Գերմանիայի թուրքերը ցույց են անցկացրել Բեռլինում Հայոց ցեղասպանության ճանաչման դեմ

Գերմանիայի թուրքերը ցույց են անցկացրել Բեռլինում Հայոց ցեղասպանության ճանաչման դեմ

PanARMENIAN.Net - Բունդեսթագում Հայոց ցեղասպանության մասին բանաձևի քննարկմանն ընդառաջ Գերմանիայում բնակվող թուրքերը շարունակում են ժխտողականություն տարածել և ճնշում գործադրել գերմանացի օրենսդիրների վրա: Մեծ թվով գերմանաբնակ թուրքեր ցույց են կազմակերպել Բեռլինում, հայտնում է Արցախպրեսը թուրքական «Անադոլու» գործակալության վրա հղումով:

Հունիսի 2-ին Գերմանիայի Բունթեսթագում քվեարկության է դրվելու Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը: Դա առաջացրել է Թուրքիայի ղեկավար և ընդդիմադիր շրջանակների զայրույթը, որոնք ամեն կերպ ձգտում են խափանել Գերմանիայի խորհրդարանի կողմից ցեղասպանության ճանաչումը:

Ցույցին մասնակցող շուրջ 10 հազար անձինք բարձրացրել են Թուրքիայի ու Ադրբեջանի դրոշները և պաստառներ հետևյալ գրություններով` «Պատմությունը պետք է թողնվի պատմաբաններին», «Ոչ Ցեղասպանության ստին», «Խորհրդարանները լիազորված չեն»: Հավաքվածները հորդորել են Բունդեսթագի պատգամավորներին դեմ քվեարկել Հայոց ցեղասպանության մասին բանաձևին:

Բանաձևն ունի «1915 և 1916 թվականներին հայերի և մյուս քրիստոնյա փոքրամասնությունների ցեղասպանության հիշատակի և ոգեկոչման մասին» անվանումը:

Բունդեսթագում Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունման շուրջ 2016 թվականի փետրվարի 25-ին ծավալված բուռն քննարկումները քվեարկության չհանգեցրին: Իշխող կոալիցիայի և բանաձևի ընդունումը նախաձեռնած «Դաշինք 90/Կանաչներ» կուսակցության ներկայացուցիչների իրարամերժ դիրքորոշման ու գնահատականների արդյունքում որոշվեց բանաձևը հետ կանչել լրացուցիչ մշակման համար:

Մայիսի 31-ին Թուրքիայի վարչապետը ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելի հետ հեռախոսազրույցում հայտարարել է, որ Անկարան մտահոգված է հունիսի 2-ին Բուդեսնթագում Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևի քննարկումով:

Գերմանիայի խորհրդարանը դեռևս 2005 թվականին ընդունել է 1915թվականին Օսմանյան կայսրությունում հայերի զանգվածային բնաջնջման,էթնիկ զտումների և աքսորի մասին բանաձև, որում սակայն նշված չի եղել «ցեղասպանություն» եզրույթը:

Ընթերցեք նաև. Թուրքիայի վարչապետ. Բունդեսթագի կողմից Ցեղասպանության ճանաչումը մեզ համար օրինական չի լինի

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---