// IP Marketing video - START// IP Marketing video - END

Բնական աղետների ռիսկերը կզսպվեն նորագույն համակարգերի միջոցով

Բնական աղետների ռիսկերը կզսպվեն նորագույն համակարգերի միջոցով

PanARMENIAN.Net - ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի և «Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմ» (ԱՌՆԱՊ) հիմնադրամի միջև եռակողմ հուշագիր է ստորագրվել, որով կողմերն ամրագրում են իրենց մտադրությունը՝ համատեղ ուժերով մեղմելու Հայաստանում գյուղատնտեսական հատվածում առկա կարկտահարության հետևանքները:

Իրականացվող ծրագրի շրջանակում ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի կողմից կարկտապաշտպան ցանցերի ձեռքբերման համար ֆերմերներին կտրամադրվեն մինչև 7 տարի ժամկետով ՀՀ դրամով նպատակային վարկեր՝ սկսած 12.5% տարեկան տոկոսադրույքից: Իր հերթին ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի կողմից ֆերմերներին անհրաժեշտ կարկտապաշտպան ցանցերի 20%-ը կտրամադրվի որպես դրամաշնորհային ներդրում:

Նախագծի ընթացքում ԱՌՆԱՊ հիմնադրամի կողմից ֆերմերներին կտրամադրվի խորհրդատվություն կարկտապաշտպան համակարգերի պահպանման, օգտագործման և խնամքի վերաբերյալ, կիրականացվի չափագրման, ցանցերի ամրացման կոնստրուկցիաների տրամադրման և ցանցերի տեղադրման գործընթացը:

«Ծրագրի կարևորագույն նպատակներից է Հայաստանում ձևավորել և զարգացնել ֆերմերային տնտեսությունները, բնական աղետներից պաշտպանել նորագույն համակարգերի կիրառման մշակույթը: Բանկը հիմնադրման օրվանից ֆերմերների կողքին է, նրանց գլխավոր աջակիցներից է: Չնայած այն հանգամանքին, որ բանկը շահույթ ակնկալող կազմակերպություն է, մենք մեր հաճախորդներին միայն ֆինանսական միջոցներ չէ, որ տրամադրել ենք: Քսան տարիների ընթացքում մեր գործընկերներին փոխանցելով կուտակված գիտելիքներն ու հմտությունները՝ միշտ եղել ենք նորարարությունների, միջազգային լավագույն փորձի կիրառման նախաձեռնողներից»,- իր խոսքում նշել է ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանը:

«ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը կարևորում է մասնավոր հատվածի հետ համագործակցությունը, որը նոր խթան կհանդիսանա կլիմայական ռիսկերի նվազեցման այլընտրանքային մոտեցումների տարածման համար: Այս համագործակցության շրջանակում ՄԱԶԾ-ի կողմից արդեն իսկ ներկրվել են իտալական ցանցեր, որոնք ունեն առնվազն 12 տարվա երաշխիք և բարձր արդյունավետություն»,- ասել է Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցչի տեղակալ Դմիտրի Մարիասինը:

Նա նաև ավելացրել է, որ ստորագրված հուշագիրն ուղղված է կարկտապաշտպան ցանցերի արդյունավետության վերաբերյալ տվյալների հավաքագրմանն ու փաստաթղթավորմանը, որը կներկայացվի ՀՀ կառավարությանը:

«Ստեղծված լինելով ՀՀ կառավարության կողմից որպես Հայաստանում աղետների ռիսկի նվազեցման բազմաճյուղ մեխանիզմների կայացմանն օժանդակող կառույց՝ մենք խիստ կարևորում ենք այս համագործակցությունը, քանի որ այն, բացի նրանից, որ անմիջական օժանդակություն է ապահովում հայ ֆերմերին և նպաստում է ռիսկերի նվազեցման այլընտրանքային մոտեցումների տարածմանը, նաև ցուցադրում է աղետների ռիսկի նվազեցման գործընթացում տարբեր կառույցների միջև համագործակցության արդյունավետությունն ու անհրաժեշտությունը՝ հերթական անգամ ընդգծելով, որ ռիսկերի նվազեցումը չի կարող լինել մեկ կառույցի խնդիր կամ մենաշնորհ»,- նշել է ԱՌՆԱՊ հիմնադրամի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արա Բարսեղյանը:

Գյուղատնտեսությանը, հատկապես խաղողագործությանը, պտղաբուծությանը և բանջարաբուծությանն ամենամեծ վնասը հասցնում է կարկուտը: Հետազոտությունները ցույց են տվել, որ Հայաստանում կարկտահարության հետևանքով ոչնչանում է արտադրվող գյուղատնտեսության բուսաբուծական արտադրանքի մոտ 4-5%-ը, որը գնահատվում է տարեկան մոտ 16-20 մլրդ դրամ: Հայաստանի 10 մարզից յոթը գտնվում են կարկտահարման վտանգի գոտում:

Խաղողի այգիների համար տրամադրվող ցանցի մեկ քառակուսի մետրն արժե 182 դրամ, իսկ մյուս պտղատու այգիների համար նախատեսված ցանցերը՝ 227 դրամ: Կարկտապաշտպան ցանցերը գրեթե 100 տոկոսով պաշտպանում են ծառերն ու վազերը կարկտահարության և քամիների բացասական ազդեցություններից, ինչպես նաև թռչուններից և խոշոր միջատներից` ծաղկման և պտուղների հասունացման շրջանում:

 Ուշագրավ
Նախատեսված է ներմուծման փոխարինում, արտահանման ծավալների ավելացում
Արդյունաբերական արտադրանքի ծավալը 2017-ի առաջին հինգ ամսում աճել է 14.4%-ով
ՀՀ կառավարությունը հունիսի 1-ի նիստի ընթացքում պատրաստվում է ընդունել «Օֆշորային գոտիների (երկրների) ցանկը» սահմանելու մասին որոշումը:
Հետագա 10 տարիներին հանքարդյունահանման ընացքում կստեղծվի 700 մշտական աշխատատեղ