Ֆրանսիական Պրոպարկոն և Ամերիաբանկը $20 մլն-ի վարկային պայմանագիր են կնքել

Ֆրանսիական Պրոպարկոն և Ամերիաբանկը $20 մլն-ի վարկային պայմանագիր են կնքել

PanARMENIAN.Net - Պրոպարկոն Ֆրանսիական զարգացման գործակալության դուստր ձեռնարկությունը, որն իր գործունեությունն է ծավալում մասնավոր հատվածի զարգացման ուղղությամբ և Ամերիաբանկը, ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեի ներկայությամբ, նոյեմբերի 29-ին կնքեցին 20 միլիոն ԱՄՆ դոլարի վարկային պայմանագիր:

Տրամադրված ֆինանսավորման գումարը նախատեսում է ուղղել Հայաստանում էներգաարդյունավետության, վերականգնվող էներգետիկայի, գյուղատնտեսության, սննդի վերամշակման, կրթության և առողջապահության ոլորտներում գործարարության աջակցության, տնտեսական աճի խթանման և աշխատատեղերի ստեղծման տեսանկյունից կենսական նշանակություն ունեցող ծրագրերի իրականացմանը: Նշվել է, որ ճկուն պայմաններով երկարաժամկետ ֆինանսավորումը կնպաստի երկրում գործարարության աճին և ընդլայնմանը, ինչպես նաև տեղական և արտահանման շուկաներում հայկական ընկերությունների մրցունակության բարձրացմանը:

Սա Ամերիաբանկի և «Պրոպարկո» ընկերության միջև կնքված երկրորդ գործարքն է: Պրոպարկոյի առաջին ֆինանսական ներդրումը Հայաստանում կատարվել էր դեռևս 2013 թ-ին, երբ ընկերության և Ամերիաբանկի միջև կնքվեց 15 մլն ԱՄՆ դոլարի չափով վարկային պայմանագիր՝ փոքր և միջին ձեռնարկությունների, էներգաարդյունավետության, վերականգնվող էներգետիկայի ոլորտների ֆինանսավորման նպատակով: Երեք տարի անց Պրոպարկոն ընդլայնում է տնտեսության այն հատվածների ցանկը, որոնք պետք է ֆինանսավորվեն Ամերիաբանկի հետ կնքված նոր վարկային պայմանագրով տրամադրվող միջոցների հաշվին:

ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեի խոսքով, Ֆրանսիական զարգացման գործակալության դուստր ձեռնարկությունն ընդլայնում, հզորացնում է իր գործունեությունը Հայաստանում:

«Ընկերությունն իր հիմնադրման տարվանից՝ 1977-ից ի վեր զբաղվում է ձեռնարկությունների, ֆինանսական հաստատությունների օժանդակությամբ, փոքր և միջին ձեռնարկությունների գործունեության զարգացմամբ: 2013-ին Ամերիաբանկին տրամադրված $15 մլն-ի առաջին վարկի շահառուն էր հայկական 4 ձեռնարկությունը:

Այս անգամ 20 մլն-ն ուղղվելու է էներգետիկ արդյունավետության, ագրոբիզնեսի, էներգիայի վերականգնվող աղբյուրների և մթերքների մշակմամբ զբաղվող ընկերություններին: Պայմանագիրը լիովին համահունչ է զարգանցման Ֆրանսիական զարգացման գործակալության որդեգրված ընդհանուր քաղաքականությանը. կանաչ տնտեսության մշտական աճ, կայունության ապահովում: Ինչպես նաև, համահունչ է հայկական իշխանությունների քաղաքականությանը. էներգետիկ արդյունավետության, վերականգնվող էներգիայի աղբյուրների զարգացում», - նշեց դեսպանը:

«Ուրախ ենք, որ 2013 թ-ից համագործակցում ենք Հայաստանում առաջատար ֆինանսական հաստատություն համարվող Ամերիաբանկի հետ: Այս նոր վարկը Ամերիաբանկին թույլ կտա ընդլայնել վերականգնվող էներգետիկայի ոլորտում իր նախագծերի պորտֆելը և խթանել բանկի աճը բնակարանաշինության, գյուղատնտեսության, առողջապահության և կրթության վարկավորման բնագավառներում: Նշված հատվածներին աջակցելը հստակ կերպով համապատասխանում է «Պրոպարկո» ընկերության և Ֆրանսիական զարգացման գործակալության քաղաքականությանը», - նշեց «Պրոպարկո» ընկերության ֆինանսական հաստատությունների գծով ղեկավար Գիյոմ Բարբրուսը:

Նրա խոսքով, 3-4 տարվա ընթացքում հետևել է Ամերիաբանկի իրականացված ծրագրերին՝ փաստելով Բանկի առաջընթացը:

«Թվային բոլոր ցուցանիշները վկայում են, որ բանկն առաջատարի դիրք է զբաղեցնում, նրան հաջողվել է ֆինանսական ուժեղ համակարգ կառուցել՝ գրագետ մենեջմենթի և համապատասխան հմուտ, փորձառու կադրերի աշխատանքի շնորհիվ», - հավելեց Բարբրուսը:

Ամերիաբանկի գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանի խոսքով, պայմանագիրը կարևոր է ՀՀ տնտեսության զարգացման համար, քանի որ ուղղված է երկարաժամկետ և մատչելի տոկոսադրույքներով ֆինանսական միջոցների ներգրավմանը:

«Հետևողականորեն աշխատելու ենք, որպեսզի միջազգային կազմակերպություններից բարենպաստ պայմաններով միջոցներ ներգրավենք, մեր տնտեսության ֆինանասավորումն իրականացնենք: Այս տարիների ընթացքում ավելի քան $300 մլն-ի վարկային ռեսուրսներ ենք ներգրավել, որոնք նպատակաուղղվել են ՓՄՁ-ների աջակցությանը, գյուղմթերքների արդատրությանը, էներգախնայողությանը: Այդ ներդրումները նպաստել են տնտեսվարող սուբյեկտների զարգացմանը և նոր աշխատատեղերի ստեղծմանը», - ասաց Հանեսյանը:

«Ամերիաբանկը շատ բարձր է գնահատում «Պրոպարկո» ընկերության հետ համագործակցությունը: Այս երկրորդ վարկային պայմանագիրը, որի գումարն ավելի մեծ է, միանշանակ կընդլայնի մեր համագործակցության շրջանակները՝ ծառայելով տարբեր ոլորտներ ներկայացնող մեր հաճախորդների շահերին: Կարծում ենք, որ սա նշանակալի օր է Հայաստանի և Ֆրանսիայի միջև գործարար հարաբերությունների հաստատման տեսանկյունից: Այս պայմանագիրը որպես լուրջ հիմք կծառայի Հայաստանի տնտեսության առանցքային ենթակառուցվածքներում Ամերիաբանկի վարկային պորտֆելի դիվերսիֆիկացման համար», - հավելեց Ամերիաբանկի գլխավոր տնօրենը:

Պրոպարկոն Ֆրանսիական զարգացման գործակալության դուստր ձեռնարկությունն է, որն իր գործունեությունն է ծավալում մասնավոր հատվածի զարգացման ուղղությամբ: Այն 40 տարի շարունակ աջակցում է տնտեսական, սոցիալական և բնապահպանական կայուն զարգացման ծրագրերի իրականացմանը:

Պրոպարկոն ֆինանսավորում և աջակցություն է տրամադրում Աֆրիկայում, Ասիայում, Լատինական Ամերիկայում և Միջին Արևելքում գործող ընկերություններին և ֆինանսական հաստատություններին:

Այն ձգտում է համագործակցության ծրագրեր իրականացնել տնտեսության՝ զարգացման ենթակա առանցքային հատվածներում, այն է՝ ենթակառուցվածքներ (հատկապես վերականգնվող էներգետիկայի ոլորտում), գյուղատնտեսություն, ֆինանսական հաստատություններ, առողջապահություն և կրթություն և այլն և ընդլայնել 2015 թ-ին միջազգային հանրության կողմից ընդունված զարգացման կայուն նպատակների իրականացման գործում մասնավոր հատվածի ներդրումը: Այս առումով Պրոպարկոն ֆինանսավորում է այն ընկերություննը, որոնք ստեղծում են պատշաճ աշխատատեղեր՝ պատշաճ վարձատրությամբ, մատակարարում են հիմնական ապրանքներ և ծառայություններ և իրենց ներդրումն ունեն կլիմայական փոփոխությունները կանխելու պայքարում:

«Ամերիաբանկ» ՓԲԸ-ն Հայաստանի դինամիկ զարգացող բանկերից է և դասվում է երկրի ամենակայուն և խոշոր ֆինանսական հաստատությունների շարքին: Այն Հայաստանում առաջին ներդրումային բանկն է և սկսած 2007թ-ից` տրամադրում է նորարարական բանկային ծառայությունների լայն տեսականի: «Ամերիաբանկ» ՓԲԸ ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ: Այն նաև խոշորագույն հարկատու բանկն է Հայաստանում: 1992 թ-ից ի վեր, երբ ստեղծվեց անկախ Հայաստանի ժամանակակից բանկային համակարգը, Ամերիաբանկն առաջին բանկն է Հայաստանում, որի ակտիվները հատեցին 1 մլրդ ԱՄՆ դոլարի սահմանը:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---