Կոնգրեսական Շիֆը կոչ է արել ՀՀ-ին տրամադրել $40-ից ոչ պակաս տնտեսական օժանդակություն

Կոնգրեսական Շիֆը կոչ է արել ՀՀ-ին տրամադրել $40-ից ոչ պակաս տնտեսական օժանդակություն

PanARMENIAN.Net - Հայ-ամերիկյան հարաբերությունները հիմնված են մեր ընդհանուր հանձնառության վրա դեպի ազատությունն ու ժողովրդավարական արժեքները, ասում է ԱՄՆ-ի Կոնգրեսի անդամ Ադամ Շիֆը Ներկայացուցիչների պալատի արտաքին հատկացումների ենթահանձնաժողովին տրամադրած իր գրավոր հայտարարության մեջ:

Կոնգրեսականը անդրադարձել է Հայաստանին ու Ղարաբաղին տրամադրվող օգնությանը և ընդգծել, որ ամերիկյան օգնությունը կարևոր դեր ունի Հայաստանի անկախության ամրապնդման հարցում: Նա կոչ է արել հանձնաժողովին Հայաստանին տրամադրել 40 միլիոն ԱՄՆ դոլարից ոչ պակաս տնտեսական օժանդակություն, ինչպես նաև կարևորել Հայաստանին տրամադրվող ռազմական օգնությունը, որը աջակցում է Հայաստանի կարողությանը խաղաղապահ առաքելություններ իրականացնելու հարցում և նպաստում ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունների զարգացմանը:

Կոնգրեսականն ընդգծել է, որ աջակցում է Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքը և մտահոգություն հայտնել Ադրբեջանի ռազմատենչ քաղաքականության վերաբերյալ՝ առաջարկելով ղարաբաղյան հակամարտության գոտում հստակ քայլեր ձեռնարկել հետագա արյունահեղության կանխման համար.

«Ես խնդրել եմ ենթահանձնաժողովին աջակցել շփման գծում մոնիտորինգային տեխնոլոգիաների տեղակայմանը: Դրանք կարծում եմ, կարող են կանխել ադրբեջանական սադրանքները, որոնք հեշտությամբ կարող են հրահրել ավելի մեծ բախումներ»,- հայտարարել է կոնգրեսական Շիֆը, հաղորդում է Ամերիկայի Ձայնը:

Իր հայտարարության տեքստում նա կոչ է արել ենթահանձնաժողովին աջակցել կոնգրեսականներ Ռոյսի ու Էնգելի առաջարկած խաղաղության ծրագիրը, դադարեցնել Ադրբեջանին տրամադրվող ռազմական աջակցությունը և շարունակել ու ընդլայնել Լեռնային Ղարաբաղում մարդասիրական ծրագրերն ականազերծման, հաշմանդամներին աջակցության տրամադրման և ջրամատակարարման ոլորտներում:

Շիֆը նաև ողջունել է Հայաստանի կողմից Մերձավոր Արևելքի փախստականներին ապաստան տրամադրելու փաստը և հանձնաժողովին առաջարկել փաստաթղթում ընդգրկել այս առիթով համապատասխան դրույթ.

«Ես խնդրել եմ ենթահանձնաժողովին օժանդակել Հայաստանին որպես տարածաշրջանային գործընկեր, որը մասնակցում է խաղաղապահ առաքելություններին աշխարհի տարբեր մասերում և ընդունել է Սիրիայից ու Իրաքից հազարավոր փախստականներ»,- ասել է Շիֆը:

Ամերիկահայ կազմակերպությունները ողջունել են կոնգրեսական Շիֆի ելույթը: Հայ դատի հանձնախմբից Արամ Համբարյանը նշել է, որ հանձնախումբը կշարունակի ջանքեր գործադրել հայ-ամերիկյան համագործակցության ամրապնդման և ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ, իսկ Ամերիկայի հայկական համագումարից Բրայան Արդունին ընդգծել է համագումարի պատրաստակամությունը` շարունակելու աշխատանքները հայ-ամերիկյան օրակարգն առաջ տանելու համար:

ԱՄՆ Կոնգրեսում հայկական հարցերով զբաղվող հանձնախումբը գործադրելու է բոլոր ջանքերը, որպեսզի ԱՄՆ-ը ակտիվ տնտեսական հարաբերություններ ունենա Հայաստանի հետ` այդպիսով նվազեցնելով նաև տնտեսական ու քաղաքական կախվածությունը Ռուսաստանից։ Այս մասին 2017-ի փետրվարին հայտարարել է կոնգրեսական Ադամ Շիֆը՝ խոսելով ԱՄՆ-ի ներկա վարչակազմի վարած ներքին և արտաքին քաղաքականության մասին, ներկայացնելով տարբեր հարցերի վերաբերյալ հնարավոր ազդեցությունը Հայաստանի վրա:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---