Ստամբուլից Երևան է տեղափոխվում Եվրասիական ֆոնդային բորսաների ֆեդերացիայի գլխամասը

Ստամբուլից Երևան է տեղափոխվում Եվրասիական ֆոնդային բորսաների ֆեդերացիայի գլխամասը

PanARMENIAN.Net - Մայիսի 16-ին Թեհրան քաղաքում Եվրասիական ֆոնդային բորսաների ֆեդերացիայի (ԵՖԲՖ, FEAS) գլխավոր ասամբլեայի արտահերթ նիստին գլխավոր ասամբլեան որոշում է կայացրել ֆեդերացիայի գլխամասային գրասենյակը Ստամբուլից Երևան տեղափոխելու վերաբերյալ:

Ստանալով գլխավոր ասամբլեայի «կողմ» ձայների գերակշիռ մասը և առանց որևէ «դեմ» ձայնի՝ Հայաստանը դարձել է ԵՖԲՖ գլխամասային գրասենյակը ներկայացնող երկիր:

1995թ.-ից՝ ֆեդերացիայի հիմանդրման պահից ի վեր ֆեդերացիայի գլխամասային գրասենյակը գործում էր Ստամբուլում:

Ֆեդերացիայի գլխավոր քարտուղար է ընտրվել «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի» գլխավոր տնօրեն Կոնստանտին Սարոյանը: Վերջինիս թեկանածությունը հաստատվել է գլխավոր ասամբլեայի ձայների մեծամասնությամբ, որին սատարել է գործադիր խորհուրդը:

«Ստանձնելով ֆեդերացիայի ադմինիստրատիվ կառավարումը՝ մենք Եվրասիական ֆոնդային բորսաների ֆեդերացիայի գործունեության նոր, բեկումնային դարաշրջանի սկիզբ ենք դնում: Մշտապես լինելով արևելյան և արևմտյան մշակույթների խաչաձևման կենտրոնում՝ Հայաստանը կնպաստի ֆեդերացիայի շրջանակներում գործող տարբեր քաղաքատնտեսական գաղափարախոսությունների փոխներգործությանը՝ նպաստելով ֆեդերացիայի զագացմանն ու հետագա աճին»,- ասել է Սարոյանը:

Հայաստանը (Երևանի ֆոնդային բորսան, հետագայում «Հայաստանի ֆոդային բորսա» ԲԲԸ, իսկ այնուհետև «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» ԲԲԸ) եղել է Եվրասիական ֆոնդային բորսաների ասոցիացիայի 12 հիմնադիր բորսաների թվում: 2016թ.-ի նոյեմբերից ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիան հանդիսանում է նաև ԵՖԲՖ գործադիր խորհրդի անդամ:

Եվրասիական ֆոնդային բորսաների ասոցիացիան ստեղծվել է 1995 թ. մայիսի 15-ին՝ 12 հիմնադիր բորսաների կողմից: Հիմնադիր բորսաներն են եղել՝ Ամմանի ֆոնդային բորսան, Բրատիսլավայի ֆոնդային բորսան, Կենտոնական Ասիայի ֆոնդային բորսան (Ղազախստան), Բուլաղարիայի առաջին ֆոնդային բորսան, Ստամբուլի ֆոնդային բորսան, Կարաչի Ֆոնդային բորսան, Լյուբլյանայի Ֆոնդային բորսան, Պետական ապրանքահումքային բորսան (Թուրքմենստան), Թեհրանի ֆոնդային բորսա, Թել Ավիվ ֆոնդային բորսան, Երևանի ֆոնդային բորսան և Զագրեբի ֆոնդային բորսան:

Ասոցիացիայի նպատակն է աջակցել Եվրասիական տարածաշրջանի (Եվրոպա, Ասիա, միջերկրածովյան գոտի) կապիտալի շուկաների զարգացմանը, ինչպես նաև խթանել համագործակցությունը դրանց միջև: Ներկայումս ասոցիացիան ունի ավելի քան 40 անդամ, որոնց թվում են ֆոնդային բորսաներ, հետառևտրային ֆինանսական հաստատություններ, դիլերների ասոցիացիաներ և ռեգիոնալ ֆեդերացիաներ ավելի քան 30 երկրներից:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---