ԼՂՀ ՊՆ-ն հերքում է Բաքվի ապատեղեկատվությունը. Հայկական տանկ չի ոչնչացվել

ԼՂՀ ՊՆ-ն հերքում է Բաքվի ապատեղեկատվությունը. Հայկական տանկ չի ոչնչացվել

PanARMENIAN.Net - ԼՂՀ ՊՆ-ն հայտարարություն է տարածել` հերքելով ադրբեջանական կողմի հերթական ապատեղեկատվությունը: Հայտարարության մեջ մասնավորապես, ասվում է, որ ապրիլի 24-ին ադրբեջանական քարոզչամեքենան` հենվելով սեփական երկրի պաշտպանական գերատեսչության աղբյուրի վրա, հաղորդագրություն է տարածել, թե իբր ապրիլի 24-ի գիշերը հայկական «տանկերը մոտեցել են դիրքերին և կրակ բացել, իսկ այնուհետև կենդանի ուժի օգնությամբ կատարել հարձակման փորձ»:

ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կտրականապես հերքում է ադրբեջանական պրոպոգանդայի երևակայության արգասիք հանդիսացող տեղեկատվությունը, դա համարելով ոչ այլ ինչ, քան սեփական նախահարձակ գործողությունները սքողելու հերթական քարոզչական հնարք:

«Պաշտպանության բանակը, ի տարբերություն հակառակորդի, հարգելով ապրիլի 5-ին կողմերի միջև ձեռքբերված կրակի դադարեցման մասին պայմանավորվածությունը, այս ընթացքում ոչ միայն ձեռնպահ է մնացել իրավիճակն ապակայունացնող որևէ նախահարձակ գործողությունից, այլ առավել ևս առաջնային գծում զրահատեխնիկայի կամ զորքերի տեղաշարժ կատարելուց:

Ինչ վերաբերում է հայկական մեկ տանկի ոչնչացման և դրա անձնակազմի զոհվելու մասին ադրբեջանական կողմի տարածած ապատեղեկատվությանը, ապա դա ընդունեք որպես հակառակորդի քարոզչական մուղամի հերթական ելևէջ»,-ասվում է ԼՂՀ ՊՆ հայտարարության մեջ:

Ապրիլի 23-ի կեսօրից ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում սկսված հակառակորդի հրետանային նախահարձակ ակտիվությունը շարունակվել է նաև ապրիլի լույս 24-ի գիշերը:

Նշված ժամանակահատվածում շփման գծի հյուսիսարևելյան (Մարտակերտ) և հյուսիսային (Թալիշ) ուղղություններով ադրբեջանական զինուժը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, 60 (16 արկ), 82 (99 արկ) միլիմետրանոց ականանետերից, 122 միլիմետրանոց Դ-30 հաուբից տիպի հրանոթներից (19 արկ) և TR-107 տիպի համազարկային հրթիռային կայանքներից (25 արկ) ինտենսիվ կրակ է վարել պաշտպանության բանակի դիրքապահների ուղղությամբ: Հատկանշական է, որ հակառակորդն իր նախահարձակ գործողությունների թիրախ էր ընտրել ոչ միայն մարտական դիրքերը, այլև Մատաղիս բնակավայրը: Դ-30 տիպի հրանոթից արձակված մեկ արկ ընկել է գյուղի տարածքը: Բարեբախտաբար կորոստ չի եղել:

ՊԲ առաջապահ ստորաբաժանումները անցել են զինված դիմակայության պայմաններում իրավիճակի կայունացմանն ուղղված և հակառակորդ կողմի զսպման գործողությունների:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---