Սերժ Թանկյանի կոչը սփյուռքահայերին՝ միանալ իրեն, հետևելու ՀՀ ԱԺ ընտրություններին (վիդեո)

Սերժ Թանկյանի կոչը սփյուռքահայերին՝ միանալ իրեն, հետևելու ՀՀ ԱԺ ընտրություններին

PanARMENIAN.Net - Հանրահռչակ ամերիկահայ ռոք երաժիշտ, System of a Down խմբի մենակատար Սերժ Թանկյանը կոչ է արել հայազգի դերասաններին ու ակտիվիստներին միանալ իրեն՝ օգնելու համար ԱԺ ընտրություններում իր դիտորդական առաքելությանը:

«Հորդորում եմ աշխարհասփյուռ հայ դերասաններին ու ակտիվիստներին միանալ ինձ՝ օգնելով դիտորդական առաքելություն իրականացնել ապրիլի սկզբին կայանալիք խորհրդարանական ընտրություններում՝ ապահովելու համար ընտրությունների թափանցիկությունը»,-գրել է Թանկյանն իր ֆեյսբուքյան էջում:

Նա նաև կոչ է արել ստորագրել «Արդարադատություն Հայաստանում» պահանջագիրը:

Ուղերձի տակ իրենց ստորագրություններն են դրել ինքը Թանկյանը, կանադահայ ռեժիսոր Ատոմ Էգոյանը, նրա կինը՝ հայտնի կանադահայ դերասանուհի Արսինե Խանջյանը և արվեստի այլ հայտնի հայազգի գործիչներ:

«Մենք` որպես Հայաստանում եւ Սփյուռքում բնակվող հայեր, հավաքականորեն հավատարիմ ենք Հայաստանում անհապաղ փոփոխություն և արդարություն հաստատելու գործին: Նկատի ունենալով 2016-ի գարնանը և ամռանը տեղի ունեցած ցնցումները և բողոքի ակցիաները, որոնք հանգեցրին մարդու և քաղաքացիական իրավունքների կոպիտ խախտումների` մենք ոչ ենք ասում համակարգված կոռուպցիային, դատական անհավասարությանը, ոստիկանության դաժանությանը, քաղաքական կողմնակալությանը», -ասվում է ուղերձում:

Ուղերձը կազմվել է սեպտեմբերի 21-ին՝ դրական բարեփոխումների իրականացման գործում Հայաստանի ժողովրդին աջակցելու հորդորով: Փաստաթուղթը ստորագրել են այնպիսի հայտնի հայազգի գործիչներ, ինչպիսիք են ամերիկահայ գրող Քրիս Բոհջալյանը, օպերային երգչուհի Հասմիկ Պապյանը, Reddit ընկերության ղեկավար Ալեքսիս Օհանյանը, ֆրանսահայ ռեժիսոր Սերժ Ավեդիքյանը և այլոք: Ուղերձը մինչ օրս ստորագրել է 4792 մարդ:

Ավելի վաղ «Աստեղային դիվանագիտություն։ Վերասահմանելով Հայաստանի նշանակությունը Սփյուռքում» խորագիրը կրող համաժողովում ունեցած ելույթում Թանկյանն ասել էր. «Մենք միավորվեցինք, երբ «Սասնա ծռերի» դեպքերն սկսվեցին Հայաստանում։ Մենք՝ որպես արվեստագետներ, մտահոգ էինք այդ իրադարձություններով։ Մենք մտահոգ էինք, որ երկրի ներքին անարդարությունների դեմ մարդկանց դժգոհությունն այն աստիճանի է հասել, որ խնդիր է, եթե մենք որևէ կերպ ներգրավվածություն չունենանք։ Բոլորս միակամ ենք, որ չլինի արյունահեղություն, չլինի ծայրահեղ արձագանք մեր փոքր, խոցելի երկրում, ուստի մենք միավորվել ենք և սկսել ենք սրա մասին մտածել։ եղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման կապակցությամբ մենք համերգ ունեցանք Հայաստանում։

Զարմանալի հույս, եռանդ, էներգիա տեսանք, Հայաստանի ապագան տեսանք մարդկանց դեմքերին։ Ես վստահ եմ, որ Հայաստանը պայծառ ապագա ունի, ես համոզված եմ, որ ապագայի առաջնորդները, ովքեր իմ դիմաց էին և ռոքի միջոցով արտահայտում էին իրենց հույզերը, հրաշալի առաջնորդներ են լինելու»

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---