ՀՀԿ-ական պատգամավոր. Ռուսական վարկով գնվելիք սպառազինության մատակարարումն ուշացվել է

ՀՀԿ-ական պատգամավոր. Ռուսական վարկով գնվելիք սպառազինության մատակարարումն ուշացվել է

PanARMENIAN.Net - Ադրբեջանը վաղուց էր ծրագրել Արցախի վրա հարձակումն, ու զինուժը բերվել էր սահմանին՝ պարզապես սպասելով հրամանի: Այդ մասին է հայտարարել ԱԺ ֆինանսա-վարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողավի նախագահ, ՀՀԿ պատգամավոր Գագիկ Մինասյանը:

Նրա խոսքով՝ չորս օր տևած բախումներն աննախադեպ էին զինատեսակների, ռազմական տեխնիկայի, արյունահեղության առումով: «Դուք դժվար կգտնեք 90-ականների սկզբին այդպիսի իրավիճակ, երբ այդքան կարճ ժամանակում այդպիսի կորուստներ կպատճառեինք թշնամուն», - շեշտեց նա, գրում է Panorama.am-ը:

«Այս իրողությունների ազդեցության տակ միջազգային հանրության կողմից պետք է պարտադրվի, արգելվի ագրեսորին զենք վաճառելը, կամ այն երկրները, որոնք կվաճառեն՝ մեղսակից կլինեն դրան», - ասաց Մինասյանը:

Պատասխանելով սպառազինության ձեռքբերման համար ռուսական վարկի ճակատագրի վերաբերյալ հարցին, Մինասյանը հայտնեց, որ, իր տվյալներով, սպառազինությունն արդեն Հայաստանում պիտի լիներ, ու ուշացել է «անհասկանալի պատճառներով», ու հարցով այժմ զբաղվում են պատկան մարմինները: «Ըստ իմ տեղեկությունների, այդ սպառազինության մեջ պետք է լինեն սարքավորումներ, որոնք օգտագործվում են հենց անօդաչու սարքերի դեմ»,-ավելացրեց պատգամավորը:

Պատգամավորն ասաց, որ չի բացառում Թուրքիայի կողմից Ադրբեջանին ռազմական գործողությունների դրդելու վարկածը, սակայն նշեց, որ հակված չէ այդ տարբերակին: «Չափազանց անհաջող ժամանակ է ընտրված դրա համար», ընդգծեց Մինասյանը: Նա հայտնեց նաև, որ, իր տեղեկություններով, Ալիևը տվել է գործողություններն սկսելու հրամանը հենց Վաշինգտոնից, ուր գտնվում էր միջուկային անվտանգության հարցերով գագաթնաժողովին մասնակցելու նպատակով: «Կարելի է ենթադրել, որ այն սպասելիքները, որոնք նա ուներ ԱՄՆ իր գործուղման ընթացքում չեն իրականացել», -ասաց նա:

Ապրիլի լույս 2-ի գիշերից ապրիլի 5-ը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում շարունակվող մարտերում ՊԲ ստորաբաժանումները, ըստ ԼՂՀ ՊՆ տվյալների, ոչնչացրել են հայկական դիրքերի ուղղությամբ գրոհող թշնամական 2 ուղղաթիռ, ինչպես նաև 26 տանկ, 4 ՀՄՄ, 1 «Գրադ», ինժեներական 1 մեքենա և 14 ԱԹՍ: Ադրբեջանն ընդունել է 31 զինծառայողի զոհվելու, ինչպես նաև 1 տանկի ու 1 ուղղաթիռի ոչնչացման փաստը և չի հայտնել ոչ մի վիրավորի մասին՝ այն դեպքում, երբ միայն հայկական կողմի հրապարակած ֆոտո- և տեսանյութերում առկա են մի քանի տասնյակ դիակներ, 1 ուղղաթիռ և 3 ԱԹՍ: Ադրբեջանական ընդդիմադիր ԶԼՄ-ները, սակայն, հրապարակել են 93 հոգու զոհվելու, 33 վիրավորի, ևս 6 անհետ կորածի փաստը հաստատող տեղեկություններ: Ստեփանակերտի գնահատականով, Ադրբեջանի ընդհանուր կորուստները գերազանցում են 300-ը:

Հայկական կողմն ունի 64 զոհ, 122 զինծառայող վիրավորվել է:

Կարդացեք նաև. Ինչպես են Հայաստանի ՀԱՊԿ դաշնակիցները զինում Ադրբեջանին

Ինչպիսի բնութագրեր ունի հայկական զինուժի համար ՌԴ-ից գնվելիք ռազմական տեխնիկան

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---