Սփյուռքահայերը կմասնակցեն 2017-ի ԱԺ ընտրություններին՝ որպես դիտորդ

Սփյուռքահայերը կմասնակցեն 2017-ի ԱԺ ընտրություններին՝ որպես դիտորդ

PanARMENIAN.Net - 2017-ի հայաստանյան խորհրդարանական ընտրությունների ժամանակ սփյուռքի ներկայացուցիչները դիտորդական առաքելություն կիրականացնեն: Այս մասին դեկտեմբերի 5-ին «Արդարություն Հայաստանում» նախաձեռնության վերաբերյալ քննարկման ժամանակ հայտնել է կանադահայ դերասանուհի և պրոդյուսեր Արսինե Խանջյանը: Նա մանրամասնել է, որ սփյուռքի և Հայաստանի հայտնի հայերի կողմից ստեղծված «Արդարություն Հայաստանում» նախաձեռնության ստորագրահավաքին արդեն իսկ հազարավոր հայեր են միացել:

«Շատ համախոհ հայերի հետ ձեռնարկել ենք դիտորդական նախաձեռնություն, որի նպատակն է 2017-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ Հայաստան բերել սփյուռքի մեր հայրենակիցներին, թույլ տալ մասնակից լինել Հայաստանի քաղաքական գործընթացներին, սեփական ներդրումն ունենալ ավելի ժողովրդավարական, օրենքի երկիր կառուցելու գորրծում»,- «Սփյուռքի և ՀՀ հայտնի հայերը՝ հանուն ժողովրդավարության և թափանցիկ ընտրությունների. «Արդարություն Հայաստանում» նախաձեռնության առաջիկա քայլերը» թեմայով քննարկմանն ասել է Արսինե Խանջյանը, մեջբերում է Panorama.am-ը:

Խանջյանը մանրամասնել է, որ Հայաստանում, սփյուռքում արդեն մի քանի կազմակերպված խումբ աշխատում է նախաձեռնության իրականացման ուղղությամբ, ստանում են հայտեր ամբողջ աշխարհի սփյուռքահայերից:

«Նրանց կտրամադրվեն անհրաժեշտ գիտելիքներ Հայաստանում դիտորդական առաքելություն իրականցելու համար, կլինի հստակ ծրագիր, որը կհամակարգի նրանց գործունեությունը Հայաստանում»,- տեղեկացրել է բանախոսը:

«Արդարություն Հայաստանում» նախաձեռնությանը հիմնական խումբը ձևավորված է սփյուռքում, Հայաստանում ճանաչված մշակութային գործիչներից, նաև հազարավոր հայեր են իրենց զորակցությունը հայտնել նախաձեռնությանը:

Արսինե Խանջյանը նշում է՝ արդեն ժամանակն է, որպեսզի սփյուռքահայերը գործուն մասնակցություն ունենան հայաստանյան իրադարձություններին, օգտագործեն սփյուռքում ունեցած ռեսուրսները, կապերը:

«Տարեցտարի մտահոգիչ են դառնում Հայաստանում գրանցված տնտեսական ցուցանիշները, քաղաքական անառողջ մթնոլորտը, մարդու իրավունքների ոտնահարումները, արդարադատության բացակայությունը, արտագաղթը: Այս ամենը մեծ մտահոգություններ են առաջացրել նաև սփյուռքում»,- ասել է նա:

Քննարկմանը տեսակապի միջոցով մասնակցող ամերիկահայ ռոք երաժիշտ, երգահան, աշխարհահռչակ System of a Down խմբի հիմնադիր և մենակատարը Սերժ Թանկյանն էլ մտահոգիչ է համարել այն փաստը, որ «Արդարություն Հայաստանում» նախաձեռնությանը միացել է ընդամենը 4400 քաղաքացի:

Aysor.am-ը գրում է՝ վերջինս ընդգծել է՝ այս թիվը պայմանավորված է նրանով, որ սփյուռքահայերը կտրված են Հայաստանի քաղաքական, սոցիալական, տնտեսական իրադարձություններից:

«Մեզ համար շատ կարևոր է ստորագրողների հայ լինելը: Այս հանգամանքն արդեն նվազեցնում է ստորագրողների թիվը: Բացի այդ, սփյուռքահայությունը բավականին անջատված է Հայաստանի սոցիալական, տնտեսական, քաղաքական իրադարձություններից: Սա շատ կարևոր է մեզ համար` հասկանալ, որ Հայաստանն ու սփյուռքն ավելի շատ են անջատված, քան մենք պատկերացնում էինք», - ասել է նա՝ հավելելով, որ սփյուռքահայերը բավականաչափ պատկերացումներ չունեն Հայաստանի իրադարձությունների մասին: Թանկյանը նաև նշել է, որ ինքն էլ է որպես դիտորդ գալու Հայաստան:

Հայաստանում Սփյուռքի դերակատարության հարցը բարձրացվեց 2016-ի սեպտեմբերին, երբ 20 հայտնի հայ՝ հիմնականում Սփյուռքից, հրապարակեցին «Արդարություն Հայաստանում» խորագրով դիմումագիր change.org կայքում՝ կոչ անելով Հայաստանի իշխանություններին արմատական փոփոխություններ իրականացնել երկրի քաղաքական, սոցիալական և տնտեսական քաղաքականության մեջ: Ստորագրահավաքի նախաձեռնողների թվում են Սերժ Թանկյանը, Ատոմ Էգոյանը, Արսինե Խանջյանը, Ալեքս Օհանյանը, Քրիս Բոհջալյանը, Հասմիկ Պապյանը և Սեպուհ Սիմոնյանը: Նրանք պահանջում են վերջ դնել «կոռուպցիային, մենաշնորհներին, դատական անհավասարությանը, ոստիկանության դաժանությանը, քաղաքական կողմնակալությանը, անհավասար իրավունքներին, արտագաղթին և ընտրակեղծիքներին»:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---