Համաշխարհային փոստային միությունը կշարունակի օժանդակությունը ՀՀ փոստային կապի ազգային օպերատորին

Համաշխարհային փոստային միությունը կշարունակի օժանդակությունը ՀՀ փոստային կապի ազգային օպերատորին

PanARMENIAN.Net - Նախագահ Սերժ Սարգսյանն ապրիլի 18-ին ընդունել է Համաշխարհային փոստային միության գլխավոր տնօրեն Բիշար Աբդիրահման Հուսեյնին և նրա գլխավորած պատվիրակությանը, որի կազմում են «Փոստ Եվրոպա»-ի կառավարման խորհրդի նախագահ Ժան-Պոլ Ֆորսևիլը և գլխավոր քարտուղար Բոտոնդ Շեբենը: Նախագահը ողջունել է հյուրերին, որոնք Հայաստան են ժամանել՝ մասնակցելու Երևանում կայանալիք Եվրոպայի ազգային փոստային օպերատորների միության հերթական համաժողովին:

Սերժ Սարգսյանը համաշխարհային հաղորդակցության զարգացման գործում մեծապես կարևորել է համաշխարհային փոստային միության դերը, որը դեռևս 19-րդ դարում հիմք է դրել համաշխարհային փոստային համակարգի ձևավորմանը՝ խթանելով տարբեր ժողովուրդների ու ազգերի միջև կապերի ամրապնդումը, հաղորդակից դարձնելով տարբեր մշակույթներ ու արժեքներ կրող քաղաքակրթությունների: Նշելով, որ Հայաստանը համաշխարհային փոստային մեծ ընտանիքի անդամ է շուրջ 25 տարի, ՀՀ նախագահն ընդգծել է, որ դա մեծապես նպաստել է մեր երկրում փոստային ծառայության զարգացմանն ու արդիականացմանը: Համաժողովի անցկացումը Երևանում Հանրապետության նախագահը լավ հնարավորություն է համարել մոտիկից ծանոթանալու այս ոլորտում Հայաստանի ձեռքբերումներին, փորձի փոխանակում իրականացնելու, գնահատելու Հայաստանի փոստային կապի ազգային օպերատոր «Հայփոստ»-ի գործունեությունը և անդրադառնալու զարգացման հետագա ծրագրերին:

Համաշխարհային փոստային միության գլխավոր տնօրենը շնորհակալություն է հայտնել ՀՀ նախագահին՝ հյուրընկալության և Հայաստանում Եվրոպայի ազգային փոստային օպերատորների միության համաժողովի անցկացման հնարավորության համար: Նա ներկայացրել է համաժողովի նպատակն ու իր գլխավորած կազմակերպության առաքելությունը, ինչպես նաև «Հայփոստ»-ի հետ համագործակցությունը, վստահեցնելով, որ Համաշխարհային փոստային միությունը պատրաստակամ է շարունակելու օժանդակությունը Հայաստանի փոստային կապի ազգային օպերատորին՝ նպաստելու վերջինիս զարգացմանը՝ նկատի առնելով, որ արագ փոփոխվող աշխարհում նոր հնարավորություններ են ստեղծվում նաև փոստային ծառայությունների ոլորտում նորարարական մոտեցումների կիրառման համար, հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---