 26 տանկ, 4 ՀՄՄ, 1 «Գրադ», ինժեներական 1 մեքենա և 12 ԱԹՍ: Ադրբեջանն ընդունել է 16 զինծառայողի զոհվելու, ինչպես նաև 1 տանկի ու 1 ուղղաթիռի ոչնչացման փաստը և չի հայտնել ոչ մի վիրավորի մասին՝ այն դեպքում, երբ միայն հայկական կողմի հրապարակած ֆոտո- և տեսանյութերում առկա են մի քանի տասնյակ դիակներ, 1 ուղղաթիռ և 3 ԱԹՍ: Ստեփանակերտի գնահատականով, Ադրբեջանի ընդհանուր կորուստները գերազանցում են 300-ը:

Հայկական կողմն ունի 29 զոհ, 101 վիրավոր, ևս 28-ն անհետ կորած է: ՊԲ-ն նաև 14 տանկ է կորցրել: Ապրիլի 5-ին՝ ժամը 12:00-ի դրությամբ, երկկողմանի հրադադար է հայտարարվել:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---