ՀՀ ՄԻՊ-ը ԵԽ գլխավոր քարտուղարին է ներկայացրել Ադրբեջանի ԶՈւ վայրագությունների կոնկրետ օրինակներ

ՀՀ ՄԻՊ-ը ԵԽ գլխավոր քարտուղարին է ներկայացրել Ադրբեջանի ԶՈւ վայրագությունների կոնկրետ օրինակներ

PanARMENIAN.Net - Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը մայիսի 12-ին Ստրասբուրգում հանդիպել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդին:

Թաթոյանը ԵԽ գլխավոր քարտուղարին է ներկայացրել ապրիլի սկզբին Ադրբեջանի նախաձեռնած ռազմական ագրեսիայի ընթացքում Լեռնային Ղարաբաղի քաղաքացիական բնակչության նկատմամբ կատարված մարդու իրավունքների հիմնարար խախտումները, տեղեկացնում է Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը:

Պաշտպանը ներկայացրել է նաև ադրբեջանական զինված ուժերի կողմից կատարված դաժանությունների կոնկրետ օրինակներ և Յագլանդին է փոխանցել Լեռնային Ղարաբաղի մարդու իրավունքների պաշտպանի հրապարակած՝ այդ դեպքերը վերլուծող զեկույցը:

«Արման Թաթոյանն ընդգծել է նաև ազգությամբ հայերի նկատմամբ ատելություն և բռնություն սերմանող՝ Ադրբեջանի կողմից իրականացվող ագրեսիվ քաղաքականության կործանարար հետևանքները, որը խաթարում է Եվրոպայի խորհրդի ողջ իրավապաշտպան համակարգը: Ընդ որում, այդ քաղաքականությունը խրախուսվում է պետական մակարդակով և կրում է բացարձակ անհանդուրժողական բնույթ», - ասված է հաղորդագրությունում:

Հանդիպման ընթացքում արձանագրվել է, որ «մարդու իրավունքների խախտումներն անթույլատրելի են ցանկացած պարագայում. իրավունքների պաշտպանությունը քաղաքականություն կամ սահմաններ չի կարող ճանաչել»:

Կողմերը կարևորել են մարդու իրավունքների պաշտպանի դերը երկրում եվրոպական չափանիշների ներդրման հարցում: Մասնավորապես՝ հանդիպման ընթացքում նշվել է օմբուդսմենի հաստատության կարևորությունը Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների կատարման գործում:

Քննարկվել են նաև ընտանեկան բռնության կանխարգելման, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության, ինչպես նաև մի շարք այլ ոլորտների վերաբերող հարցեր:

Մայիսի 3-ին ԼՂՀ Մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է փաստարկված իրավական գնահատական Ադրբեջանի կողմից ԼՂՀ խաղաղ բնակչության նկատմամբ անթույլատրելի ու անխտրական հարձակումների, ինչպես նաև ադրբեջանական խաղաղ բնակավայրերում ռազմական օբյեկտներ տեղակայելու վերաբերյալ: Իրավական գնահատականում մանրամասն հիմնավորվում է, որ Ադրբեջանը շարունակում է լրջորեն խախտել մարդու հիմնարար իրավունքները: Մասնավորապես, միջազգային փաստաթղթերի մանրամասն ուսումնասիրության հիման վրա հիմնավորումներ են բերված, որ ադրբեջանական զինված ուժերի կողմից իրականացվող գործողությունները ուղիղ հակասության մեջ են մարդու իրավունքների, ինչպես նաև միջազգային մարդասիրական իրավունքի՝ միջազգայնորեն ընդունված հիմնարար սկզբունքների հետ:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---