Աստվածաշնչի հայերեն տպագրության 350-ամյակը նշվել է Վիրահայոց թեմում

Աստվածաշնչի հայերեն տպագրության 350-ամյակը նշվել է Վիրահայոց թեմում

PanARMENIAN.Net - 2016-ի դեկտեմբերի 16-ին, Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի Գալուստ Գյուլբենկյան սրահում ոգեկոչվել է հայերեն տպագիր Աստվածաշնչի 350-ամյակը:

Միջոցառումը սկսվել է Թբիլիսիի սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցու երգչախմբի կատարմամբ «Տերունական» աղոթքով, ապա դահլիճ է բերվել Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի Կոնդակը՝ Աստվածաշնչի հայերեն տպագրության 350-ամյակի առիթով:

Կոնդակն ընթերցել է Վիրահայոց թեմի առաջնորդի օգնական հոգեշնորհ Տեր Խորեն վարդապետ Հովհաննիսյանը:

Ցուցադրվել է տեսաֆիլմ՝ նվիրված Ամստերդամում Ոսկան Երևանցու ազգանվեր գործունեությանը, որի արդյունքում 1666-ին 5 հազար օրինակ տպաքանակով առաջին անգամ հայերեն Աստվածաշունչ տպագրվեց:

Վիրահայոց թեմի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցու Մակար Եկմալյան (խմբավար Սվետլանա Տատոևա) երգչախմբի կատարմամբ հնչել են «Հայր մերը», «Հրաշափառ» «Վարանիմք», «Ով զարմանալի» և «Հրաշացան» շարականները, իսկ «Հայարտուն» կենտրոնի «Ներսես Շնորհալի» երգչախումբը (խմբավար Մարի Աբուլյան, դաշնակահար՝ Կարեն Միրզոյան) կատարել է Ներսես Շնորհալու «Նոր ծաղիկ», Մեսրոպ Մաշտոցի «Հայոց գրեր» և Ռաֆայել Պատկանյանի «Օրորոցային» երգերը:

Հանդիսության ընթացքում ցուցադրվել են 1733 թվականին Վենետիկում Մխիթար Սեբաստացի աբբահոր կողմից հայերեն Աստվածաշնչի վերահրատարակության, 1786 և 1842 թվականներին Տփխիսի, 1857 և 1895 թվականներին Կոստանդնուպոլսի և այլ տարիներին հրատարակված տպագիր օրինակները:

Միջոցառումն ավարտվել է առաջնորդ սրբազանի պահպանիչ աղոթքով:

Միջոցառմանը ներկա էին Վիրահայոց թեմի հոգևոր դասը, Վրաստանում ՀՀ դեսպանության դիվանագետներ, համայնքային կառույցների ղեկավարներ, թբիլիսահայ մտավորականներ, հասարակայնության ներկայացուցիչներ:Միջոցառման իրականացմանը մասնակցել էին թեմի հոգևոր դասը, «Հայարտուն» կենտրոնը, առաջնորդարանի պաշտոնեությունը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---