8  14.04.16 - ՀՀ ընտրական օրենսգրքի ընդունման գործընթացի շուրջ հանրային քննարկում

Ընտրական օրենսգրքի քննարկման արդյունքները. Գունավոր քվեաթերթիկներից մինչև ընտրացուցակների հրապարակում

Ընտրական օրենսգրքի  քննարկման արդյունքները. Գունավոր քվեաթերթիկներից մինչև ընտրացուցակների հրապարակում

PanARMENIAN.Net - Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը ապրիլի 14-ին ներկայացրել է ընդդիմության և քաղաքացիական հասարակության հետ անցկացվող Ընտրական օրենսգրքի շուրջ ՀԱԿ-ի առաջարկած 4+4+4 ձևաչափով հանդիպման արդյունքներն ու իշխանության դիրքորոշումը:

Մարտի 31-ին Հայաստանի իշխանության, ընդդիմության և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները չորեքշաբթի անցկացրել են իրենց առաջին հանդիպումը այսպես կոչված 4 + 4 + 4 ձևաչափով, ինչը նախատեսում է հավասարության սկզբունքով նրանց ներառում նոր Ընտրական օրենսգրքի նախագծի շուրջ քննարկումներում:

Հարությունյանը ներկայացրել է օրինագծի այն մոդելը, որ իշխանությունները ցանկանում են ներկայացնել ԱԺ ու նաև այլընտրանքային տարբերակները, ընդդիմության այն առաջարկությունները, որոնք ընդունվել կամ չեն ընդունվել 4+4+4 հանդիպումների արդյունքում, գրում է «Ա1+»-ը:

Նա նշել է, որ իշխանությունները հրաժարվել են գունավոր քվեաթերթիկներից. «Լինելու է անկյունը կտրված ծրար, ինքնասոսնձվող դրոշմանիշեր՝ յուրաքանչյուր տեղամասի համար սպեցիֆիկ: Այն փակցվելու է քվեաթերթիկի վրա, որը երևալու է ծրարի կտրված անկյունից: Հանձնաժողովի անդամը, որը տուփի համար է պատասխանատու, օրվա վերջում դրոշմանիշը կամ քվեաթերթիկի կտրոնները պետք է վերադարձնի համապատասխան թվով»:

Հարությունյանը հայտարարել է, որ մասամբ ընդունել են ընդդիմության առաջարկը՝ ունենալ երկու ցուցակ՝ ՀՀ-ում գտնվող ու բացակա. «Ամեն կուսակցության ներկայացուցիչ կարող է իր համար ստեղծել նման ցուցակներ ու նույնը էլեկտրոնային տարբերակով լինի, եւ քվեարկության ժամանակ սարքը մի լրացուցիչ ազդանշան կարող է տալ, որ այս մարդը ենթադրաբար բացակայում է»:

Նա նշել է, որ իշխանությունները չեն ընդունել մատների թանաքոտումը. «Սակայն մենք ունենք կոնտր առաջարկություն՝ յուրաքանչյուր ընտրող իր մատնահետքը կթողնի սարքի մեջ, իսկ հաջորդ օրը այդ հետքերը կհավաքվեն, ու դա պետք է լինի բոլոր մասնակից կուսակցությունների ներկայացուցիչների ներկայությամբ: Դրանք կհամադրվեն ու կդրվեն կենտրոնական սերվերի մեջ և կիմանանք՝ արդյոք կա՞ն ընտրողներ, որոնց մատնահետքերը կրկնվում են:

Զինվորականների հետ կապված՝ ճիշտ է, նրանց ցուցակը գաղտնի է, սակայն նպատակ ունենալով փարատելու կասկածը ընտրակեղծարարության վերաբերյալ, զինվորականները ևս կթողնեն մատնահետքեր ու վերջում արդեն ընդհանուր բազմության մեջ կերևա՝ համընկնումներ կա՞ն, թե ոչ»:

Հարությունյանը հայտարարել է, որ իրենք միանշանակ չեն ընդունել ընտրացուցակների հրապարակումը: Իսկ ինչ վերաբերում է դիտորդ կազմակերպությունների մասնակցությանը, ապա, ըստ նրա, առնվազն հինգ տարվա համապատասխան գործունեության դրույթներ կունենան:

«Ինչ վերաբերում է ԶԼՄ ներկայացուցիչների թվի սահմանափակմանը ընտրատեղամասերում, ապա ասեմ, որ ութ թվի սահմանափակումը հանվել է, սակայն եթե հանկարծ այնպիսի բազմություն լինի ընտրատեղամասերում, որը կարող է խանգարել ընտրությունների բնականոն ընթացքին, ապա հանձնաժողովի նախագահը կարող է 2/3-ով սահմանափակել ԶԼՄ ներկայացուցիչների թիվը, սակայն նրանց թիվը ընտրատեղամասում պետք է լինի նվազագույնը 15»:

Մարտի 3-ին ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «ՀՀ ընտրական օրենսգրքին» և մի շարք այլ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի փաթեթին: Ընտրական նոր օրենսգրքի հենքը Սահմանադրական փոփոխություններն են: Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով սահմանված ժամկետներին համապատասխան՝ ընտրական օրենսգրքի նախագիծը ԱԺ պետք է ներկայացվեր մարտի 1-ին, սակայն դա չի արվել: Իսկ Կառավարության որոշումից առաջ այն չի ներկայացվել հանրային քննարկմանը:

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---