Սերժ Սարգսյան. Նախագահի աշխատակազմից մինչև դատաիրավական համակարգ գրեթե ամենուր փոփոխություններ կլինեն

Սերժ Սարգսյան. Նախագահի աշխատակազմից մինչև դատաիրավական համակարգ գրեթե ամենուր փոփոխություններ կլինեն

PanARMENIAN.Net - Հայաստանի հանրապետության նախագահ, իշխող Հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը կուսակցության խորհրդի նիստի ընթացքում անդրադարձել է վարչապետ Հովիկ Աբրահամյանի հրաժարականին, Կարեն Կարապետյանի՝ վարչապետի պաշտոնում առաջադրմանը ու սպասվող այլ կադրային փոփոխություններին:

Անդրադառնալով Կարեն Կարապետյանին վարչապետի թեկնածու առաջադրելու որոշմանը, Սարգսյանը նշել է, որ Կարապետյանը «կարող է առաջնորդել փոփոխությունների մեծ ալիքը Հայաստանում, հասարակությունը տանել դեպի նոր տնտեսական ու քաղաքական ազատություններ, կոտրել ամրացած կարծրատիպերը, տնտեսության շարժին հաղորդել նոր ճկունություն և այլն»:

«Օգտագործելով ողջ հայության ներուժը` նոր կառավարությունը պետք է վերականգնի իշխանությունների նկատմամբ ամենալայն վստահությունը, գտնի մեր տնտեսության և հանրային կյանքի համար ոչ ստանդարտ լուծումներ, որոնք կերաշխավորեն պետության կայուն զարգացումը և կամրապնդեն Հայաստանի դիրքերը տարածաշրջանում», - ընդգծել է Սերժ Սարգսյանը:

Շնորհակալություն հայտնելով Հովիկ Աբրահամյանին աշխատանքի համար, նա նշել է, որ «Աբրահամյանը փորձեց պարզ մարդկային լեզվով խոսել իր երկրի քաղաքացիների հետ, լսեց մարդկանց ու լսված եղավ նրանց կողմից»:

«Հովիկ Աբրահամյանը պատրաստվում է ակտիվորեն մասնակցել գալիք խորհրդարանական ընտրություններին, այնպես որ մեր համատեղ աշխատանքը շարունակվելու է, անշուշտ», - ընդգծել է նախագահը:

Սարգսյանը հայտարարել է, որ քաղաքական բարեփոխումներն իշխանությունը թողել էր էին ավելի լավ ժամանակների՝ մտածելով, որ դրանց համար առավել նպաստավոր պայմաններ կստեղծեն տնտեսական բարեփոխումները:

«Վաղուց արդեն ակնհայտ է, որ առանց քաղաքական բարեփոխումների՝ տնտեսական բարեփոխումների արդյունքները միշտ էլ մեզ չեն բավարարելու: Այսօր արդեն բոլորն են տեսնում քաղաքական բարեփոխումների անհրաժեշտությունը», - ասել է նա, ընդգծելով, որ «դանդաղելու իրավունք չունենք և ոչ էլ ժամանակ»:

Սարգսյանը նշել է նաև, որ կադրային փոխոխությունները շարունակվելու են ու լինելու են գրեթե բոլոր ոլորտներում՝ նախագահի աշխատակազմից մինչև դատաիրավական համակարգ:

«Մենք պարտավոր ենք չսահմանափակվել այն ներուժով, որն առկա է մեր շարքերում և մեր առջև դրված խնդիրների լուծման համար փնտրել ու գտնել այն մարդուն ու մարդկանց, ովքեր ունակ ու պատրաստ են ստանձնելու այդ բարդ ու պատասխանատու աշխատանքները՝ աշխարհի որ ծայրում էլ նրանք այս պահին գտնվելիս լինեն», - ասել է նա:

Հովիկ Աբրահամյանը հրաժարական է տվել սեպտեմբերի 8-ի երեկոյան, կառավարության նիստի ընթացքում: Նույն օրը երեկոյան ՀՀԿ-ն առաջադրել է Կարեն Կարապետյանին վարչապետի պաշտոնում: Նրա թեկնածությունը պիտի ստանա ԱԺ համաձայնությունը:

Կարդացեք նաև. «Դրայվի» վերադարձը. Նախկին քաղաքապետը՝ նոր վարչապետի թեկնածու

Հովիկ Աբրահամյան, թվապատում. Նախկին վարչապետի կառավարման 29 ամիսը

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---