«Արմենիան» դեկտեմբերին աննախադեպ զեղչերով չվերթեր կիրականացնի

«Արմենիան» դեկտեմբերին աննախադեպ զեղչերով չվերթեր կիրականացնի

PanARMENIAN.Net - «Արմենիա» ավիաընկերությունը դեկտեմբերին աննախադեպ զեղչերով չվերթեր կիրականացնի Երևան-Թել Ավիվ և Երևան-Բեյրութ ու հակառակ ուղղություններով: Այդ մասին լրագրողներին է հայտնել ավիաընկերության գլխավոր տնօրեն Ռոբերտ Օգանեսյանը:

Ըստ նրա` դեկտեմբերին Երևան-Թել Ավիվ-Երևան երկկողմանի չվերթը կարժենա 220 դոլար, իսկ դեկտեմբերի 30-ին և 31-ին` ընդամենը 175 դոլար: Օգանեսյանի խոսքով՝ դեպի Իսրայել չվերթի մեկնարկից հետո բազմաթիվ զբոսաշրջիկներ են սկսել այցելել Իսրայել: Քիչ չի եղել նաև Իսրայելից Հայաստան ժամանածների թիվը, գրում է Yerkir.am-ը:

Օգանեսյանը տեղեկացրել է, որ այս քայլով իրենք նպատակ ունեն շահագրգռելու Իսրայելից Հայաստան եկող զբոսաշրջիկներին, որպեսզի նրանք կարողանան հնարավորինս մատչելի գներով այցելել Հայաստան և Ամանորն անցկացնել մեր երկրում: «Բացի այդ` բանակցել ենք որոշ հյուրանոցների հետ, որպեսզի մեր չվերթով Հայաստան ժամանած հյուրերին որոշակի արտոնություններ տան»,- ասել է նա:

Օգանեսյանը տեղեկացրել է, որ ավիաընկերությունը դեկտեմբերի 18-ից կվերսկսի չվերթերը Երևան Բեյրութ-Երևան ուղղությամբ: Այս ուղղությամբ ավիատոմսը կարժենա 99 եվրո:

Իսկ դեկտեմբերի 15-ին ավիաընկերությունը նախատեսում է վերսկսել նաև դեպի Իրաք չվերթերը, որոնք, վերջին իրադարձությունների հետ կապված, դադարեցվել էին: «Անվտանգության նկատառումներից ելնելով` դադարեցրել էինք դեպի Բաղդադ չվերթերը, սակայն ներկայումս այնտեղ իրավիճակը հանգիստ է, և մարդիկ կարող են հանգիստ մեկնել Բաղդադ»,- ասել է Օգանեսյանը:

Ավիաընկերությունն անակնկալ է պատրաստել նաև իր մշտական ուղևորների համար: «Կան ուղևորներ, ովքեր 20-30 անգամ օգտվել են մեր ավիաընկերության ծառայություններից, հավելյալ զեղչեր կստանան»,- ասել էավիաընկերության գլխավոր տնօրենը:

Դեկտեմբերին ավիաընկերությունը կիրականացնի նաև մեկ չարթերային չվերթ` Երևան-Հռոմ ուղղությամբ:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---