$50 մլն ՀԲ-ից` տնտեսության առանցքային ոլորտների բարեփոխումներին

$50 մլն ՀԲ-ից` տնտեսության առանցքային ոլորտների բարեփոխումներին

PanARMENIAN.Net - Հայաստանը և Համաշխարհային բանկը դեկտեմբերի 9-ին ստորագրել են 50 միլիոն ԱՄՆ դոլար գումարով զարգացման քաղաքականության ֆինանսավորման գործառնությունը՝ տնտեսության առանցքային ոլորտներում Կառավարության բարեփոխումների ծրագրին սատարելու համար:

Զարգացման քաղաքականության ֆինանսավորման 4-րդ վարկային ծրագիրը (ԶՔՖ-4) օժանդակում է Հայաստանի բարեփոխումների լայն շրջանակ՝ խթանելով հարկաբյուջետային, սոցիալական և բնապահպանական կայունությունը և ամրապնդելով մրցունակությունը:

Այն 2013-2016 թթ. ընդգրկող՝ չորս ԶՔՖ-ների ծրագրային շարքի վերջին գործառնությունն է:

«Մեր նպատակն է սատարել Հայաստանի մակրոտնտեսական կայունությանը: Սույն գործառնությունը կօգնի բարելավել երկրի մրցունակությունը և գործարար միջավայրը և ավելացնել զբաղվածության հնարավորությունները»,- ասել է Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի ղեկավար Լորա Ի. Բեյլին:

Ծրագիրն օժանդակում է մի քանի բարեփոխումների, որոնք նպատակաուղղված են բնապահպանական օրենսդրության երաշխիքներին: Մասնավորապես, «Ընդերքի մասին» օրենսգրքի փոփոխությունները, որով այն համապատասխանեցվում է «Թափոնների մասին» օրենքին, կնվազեցնեն շրջակա միջավայրի վրա ընդերքօգտագործման գործունեության բացասական ազդեցությունները և կպահպանեն գյուղական վայրերի տնային տնտեսությունների կողմից տնօրինվող ռեսուրսները, որոնք հաճախ կախված են գյուղատնտեսական գործունությունից ստացվող եկամուտներից:

Այս գործառնությամբ շեշտադրվող մյուս ոլորտը գործարար միջավայրի բարելավումն է՝ «Սնանկության մասին» օրենքի փոփոխությունների ընդունմամբ, որով ավելի լավ հավասարակշռություն է սահմանվում վարկատուների և պարտապանների իրավունքների միջև: Գործառնությունն օժանդակում է նաև ֆինանսական ոլորտում թափանցիկության և հուսալիության բարձրացմանը՝ ընդունելով ֆինանսական հաստատությունների և խմբերի ապահովված իրավունքների բացահայտումն ապահովող ենթաօրենսդրական ակտեր:

«Նոր Օրենսգիրքը հարկային քաղաքականության բարեփոխման ուղղությամբ լուրջ առաջընթաց քայլ է, քանի որ այն միասնականացնում և ներդաշնակեցնում է նախկինում առանձին երկու խումբ հարկային օրենքները՝ դրանք միատեղելով միասնական օրենսգրքում: Օրենսգիրքը կնվազեցնի կանոնների կրկնորդման ռիսկը, առավել ևս՝ տարբեր հարկային օրենքների միջև անհամապատասխանությունները: Եկամտային հարկերի մակարդակն ու կառուցվածքը վերանայելով, հարկերից ազատման արտոնությունները և հարկային պակասուրդը նվազեցնելով, ակցիզային հարկի դրույքաչափերն ավելացնելով և անհատների ու խոշոր ընկերությունների եկամուտների հարկման շրջանակն ընդլայնելով՝ Օրենսգիրքը միջնաժամկետ հեռանկարում կհանգեցնի ավելի բարձր եկամուտների մոբիլիզացման»,- ասել է ծրագրի թիմի համաղեկավար Գոհար Գյուլումյանը:

Այս գործառնության օժանդակությամբ առանցքային ուղենիշերի թվում են՝ Հարկային միասնական օրենսգրքի ընդունումը, որը կարձագանքի հարկային համակարգի թերություններին և կընդլայնի աճը խթանող կապիտալ ներդրումների և սոցիալական ծախսերի համար հարկաբյուջետային տարածքը: Այն ներառում է եկամուտների ավելացման, հարկային համակարգի արդյունավետության, թափանցիկության և հավասարության բարելավման և հարկային վարչարարության ամրապնդման միջոցառումներ:

50 միլիոն ԱՄՆ դոլար ընդհանուր գումարով չորրորդ ԶՔՖ-ն հաստատուն սպրեդով ՎԶՄԲ վարկ է՝ 14.5 տարի արտոնյալ ժամկետով և 25 տարի մարման ժամկետով: 1992 թ. Համաշխարհային բանկին և 1993 թ. ՄԶԸ-ին անդամակցելուց ի վեր՝ Հայաստանի նկատմամբ ՄԶԸ-ի և ՎԶՄԲ-ի հանձնառությունների գումարը կազմել է 2.3 միլիարդ ԱՄՆ դոլար:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---