Զոհրաբյանը՝ ԵԽԽՎ-ում. «Սարսանգի ջրամբարի բանաձևին կողմ քվեարկելով՝ ԼՂ դեմ ագրեսիա սկսելու քարտ-բլանշ տվեցիք»

Զոհրաբյանը՝ ԵԽԽՎ-ում. «Սարսանգի ջրամբարի բանաձևին կողմ քվեարկելով՝ ԼՂ դեմ ագրեսիա սկսելու քարտ-բլանշ տվեցիք»

PanARMENIAN.Net - ԵԽԽՎ-ի հունվարյան նստաշրջանին «կողմ» քվեարկելով ադրբեջանական ռազմատենչ օրակարգը սպասարկող Սարսանգի ջրամբարի զեկույցին՝ ԵԽԽՎ-ն քարտ բլանշ է տվել Բաքվին՝ սկսելու լայնամասշտաբ ռազմական գործողություններ։ Այս մասին ապրիլի 18-ին մեկնարկած ԵԽԽՎ գարնանային նստաշրջանում հայտարարել է հայաստանյան պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը:

«Մի կարևոր խնդիր կա, որի հետևանքների մասին մենք զգուշացնում էինք։ Երբ ձեզանից շատերը անցած նստաշրջանին քվեարկել են կողմ Սարսանգի ջրամբարի, իբր, հումանիտար խնդրին, Ադրբեջանի ռազմական այս ագրեսիայից հետո հույս ունեմ հասկացաք, որ Ադրբեջանի նպատակը հումանիտար խնդիր լուծելը չէր, այլ Սարսանգը գրավելն էր։

Եվ դրա համար էր անհրաժեշտ միջազգային կառույցներում և ԵԽԽՎ-ում ստանալ ձեր աջակցությունը՝ հումանիտար նպատակի տակ ռազմական հանցագործություն կատարելու համար։ Նայեք ադրբեջանական զինուժի տեղաշարժը պատերազմի այդ օրերին, և կհասկանաք, որ ձեր քվեարկությամբ նաև դուք Ադրբեջանին տվեցիք այդ քարտ-բլանշը», - ասել է Զոհրաբյանը։

ԲՀԿ պատգամավորը նաև կոչ է արել պատասխանատվության ենթարկել ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտին՝ Ալիևի հանցագործ ռեժիմը սատարող հայտարարություններ անելու համար։

«Հարգելի գործընկերներ, ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը, ղարաբաղա-ադրբեջանական ուժերի շփման գծի ամբողջ երկայնքով, Ադրբեջանը, կիրառելով ծանր զինուժ՝ տանկեր, «Տոս» հրանետային համակարգ, «Սմերչ», օդուժ, լայնամասշտաբ ռազմական գործողություն սկսեց՝ հրետակոծելով ոչ միայն Լեռնային Ղարաբաղի հետ շփման գիծը, այլև խաղաղ բնակավայրերը։ Եվ կրկին սպանված զինվորներ, դպրոցից տուն գնացող երեխա, ով սպանվեց իր եղբոր աչքի առաջ։ Ադրբեջանական զինուժը խոշտանգեց ու գլխատեց ռազմագերիների և կոմբատանտների, ու այդ ամենը քաղաքակիրթ աշխարհի աչքի առաջ։

Ավելին, երբ Ադրբեջանի զինուժին հաջողվեց ընդամենը մեկ օր իր վերահսկողության տակ վերցնել Լեռնային Ղարաբաղի Թալիշ գյուղը, Ալիևի վարձկանները խոշտանգեցին ու դաժանաբար սպանեցին գյուղում մնացած խաղաղ բնակիչներին», - ասել է Զոհրաբյանը։

Նա նշել է, որ այն ժամերին, երբ Ալիևի վարձկանները ռազմական հանցագործություններ էին կատարում, ԵԽԽՎ նախագահն իր հայտնի հայտարարությամբ սատարում էր ահաբեկչական Ադրբեջանին։

«Այն պահին, երբ ադրբեջանական զինուժը հրետակոծում էր խաղաղ բնակավայրերը, մեր Վեհաժողովի նախագահը, ով ի պաշտոնե պարտավոր է պահպանել անաչառություն և չեզոքություն, իր հայտարարությամբ ոգեկոչում էր ռազմական հանցագործներին։ Այն, որ ԵԽԽՎ ներկայիս նախագահ Պեդրո Ագրամունտը մեր Վեհաժողովում Ադրբեջանի պաշտոնական ներկայացուցիչն է՝ հայտնի ճշմարտություն է։

Ադրբեջանի կողմից սանձազերծած ռազմական ագրեսիայի օրերին ԵԽԽՎ նախագահն իրեն պահել է որպես Իլհամ Ալիևի մամուլի խոսնակ։ ԵԽԽՎ պատմության մեջ աննախադեպ է, երբ Վեհաժողովի նախագահը զբաղվում է ոչ թե ԵԽԽՎ, այլ մեկ առանձին երկրի շահերի բացահայտ պաշտպանությամբ։

ԵԽԽՎ նախագահ ընտրվելուց հետո առաջին այցը կատարելով Ադրբեջան, Ագրամունտն իր այդ քայլով հերթական հավատարմությունը հայտնեց Ալիևի բռնապետությանը։ Իսկ ռազմական գործողությունների ամենածանր օրերին Ագրամունտն անում է հայտարարություն, որը բացահայտ խրախուսում է Ալիևի մարդասպան ռեժիմին», - հավելել է Հայաստանի պատվիրակը։

Նա նկատել է, որ Եվրոպայի Խորհուրդը 47 երկրի կազմակերպություն է, որը պարտավոր է ներկայացնել և պաշտպանել 800 միլիոն եվրոպացու շահերը։ «Նման լրջագույն կառույցի նախագահը պարտավոր է լինել անկողմնակալ և անաչառ, այլ ոչ թե անձ, ով հրապարակային պաշտպանում է բռնատիրությունը՝ խրախուսելով հանցագործ Ադրբեջանին»։

Իսկ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, ելույթ ունենալով ԵԽԽՎ-ի նիստին, խոսել է Ադրբեջանի կողմից իրականացված ագրեսիայի ժամանակ Իսլամական պետության գրոհայինների ենթադրյալ ներկայության մասին:

Նաղդալյանը նաև հիշեցրել է, որ Թուրքիան և ԵՄ-ն համաձայնության են հասել կանգնեցնել ներգաղթյալների հոսքը դեպի հունական կղզիներ: Նաղդալյանը նշել է, որ այս համաձայնությունը, որը ձեռք է բերվել Թուրքիայի գրեթե ակնհայտ շանտաժի ֆոնին, բազմաթիվ քննադատությունների է ենթարկվել տարբեր պատճառներով:

«Երկիրը միլիարդավոր եվրոներ է ստանում ներգաղթյալների հոսքը կառավարելու համար, որի պատճառներից մեկը նաև «Իսլամական պետության» գործողություններն են: Մյուս կողմից՝ լրատվամիջոցների հաղորդումների համաձայն, տեղեկություններ կան, որ Թուրքիան ֆինանսապես աջակցում է «Իսլամական պետությանը»՝ ահաբեկչական խմբից ցածր գներով նավթ գնելով»,- ասել է նա:

Նաղդալյանը, վկայակոչելով լրատվամիջոցներին, նշել է նաև, որ օտարերկրացիները միանում են ահաբեկչական խմբավորմանը՝ ճանապարհ անցնելով Թուրքիայով:

«Այժմ «Իսլամական պետությունը» կորցնում է իր ուժը Սիրիայում, բայց անհանգստացնող ազդանշաններ կան, որ այն կձգտի ապակայունացնել այլ տարածաշրջաններ, այդ թվում՝ Հարավային Կովկասը: Ապրիլի 2-ին Ադրբեջանը հարձակում է գործել Լեռնային Ղարաբաղի վրա: Շատ լրատվամիջոցներ հաղորդել են, որ ադրբեջանական բանակի կազմում կռվում են «Իսլամական պետության» գրոհայիններ: Գուցե նրանց ներկայությունը կարող է բացատրել բարբարոսական գործողությունները, որ իրականացրել են Ադրբեջանի ուժերը պատերազմի չորս օրվա ընթացքում»,- հայտարարել է Նաղդալյանը, գրում է Tert.am-ը:

Նա նշել է, որ Ադրբեջանի կողմից իրականացված պատերազմական հանցագործությունները ներառում են քաղաքացիական օբյեկտների, դպրոցների ռմբակոծում՝ սպանելով և խեղելով քաղաքացիների, երեխաների և ծերերի, ԻՊ-ի ոճով գլխատումը և գլուխը հանրությանը ցուցադրելը:

«Արյունահեղությունն այս պահին դադարեցվել է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի քաջության շնորհիվ, այնուամենայնիվ, մտավախություններ կան նոր տարածաշրջաններ ԻՊ-ի հնարավոր ընդլայնման վերաբերյալ, որն, անշուշտ, կբերի նոր պատերազմներ և ողբերգություններ»,- ասել է Նաղդալյանը:

Ապրիլի 18-ին Ստրասբուրգում մեկնարկում է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի գարնանային նստաշրջանը, որը կշարունակվի մինչև ապրիլի 22-ը։ Նստաշրջանի օրակարգի նախագծում առաջարկվել էր ընթացիկ հարցերի տակ ներառել Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ քննարկում։

Թեմատիկ քննարկման համար առաջակվել էր 3 վերնագիր։

ՀՀ պատվիրակությունն առաջարկել էր քննարկումն անցկացնել «Ադրբեջանի կողմից իրականացրած պատերազմական հանցագործությունները՝ Լեռնային Ղարաբաղի նկատմամբ վերջին ագրեսիայի ժամանակ» վերնագրով, Ադրբեջանի պատվիրակությունը՝ «Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի մյուս գրավյալ տարածքներում բռնությունների ողբերգական էսկալացիան», ֆրանսիացի պատգամավորի կողմից առաջարկվել էր «Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերջին և ողբերգական էսկալացիան» վերնագիրը։

Նախագծում ընթացիկ հարցերի տակ քննարկման համար առաջարկվել էր նաև անցկացնել քննարկում «Պանամա թղթերի գործը և ֆինանսական, սոցիալական և հանրային վստահության մտահոգությունները մեր ժողովրդավարական համակարգում» թեմայով։

ԵԽԽՎ բյուրոն քննարկել և որոշում է կայացրել ընթացիկ հարցերի քննարկման համար հաստատել Պանամական օֆշորների վերաբերյալ առաջարկությունը:

ԵԽԽՎ-ում ԼՂ խնդիրը չի քննարկվելու. Օրակարգ է ընդգրկվել պանամական օֆշորների հարցը

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---