$140 մլն ՝ Որոտանի ՀԷԿ-երի վերանորոգմանը. Տարեկան 1,150 գՎտ/ժ էներգիայի արտադրություն է ակնկալվում

$140 մլն ՝ Որոտանի ՀԷԿ-երի վերանորոգմանը.  Տարեկան 1,150 գՎտ/ժ էներգիայի արտադրություն է ակնկալվում

PanARMENIAN.Net - Միջազգային ֆինանսական կորպորացիան (IFC), որը Համաշխարհային բանկի խմբի անդամ է, ներգրավել է 140 միլիոն ԱՄՆ դոլարի միջազգային ֆինանսավորման փաթեթ «Որոտանի ՀԷԿ-երի համալիրի»՝ երկրի խոշորագույն էներգարտադրող հաստատություններից մեկի համար։

Սա Հայաստանի էներգետիկ ոլորտի առաջին ամենախոշոր միջազգային պարտքային ֆինանսավորման փաթեթն է:

Ֆինանսավորումը կտրամադրվի «Կոնտուր Գլոբալ» միջազգային ընկերության դուստր կազմակերպություն հանդիսացող «Կոնտուր Գլոբալ հիդրո կասկադ» միջազգային էներգետիկական ընկերությանը, որը 2015-ին ձեռք է բերել «Որոտանի ՀԷԿ-երի համալիրը»։

Ֆինանսավորման փաթեթը ներառում է 45 միլիոն ԱՄՆ դոլարի չափով վարկ IFC-ի սեփական միջոցներից և դրան զուգահեռ՝ 65 միլիոն ԱՄՆ դոլարի վարկ Գերմանական զարգացման բանկից, ևս 30 միլիոն ԱՄՆ դոլար՝ Գերմանիայի ներդրումների և զարգացման կորպորացիայից։

Վարկային միջոցներով Կոնտուր Գլոբալը հնարավորություն կունենա վերանորոգել 404 ՄՎտ հզորություն ունեցող «Որոտանի ՀԷԿ-երի համալիրը», որի մի շարք մասեր գրեթե չորս տասնամյակի հնություն ունեն։

Դրա արդյունքում ակնկալվում է արտադրել տարեկան 1,150 գիգավատտ-ժամում էներգիա, ինչը կօգնի պայքարել կլիմայի փոփոխությունների դեմ, կանխելով տարեկան մոտավորապես 55,000 տոննա ջերմոցային գազերի արտանետումը, հայտնում է Միջազգային ֆինանսական կորպորացիան:

Ակնկալվում է, որ ֆինանսական օժանդակությամբ կխթանվի Հայաստանում էներգետիկ կայունությունը և լրացուցիչ 60.000 սպառողի կայուն կերպով մաքուր էներգիա կմատակարարվի։

IFC- ն տրամադրել է նաև տոկոսային սվոփ, որը «Կոնտուր Գլոբալ հիդրո կասկադ» ընկերությանը կօգնի հեջավորել ֆինանսական փաթեթի տոկոսային ռիսկը, պաշտպանելով այն տոկոսադրույքի տատանումներից։

«Որոտան հիդրոէլեկտրակայանների համալիրը» բաղկացած է երեք հիդրոէլեկտրակայաններից, որոնց բաժին է ընկնում Հայաստանի էլեկտրահամակարգի սահմանված հզորությունների շուրջ 15%-ը։ Համալիրի հզորության մեծացումն առանցքային նշանակություն ունի Հայաստանի համար, որի ընդհանուր էներգետիկ պահանջարկի մոտ 90 տոկոսը բավարարվում է ներմուծված վառելիքի հաշվին։

2015-ին IFC-ն ձեռք բերեց «Կոնտուր գլոբալ հիդրո կասկադ» ընկերության բաժնետոմսերի փոքր փաթեթը՝ ի աջակցություն կայացած միջազգային էներգետիկական մասնավոր ընկերության մուտքին Հայաստան և վերջինիս կողմից «Որոտանի ՀԷԿ-երի համալիրի» ձեռքբերմանը, գործարկմանը և վերականգնմանը նպաստելու նպատակով։

Հայաստանը IFC-ի անդամ է դարձել 1995-ին։ Այդ ժամանակից ի վեր, IFC-ի երկարաժամկետ ներդրումները կազմել են 480 միլիոն ԱՄՆ դոլար, որից մոտ 118 միլիոնը գոյացել է այլ վարկատուների միջոցներից։ Այդ գումարներով ֆինանսավորվել է մոտ 49 ծրագիր մի շարք ոլորտներում, որոնցից են ֆինանսական շուկաները, արտադրությունը, ագրոբիզնեսը, սպասարկումն ու հանքարդյունաբերությունը։

IFC-ն աջակցել է նաև ավելի քան 130 միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ առևտրային գործարքներին առևտրի ֆինանսավորման ծրագրի միջոցով, ինչպես նաև իրականացրել մասնավոր հատվածի զարգացմանն ուղղված խորհրդատվական ծրագրեր։ 2016 թ. ֆինանսական տարում IFC-ն աշխարհի զարգացող երկրներում ներդրել է մոտ 19 միլիարդ ԱՄՆ դոլար։

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---