ՀՀ ապագա խորհրդարանը ՀՀԿ 55 պատգամավորական մանդատ կունենա, «Ծառուկյան» դաշինքից՝ 30, ԵԼՔ-ից՝ 9

ՀՀ ապագա խորհրդարանը ՀՀԿ  55  պատգամավորական մանդատ կունենա,  «Ծառուկյան» դաշինքից՝ 30, ԵԼՔ-ից՝ 9

PanARMENIAN.Net - Հանրապետական կուսակցությունն ապրիլի 2-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքներով 6-րդ գումարման Ազգային ժողովում կունենա 55 պատգամավորական տեղ, տեղեկացրել է ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը:

Նրա խոսքով, Հանրապետական կուսակցությունը, նաև հաշվի առնելով ազգային փոքրամասնություններին մանդատի բաշխման ընթացակարգը, կստանա 58 պատգամավորական տեղ: Բաշխման արդյունքում, սակայն ՀՀԿ-ն կունենա 55 պատգամավորական տեղ:

«55-ից 28-ը կստանան կուսակցության համապետական ցուցակի 1-ից 28 համարների թեկնածուները, իսկ 27 տեղերը կբաշխվեն ռեյտինգային թեկնածուների միջև», - ներկայացրել է Թովմասյանը, գրում է Aysor.am-ը:

Ինչ վերաբերում է ռեյտինգային թեկնածուների միջև պատգամավորական տեղերի բաշխմանը, ապա, Թովմասյանի խոսքով, թիվ 1 և թիվ 2 ընտրատարածքներից ՀՀԿ-ն կունենա երկու պատգամավոր, թիվ 3 ընտրատարածքից ՀՀԿ-ն կունենա 3 պատգամավոր, 2 ընտրատարածքից կունենան մեկական պատգամավոր, երեք ընտրատարածքից՝ 3 պատգամավոր, իսկ մյուսներից՝ երկուական պատգամավոր:

Անդրադառնալով խորհրդարան անցած մյուս ուժերին, նա ասել է, որ «Ծառուկյան» դաշինքը կստանա 30 պատգամավորական տեղ, 9 պատգամավորական տեղ կստանա ԵԼՔ դաշինքը և 8 պատգամավորական տեղ կստանա Հ. Յ. Դաշնակցություն կուսակցությունը:

«Խորհրդարանում, այս դեպքում, պատգամավորների քանակը կլինի 105, այսինքն՝ այն, ինչ նախատեսված է ի սկզբանե: Ընտրական օրենսգրքով նախատեսված է նվազագույնը 101 և 4 ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ», - պարզաբանել է Թովմասյանը:

Ապրիլի 9-ին Կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում կկայացնի, կամփոփի ընտրությունների արդյունքները և խորհրդարանի վերջնական պատկերը կձևավորվի:

ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ապրիլի 3-ի կեսօրին հրավիրած նիստում ամփոփել է նախորդ օրը կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքները՝ մշակված բոլոր՝ 2009 ընտրատեղամասերից ստացված արդյունքների հիման վրա: Հայաստանի Հանրապետական կուսակցությունը ստացել է 770.718 քվե կամ ընտրողների ձայների 49.15%-ը, «Ծառուկյան դաշինքը»՝ 428.892 քվե կամ 27.35%-ը: ԵԼՔ դաշինքը ստացել է 121.997 քվե կամ ընտրողների ձայների 7.78%-ը, ՀՅԴ-ն՝ 103.173 քվե կամ 6.57%-ը, «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցությունը՝ 103.148 կամ 6.58%-ը:

«Հայկական վերածնունդ» կուսակցությունը ստացել է 58.274 քվե կամ 3.72%, «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը՝ 32.487 քվե կամ 2.07%, «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքը՝ 25.973 քվե կամ 1.66%, «Ազատ դեմոկրատները»՝ 14.740 քվե կամ 0.94%, Հայաստանի կոմունիստական կուսակցությունը՝ 11.742 քվե կամ 0.75%: Ընտրություններին մասնակցել 1.577.323 ընտրող կամ ընտրողների 60.93%-ը:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---