«ԵՄ-ն բիզնեսի համար» միջոցառումները կներկայացնեն ԵՄ աջակցությունը ՀՀ-ում ՓՄՁ-ներին

«ԵՄ-ն բիզնեսի համար» միջոցառումները կներկայացնեն ԵՄ աջակցությունը ՀՀ-ում ՓՄՁ-ներին

PanARMENIAN.Net - Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Անտոնի Սվիտալսկին և ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանը հոկտեմբերի 24-ին հայտարարել են Հայաստանում EU4Business՝ «ԵՄ-ն բիզնեսի համար» խորագրով մեկշաբաթյա միջոցառումների շարքը Երևանում տեղի ունեցող Արևելյան գործընկերության անդամ երկրների Բիզնեսի զարգացմանը նվիրված 8-րդ ժողովի բացման ժամանակ:

Հոկտեմբերի 24-ից 28-ը անցկացվելիք EU4Business՝ «ԵՄ-ն բիզնեսի համար» խորագրով միջոցառումները կներկայացնեն ԵՄ աջակցությունը՝ ուղղված փոքր և միջին ձեռնարկատիրություններին (ՓՄՁ-ներին): Տեղի կունենան նաև մի շարք այլ միջոցառումներ` ուղղված մասնավոր-հանրային հատվածների միջև երկխոսության խթանմանը՝ ի շահ Արևելյան գործընկերության երկրներում և Հայաստանում գործող բիզնեսների:

Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Սվիտալսկին ասել է. «ԵՄ-ն բիզնեսի համար» խորագրով մեկշաբաթյա միջոցառումների շարքը, որը մեկնարկում է այսօր, Հայաստանը դարձնում է տարբեր միջոցառումների ու նախաձեռնությունների առանցքը: Վերջիններս ներկայացնում են Եվրոպական միության դերը և աջակցությունը՝ ուղղված տնտեսական զարգացմանը, նորարարությանը և բիզնեսներին Արևելյան գործընկերության բոլոր երկրներում:

ՓՄՁ-ներն ապահովում են աշխատատեղերի մեծամասնությունը, ուստի ՓՄՁ-ներով պայմանավորված տնտեսական հնարավորությունները ևս պետք է կարևորվեն: Այս նախաձեռնությունը հզոր ազդանշան է ԵՄ-ի համար՝ աջակցելու բիզնեսներին, տնտեսության գործնական շահերի, ինչպես նաև երկրի և տարածաշրջանի մրցունակությունը խթանելու նպատակով»:

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի առաջին տեղակալ Մելքոնյանը նշել է. «Հայաստանի կառավարության, Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության ու անձամբ իմ անունից ողջունում եմ «ԵՄ-ն բիզնեսի համար» խորագիրը կրող միջոցառումների մեկնարկը Երևանում և շնորհակալություն հայտնում եվրոպացի գործընկերներին այս հրաշալի նախաձեռնության համար։ Հայաստանը մեծապես կարևորում է Արևելյան Գործընկերության շրջանակներում ԵՄ կողմից գործընկեր երկրներին տնտեսական բարեփոխումների իրականացմանը ցուցաբերվող օժանդակությունը՝ առանձնակի շեշտադրելով համագործակցության շարունակականության ապահովումը և հետագա գործակցության խորացումն ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափով:

Մրցունակ և արդյունավետ փոքր և միջին ձեռնարկությունների գործունեությունը մեր երկրի տնտեսական զարգացման կարևորագույն նախապայմաններից է։ Եվ այսօրվա համաժողովը արժևորվում է նաև «ԵՄ-ն բիզնեսի համար» նախաձեռնության իրագործման տեսանկյունից, հաշվի առնելով, որ դրան կհաջորդեն տնտեսական, հատկապես փոքր և միջին ձեռնարկությունների, զարգացմանը և ուժեղացմանը միտված մի շարք միջոցառումներ, որոնք կներառեն գործընկեր երկրներում մասնավոր հատվածի և ՓՄՁ զարգացմանն ուղղված երկկողմ և տարածաշրջանային ծրագրեր: Այս միջոցառումները լավագույն արտացոլումն են մեր փոխադարձ շահագրգռվածության և միասնական նպատակի՝ բարեհաջող ընթացք տալ համատեղ ծրագրի իրականացմանը և գնալ առաջ՝ ընդլայնելով ու խորացնելով համագործակցությունը»։

Հոկտեմբերի 26-ին անցկացվելիք ՓՄՁ ֆինանսավորման վերաբերյալ սեմինարի շրջանակում, որը իրականացվում է ՎԶԵԲ-ի կողմից, կներկայացվեն փոքր բիզնեսների համար արժեքի ստեղծման գործիքներ: Կքննարկվեն թեմաներ առնչվող նաև դրամական միջոցների հոսքերի վերլուծությանը, մասնավոր ներդրումներին, պարտքի և վարկային ռիսկի վերլուծությանը՝ որպես ֆինանսական ռիսկերը մեղմելու, ներդրումներ գրավելու և ՓՄՁ զարգացման ոլորտում ավելի մեծ հաջողությունների հասնելու կարևոր գործիքներ:

Հոկտեմբերի 27-ին անցկացվելիք East Invest՝ «Արևելյան ներդրումներ» գործընկերների 2-րդ ամենամյա համաժողովը կներկայացի հանրային-մասնավոր հատվածների միջև համագործակցությունը՝ որպես բիզնես ոլորտում բարեփոխումներ իրականացնելու խթան: EU4Business շաբաթը կամփոփվի հոկտեմբերի 28-ին «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» (SMEDA) ծրագրի պաշտոնական մեկնարկով: Բոլոր միջոցառումներին ներկա կլինեն Հայաստանում զարգացման կառույցների գործընկերներ, միջազգային կազմակերպությունների և Եվրոպական միության ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերի ներկայացուցիչներ:

Հոկտեմբերի 26-ից 27-ը Հայաստանում առաջին անգամ տեղի կունենա «Աջակցություն կայուն զարգացմանը Արևելյան գործընկերության անդամ երկրներում» բարձր մակարդակի միջազգային համաժողով: Կենտրոնական, տարածաշրջանային և տեղական ինքնակառավարման կառույցների ներկայացուցիչները կհանդիպեն Երևանում՝ քննարկելու Արևելյան գործընկերության անդամ երկրներում կայուն քաղաքային զարգացմանն ուղղված նոր ԵՄ նախաձեռնություններ և գործիքներ, ինչպես նաև քաղաքային ենթակառուցվածքների արդիականացման ոլորտում լավագույն փորձը: Համաժողովի ընթացքում Քաղաքապետերի դաշնագրին միացած Արևելյան գործընկերության անդամ երկրների 25 քաղաքների քաղաքապետեր՝ ներառյալ 4 քաղաքապետ Հայաստանից, կմիանան Քաղաքապետերի նոր դաշնագրին, որն ուղղված է կլիմայի փոփոխությունների կանխարգելմանը և էներգախնայողության զարգացմանը:

Կից ներկայացված են EU4Business միջոցառումների մանրամասները՝ ԵՄ ֆինանսավորմամբ բիզնեսի ոլորտում իրականացվող ծրագրերը և «EU4Business» միջոցառումների ցանկը:

Ծրագրերի մասին առավել մանրամասն տեղեկությունների համար դիմել Ռիփսիմե Ունանյանին՝ Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության հաղորդակցության համակարգողին՝ հեռ. + 374 10546494, էլ.փոստ՝ Ripsime.Unanyan@eeas.europa.eu:

EU4Business միջոցառումների վերաբերյալ այլ տեղեկությունների համար կարող եք հետևել @EU_Armenia թվիթերի էջին, @eudelegationtoarmenia ֆեյսբուքյան էջին, բաժանորդագրվել առցանց տեղեկագրին, այցելել http://eeas.europa.eu/delegations/armenia_en.

Ասուլիսի մեկնարկից առաջ ցուցադրվել է բիզնես ոլորտում Եվրոպական միության և Հայաստանի միջև համագործակցությունը ներկայացնող ֆիլմ: Այն կարող եք դիտել պատվիրակության Յություբյան ալիքում https://youtu.be/tLlVVP6TdEw.

Այս ֆիլմի տեղեկատվական տարբերակը, որը ստեղծվել էր ԵՄ ֆինանսավորմամբ Հայաստանի զարգացման հիմնադրամին աջակցելու համար, ցուցադրվել է Նյու Յորքում հոկտեմբերի 10-11 կայացած Հայաստանի տնտեսության մեջ արտաքին ներդրումների գրավմանը նվիրված ներդրումային ֆորումի ընթացքում:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---