9 նոյեմբերի 2016 - 13:27 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Մխիթարյան. Արթուր Պետրոսյանը գերազանց մարզիչ է, շատ բան կարող է անել հավաքականի համար

Արթուր Պետրոսյանը շատ բան կարող է տալ Հայաստանի հավաքականին: Այդ մասին հայտարարել է Հայաստանի ֆուտբոլի հավաքականի կիսապաշտպան և ավագ Հենրիխ Մխիթարյանը Հայաստանում ՅՈւՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպան նշանակվելու կապակցությամբ հրավիրված մամուլի ասուլիսում:

«Արթուր Պետրոսյանը մանկուց օրինակ է եղել իմ համար: Նա լավագույններից մեկն էր, եթե ոչ լավագույն ֆուտբոլիստը: Տպավորված եմ նրա աշխատանքով, նա լավ է հասկանում ֆուտբոլից և ինձ համար պատիվ է աշխատել այդպիսի մասնագետի հետ»,-ասել է Մխիթարյանը:

Նոյեմբերի 3-ին Արթուր Պետրոսյանը պաշտոնապես ներկայացվեց որպես Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ:

«Նա շատ բան կարող է տալ մեր թիմին»,-ասել է Մխիթարյանը:

Խոսելով Չեռնոգորիայի հետ առաջիկա խաղի մասին` Մխիթարյանն ասել է, որ ամեն ինչ կանի հավաքականին օգտակար լինելու համար, չնայած փոքր խաղային պրակտիկային «Մանչեսթեր Յունայթեդում»:

2018-ի աշխարհի առաջնության ընտրական փուլի խաղը Հայաստանի և Չեռնոգորիայի միջև տեղի կունենա նոյեմբերի 11-ին Երևանի ժամանակով 21:00-ին Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում: «Գլխավորը ցանկությունն է, ոչ թե մարզավիճակը: Եթե կա ցանկություն, մյուս հարցերը հետին պլան են մղվում»,-ասել է ֆուտբոլիստը:

Նոյեմբերի 9-ին Մխիթարյանը պաշտոնապես դարձավ Հայաստանում ՅՈւՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպան: Նա նշել է, որ իր համար շատ կարևոր է այդ կազմակերպությանն աջակցելն ու բարի դեսպան դառնալը: «Ծանր է արձանագրել, որ ոչ բոլոր երեխաները դպրոցում սովորելու և կրթություն ստանալու հնարավորություն ունեն: Բոլոր երեխաները պետք է իրավունք ունենան որպես անձ կայանալու: Ես պատրաստ եմ իմ բոլոր հնարավորություններն օգտագործել, օգնելով ՅՈւՆԻՍԵՖ-ին, աջակցելով Հայաստանում ամենախոցելի խմբերին, հատկապես, նպաստելով երեխաների կրթության իրավունքի իրացմանը»,-ասել է Մխիթարյանը:

Ընթերցեք նաև. Հայաստան-Չեռնոգորիա հանդիպումը չեխ մրցավար է սպասարկելու

ՖՈՏՈՇԱՐՔ