Վարչապետ. Ընկերություն կստեղծենք, որը հայկական գյուղմթերքի համար շուկաներ կփնտրի

Վարչապետ. Ընկերություն կստեղծենք, որը հայկական գյուղմթերքի համար շուկաներ կփնտրի

PanARMENIAN.Net - Վարչապետ Կարեն Կարապետյանն այցելել է Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի «Երևան Էքսպո» ցուցահանդեսային համալիրում բացված ամենամյա «Արմպրոդէքսպո» մասնագիտացված ցուցահանդես:

Վարչապետը կարևորել է արտադրական գործընթացում ժամանակակից տեխնոլոգիաների կիրառումը՝ ավելացնելով, որ կառավարությունը պատրաստ է այդ ուղղությամբ օժանդակություն ցուցաբերել տնտեսվարողներին:

«Գյուղնախարարի հետ քննարկում և այժմ բանակցում ենք, որպեսզի մասնավորի հետ ստեղծենք մի ընկերություն, որը կզբաղվի հայկական գյուղմթերքների, վերամշակված մթերքների շուկաների որոնմամբ: Բայց լինելու են շատ հստակ ձևակերպված որակական ցուցանիշներ՝ ինչին պետք է բավարարեն, որ իրենք կարողանան հանգիստ գումար ներդնել և սկսեն զբաղվեն շուկայի որոնմամբ»,- նշել է կառավարության ղեկավարը:

Միջոցառման նպատակն է ներկայացնել գյուղատնտեսական արտադրության, գյուղատնտեսական հումք վերամշակող արդյունաբերության հնարավորությունները, գնահատել սեփական արտադրանքի մրցունակությունը, ընդլայնել արտահանման հնարավորությունները, հաստատել գործարար կապեր, այցելուներին և հյուրերին ցուցադրել բարձրորակ գյուղատնտեսական և պարենային ապրանքի տեսականին:

Կարապետյանը շրջել է ցուցահանդեսի տաղավարներով, ծանոթացել ներկայացված ապրանքատեսականուն, ընկերությունների զարգացման ծրագրերին: Կառավարության ղեկավարը հետաքրքվել է նրանց խնդիրներով, որոնք խոչընդոտում են արտադրական ծավալների ավելացմանը, արտահանման աճին և այլն: Կարապետյանը հորդորել է ընկերությունների ներկայացուցիչներին պատրաստել հստակ առաջարկությունների փաթեթ և այն ներկայացնել կառավարություն:

Ցուցահանդեսին մասնակցում են հանրապետության մարզերի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գյուղատնտեսության, գյուղատնտեսական մթերք վերամշակող արտադրության գրեթե բոլոր ճյուղերի ներկայացուցիչները, ինչպես նաև ագրարային ոլորտը սպասարկող և ծառայություններ մատուցող մոտ 90 կազմակերպություն:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---