Փարիզի գրադարանում Ցեղասպանությանն առնչվող կարևոր փաստաթուղթ է հայտնաբերվել

Փարիզի գրադարանում Ցեղասպանությանն առնչվող կարևոր փաստաթուղթ է հայտնաբերվել

PanARMENIAN.Net - Թուրք պատմաբան Ումիթ Քուրտը և լրագրող Ալև Էրը Փարիզի Նուբարյան գրադարանի արխիվներից գտել ու հրապարակել են մինչ այս երբևէ չհրապարակված Հայոց ցեղասպանության վերաբերյալ կարևոր արխիվային թուղթ, հայտնում է Tert.am-ը «Ակոսի» վրա հղումով:

Փաստաթուղթն իրենից ներկայացնում է ժամանակաշրջանի ամենահայտնի պոլսահայ գրողներից Զաբել Եսայանի կողմից 1919թ.-ի մարտի 8-ին Փարիզի կոնֆերանսում հայկական պատվիրակության ղեկավար Նուբար Փաշային ներկայացրած հաշվետվությունը, որում Եսայանը կարևոր փաստեր է ներկայացնում շուրջ 200.000 հայ կանանց և երեխաների կոտորվելու և առևանգվելու մասին: Նա նաև նշել է, որ այս թիվը հստակ չէ, և տուժած կանայք ու երեխաները կարող են շատ ավելին լինել:

Զաբել Եսայանի կազմած և միայն օրերս Ումիթ Քուրտի և Ալև Էրի շնորհիվ թուրքական մամուլում հայտնված հաշվետվության մեջ առանձնացվել են գրողի ներկայացրած 3 կարևոր կետ.

1. Բազմաթիվ կանայք և երեխաներ առևանգվեցին հենց իրենց ծննդավայր հանդիսացող քաղաքներից ու գյուղերից: Այս ընթացքում պատահել է, որ իրենց հարևան մահմեդականներն առաջարկեն նրանց թաքնվել իրենց տներում: Անտեր մնացած որբերը փախցվեցին վայրկյանների արագությամբ: Մի գերմանացի սպա Էրզրումի ամենագեղեցիկ հայ աղջկան՝ Քալֆայանին, իր հետ տարավ գետնի վրայով քարշ տալով: Երզնկայում և Տրապիզոնում թուրք սպաները տարան ամենահարուստ ընտանիքների կրթված աղջիկներին: Արտասահմանյան կազմակերպությունների շենքերում ապաստանածներն էլ տարվեցին ու հանձնվեցին «Իթթիհաթ վե Թերրաքիի» (երիտթուրքերի կուսակցությունը) անդամներին:

2. Քաղաքներից ու գյուղերից հեռացվելուց հետո կանանց և տղամարդկանց բաժանեցին իրարից: Տղամարդիկ ամենադաժան ձևով սպանվեցին: Կանայք ու երեխաները փախցվեցին, իսկ դրանից խուսափել հաջողածները փախուստի ճանապարհին սպանվեցին: Գաղթի ճանապարհի անմարդկային պայմաններում գետի ջուրը խմելու թույլտվություն կարող էին ստանալ միայն որոշակի թվով հայ աղջիկ թուրք ժանդարմներին հանձնելու պայմանով: Սա պարբերական բնույթ է կրել: Հատկապես Քեմահ- Հալեպ, Քոնյա- Տարսուս ճանապարհին և Եփրատ գետի ափերին:

3. Երբ այս խեղճերը հասնում էին որևէ հավաքատեղի, քրդերը, չեչենները և չերքեզները հարձակվում ու թալանում էին նրանց, խլում էին անգամ մարդկանց վրայի հագուստը:

Զաբել Եսայանն իր հաշվետվության մեջ նշել է նաև, որ առևանգված կանանց փրկելու և վերադարձնելու հարցում հարկավոր է անհապաղ միջոցներ ձեռնարկել: Նա հայտնել է, որ հատկապես անչափահաս աղջիկների դեպքում պետք է ամեն ջանք թափել նրանց գտնելու և ողջ մնացած ազգականներին կամ համապատասխան միսիոներական կազմակերպություններին հանձնելու համար:

«Իսկ ահա չափահաս կանանց դեպքում իրավիճակն ավելի բարդ է: Նրանց դժվար է պահանջել նաև օրենքով: Նրանցից շատերն իրենց առևանգած մահմեդականներից երեխաներ են ունեցել, և ոմանք չեն ցանկանում լքել իրենց զավակներին: Ոմանք էլ բազմաթիվ ստորացումներ ու տանջանքներ կրելուց հետո ամաչում են հայկական հասարակություն վերադառնալ», -ասել է նա:

Զաբել Եսայանը ծնվել է Կ.Պոլսի Ուսքյուդար թաղամասում, առաջին ստեղծագործությունը հրապարակվել է 1895թ.-ին: Զաբել Եսայանն Ադանայի 1909թ.-ի կոտորածների ականատեսներից է, ինչի մասին գրել է իր հայտնի «Ավերակներու մեջ» գրքում, որը 2014թ.-ին թարգմանվել է թուրքերեն՝ «Արաս» հրատարակչության կողմից: Եսայանը կյանքի ընթացքում բնակվել է Ստամբուլում, Փարիզում, իսկ 1933թ.-ին գաղթել է Երևան, որտեղ 1937թ.-ին զոհ է գնացել ստալինյան բռնաճնշումներին:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---